×


Էվելինա Շահիրյան

Էվելինա Շահիրյան

70-ամյակը` երիտասարդության ավարտ եւ հասունության սկիզբ : ) Վարդուհի /«Սեր եւ ծիծաղ»/, Գերտրուդ /«Համլետ»/, Վալենտին Ռենո /«Ուղեւորն առանց ծանրոցի»/, Մադլեն /«Չաո»/, Կին /«Անվերջ վերադարձ»/, Ջուլիա /«Մամա Միա»/, Ադելա /«Ցիանակալիում... կաթով կամ առանց կաթի»/, Էլեանոր Դյուրով /«Վճարովի պատրանք»/ եւ շատ այլ կերպարներ, որոնց մասին լսելով` յուրաքանչյուր թատերասեր հիշում է այն դերասանուհուն, ով իր յուրովի խաղով կերտել է դրանք ու կենդանություն տվել: Էվելինա Շահիրյանի 70-ամյակը` երիտասարդության ավարտ եւ հասունության սկիզբ:) ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանը օրերս Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոն էր հրավիրել իր հանդիսատեսին` եւս մեկ անգամ վայելելու «Մսյո Ամիլկար» պիեսի հիման վրա ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի  բեմադրած «Վճարովի պատրանք» տրագիկոմեդիան: Ներկայացումն ու դրան հաջորդած միջոցառումը հոբելյանական էր` նվիրված Էվելինա Շահիրյանի 70-ամյակին: 1941 թվականին ծնված, «Հայֆիլմ» կինոստուդիայի դերասանական բաժինն ավարտած դերասանուհին 1960-ականներին մտավ  հանդիսատեսի սիրտը: Հեռուստատեսությամբ ներկայացված «Սոխակներն են երգում» բեմադրության մեջ հանդես եկող դերասանուհին իր Ինգա կերպարով, որպես բարության խորհրդանիշ, հաստատեց, որ 16-17 տարեկան հասակում էլ պետք է խաղալ նման դերեր, հիմնել անկեղծության եւ ճշմարտության թատրոն: Էվելինա Շահիրյանը պարգեւատրվել է  ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով Արդեն 70-ամյա դերասանուհին իրեն երիտասարդ է զգում, եւ ինչպես փաստում են երեկոյի հյուրերն ու իր խաղընկերները` 70-ամյակը նրա երիտասարդության ավարտն է եւ հասունության սկիզբը: Հոբելյանական երեկոյի ժամանակ «Վճարովի պատրանք» ներկայացումից հետո  դերասանուհին մի շարք շնորհավորանքների, խոստովանությունների ու հաճոյախոսությունների արժանացավ, որոնցից անպակաս էին ծաղկեփնջերը, հուշանվերներն ու ծափերը, ինչն արտիստի լավագույն մրցանակն է:): Հայ թատերարվեստում ունեցած երկարամյա վաստակի, ինչպես նաեւ ծննդյան 70-ամյակի առթիվ  Էվելինա Շահիրյանին պարգեւատրեցին ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:  Մեդալը հանձնեց նախարարության ներկայացուցիչ Վարդան Գրիգորյանը` կասկած չունենալով, որ դերասանուհին շուտով արժանանալու է ժողովրդական արտիստի կոչմանը: Հատված «Վճարովի պատրանք»  ներկայացումից Էվելինա Շահիրյանը ոսկե մեդալ ստացավ նաեւ Հայաստանի թատերական գործիչների միության կողմից, որը հանձնեց միության նախագահ Հակոբ Ղազանչյանը. «Այն խաղը, որը ես տեսել եմ դեռ իմ պատանեկության տարիներին, մինչ օրս դրոշմված է իմ հիշողության մեջ եւ կմնա ինձ հետ մինչ կյանքիս վերջ: Ես այսօր բեմում տեսնում եմ նույն գեղեցկուհուն, անսահման բարի այն անձնավորությանը, ով խաղալուց բացի, դեռ շարունակում է թատրոն հաճախել. ցավոք, այսօր քիչ են այն դերասաններն, ովքեր ներկայացում նայելու են գնում: Կասկած չունեմ, որ Էվելինայի գեղեցկությունը, երիտասարդությունն ու դերասանական եռանդը դեռ երկար է ուղեկցելու նրան, հիացնելու մեզ»: Էվելինա Շահիրյանն արժանացավ նաեւ Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Զինվոր» կոչմանը: «Ես պետք է խոստովանություն անեմ:  Ես 2 անգամ  ներկայացումների մեջ սիրահարված եմ եղել Էվելինային. բոլորս էլ սիրում ու սիրահարված ենք նրան, նրա դերասանական խաղին ու տաղանդին»,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը: Արա Գեւորգյանն Էվելինա Շահինյանի 70-ամյակին նվիրված միջոցառմանը Հոբելյարին շնորհավորեցին նաեւ արտերկրից` հեռագրի եւ ձայնային հաղորդագրության միջոցով: «Բարի երեկո, իմ շատ, շատ, շատ սիրելի մամ ջան...»,-ասվում էր Էվելինա Շահիրյանի թոռան`հեռուստահաղորդավար Արման Մարգարյանի` Մոսկվայից ուղարկված ձայնային հաղորդագրության մեջ:  Տատիկին շնորհավորելով` Արմանը  նրան դիմում էր  իրեն հարազատ ոճով` հիշելով նաեւ հեռուստատեսությունում իր սկսած ուղին ու դրանում տատիկի, ում նաեւ մայրիկ է անվանել,  ունեցած մեծ դերն ու ճիշտ ուղղորդելը. «Ես հպարտ եմ ու երջանիկ, որ Էվելինա Շահիրյանի թոռն եմ»: Դերասանուհուն մեկ առ մեկ շնորհավորեց  նաեւ հարազատ թատրոնի անձնակազմը` յուրաքանչյուրը մեկ վարդ նվիրելով Երեւանի  Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադիրներից մեկին, զինվորին ու սիրելի դերասանուհուն:): “Իմ ողջ կյանքում անմնացորդ սիրով  սիրահարված եմ եղել դրամատիկական թատրոնին”. Էվելինա Շահիրյան «Ես էլ եմ ուզում խոստովանություն անել. ես իմ ողջ կյանքում անմնացորդ սիրով  սիրահարված եմ եղել դրամատիկական թատրոնին: Ինչ էլ որ խոսվի իմ 40-ամյա աշխատանքի մասին, չեմ կարող չհիշել այն անունները, որոնց հետ կապված է դրամատիկական թատրոնն ու իմ խաղը: Մարդն ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ հիշողություն ունի. մենք չպետք է մոռանանք նրանց»,-ասաց Էվելինա Շահիրյանն ու իր շնորհակալական խոսքը հայտնեց երեկոյի կազմակերպիչներին, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանին, դրամատիկական թատրոնի ողջ անձնակազմին, իր հանդիսատեսին ու խաղընկերներին: BRAVO.am-ը եւս միանում է շնորհավորանքներին:): Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/ Լուսանկարները`Աղվան Խաչատրյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport