Ռեժիսոր, թատերական մանկավարժ, Երեւանի մշակույթի պատվավոր գործիչ Դավիթ Հարությունյանը հայտնել է, որ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պատանի հանդիսատեսի թատրոնում լուծարվել է ռեժիսորի հաստիքը եւ իր ստեղծագործական գործունեությունն այդ թատրոնում համարվում է ավարտված։
Նա նշել է, որ քաղաքապետն այդ որոշումը կայացրել է «ցածրիկ էշելոններում խլվլացող, «բարձր թատերական գիտելիքների ու ճաշակի տեր» չինովնիկների հուշումով»:
Ռեժիսորը հիշել է իր ներկայացումներից մի քանիսը, որոնք տարիներ շարունակ կրթել ու դաստիարակել են տասնյակ հազարավոր դպրոցականների եւ երիտասարդների։
«Անհերքելի պատմություն եւ անջնջելի փաստեր են իմ հեղինակած մի շարք ներկայացումները՝ իրականացված ինչպես Երեւանի ՊՀԹ-ում, այնպես էլ մայրաքաղաքի, հանրապետության ու սփյուռքի այլ թատրոններում (Գ. Սունդուկյանի անվ. թատրոն, Մետրո թատրոն, Հալեպի հայկական թատրոն, Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի թատրոն, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվ. դրամատիկական թատրոն, Գորիսի Վ. Վաղարշյանի անվ. դրամատիկական թատրոն), նաեւ թատերականացված միջոցառումներն ու անտրեպրիզային ներկայացումները։
Անդրադառնամ ընդամենը իմ մի քանի աշխատանքի, որոնք ազգային թատերական որոնումների ծնունդ են՝ 17 տարի հանդիսատեսին ուղեկցող Վ. Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը», Րաֆֆու «Խենթը», Երեւանի 2800-ամյակին նվիրված Էմմա Րաֆֆիի (Մարիամ Մանուկյան) «Իուարշայի սուրը», 2017 թ. Գ. Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական թատրոնում բեմադրած «Արծվաբույն» հերոսապատումը (պիեսի հեղինակ՝ Հրաչ Բեգլարյան), համաշխարհային դասական դրամատուրգիայի հանրահայտ ստեղծագործություններից մեկի` Թ. Ուիլյամսի «Կատուն շիկացած տանիքին» պիեսի յուրովի մոտեցմամբ արված բեմադրությունը եւ մի շարք այլ ներկայացումներ»,- գրել է նա:
Դավիթ Հարությունյանը 2017-ից 2020 թվականներին եղել է Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավարը, «Արտավազդ» համահայկական թատերական մրցանակի դափնեկիր է:


×
134







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: