5-րդը մեկնարկել է :) Սեպտեմբերի 9-ին հինգերորդ անգամ մեկնարկել է Երեւանյան երաժշտական միջազգային փառատոնը: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն այն նվիրում է Հայաստանի Հանրապետության 20-ամյակին եւ նվագախմբի 85-ամյա հոբելյանին: “Արամ Խաչատրյան” համերգասրահում կայացած բացման համերգի ծրագիրը խորհրդանշական էր. հնչել են Երվանդ Երկանյանի “Հերոսական” ռապսոդիան՝ նվիրված Անկախության 20-րդ տարեդարձին եւ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան: Երեւանյան երաժշտական փառատոնի մեկնարկային տոնական համերգին ելույթ են ունեցել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, եւ Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը`գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ: Տասը համերգից բաղկացած փառատոնի շրջանակներում Երեւան կժամանի եւ համերգներին կմասնակցի համաշխարհային դասական երաժշտության ավելի քան տասնհինգ հանրահայտ ներկայացուցիչ աշխարհի տարբեր երկրներից՝ հայ հանդիսատեսի համար կատարելու Մոցարտի, Բեթհովենի, Պրոկոֆեւի, Շումանի, Բրամսի, Ստրավինսկու ստեղծագործություններից: Ի դեպ, Երեւանյան փառատոնի շրջանակներում երաժիշտները կներկայացնեն ինչպես սիմֆոնիկ, այնպես էլ կամերային երաժշտություն: Բացի դրանից, տեղի կունենան վարպետության դասեր հայ երիտասարդ երաժիշտների համար, որոնք կվարեն փառատոնի համարյա բոլոր հյուրերը: Երեւանյան երաժշտական միջազգային 5-րդ փառատոնը կուղեկցվի նաեւ լուսանկարչական ցուցահանդեսով: Հանդիսատեսին կներկայացվի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գործունեությունը ներկայացնող լուսանկարների նոր շարքը, կցուցադրվեն նաեւ հայ դասական երաժշտության մեծանուն գործիչների արխիվային լուսանկարները, որոնց հեղինակը Վահան Քոչարն է: Լուսանկարները կցուցադրվեն “Արամ Խաչատրյան” դահլիճի նախասրահում: Փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են էդուարդ Թոփչյանը եւ Ալեքսանդր Չաուշյանը: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: