Երգահանից գողացել են Կարեն Գրիգորյանի հեղինակային “Emotions” ձայնասկավառակում զետեղված երգերը “Armenian Music Center”-ի պաշտոնական կայքում կարող եք գնել 0.99 ցենտով: Բայց եթե ապօրինի ճանապարհով համացանցում հայտնված նույն երգերը անվճար բեռնելուց ձեր խիղճը չի տանջում, փնտրեք այն ադրբեջանական, վրացական ու հայկական կայքերը, որոնք խախտել են հեղինակային եւ մտավոր սեփականության իրավունքը: Ի դեպ, երգահանի խոսքերով, ադրբեջանական կայքերում իրեն ադրբեջանցի են դարձրել: “Անունս ադրբեջանցու անունով է փոխարինված, ներկայացված եմ որպես ադրբեջանցի կոմպոզիտոր, ձայնասկավառակը ադրբեջանական փոփ-երաժշտություն անվանակարգի տակ է, միայն CD-ի անվանումն են նույնը թողել: Վրացական կայքերում ներկայացված է ճիշտ ձեւով, բայց ոչ մի հայերեն բառ չկա”,- ասաց Կարեն Գրիգորյանը: Երգահանը ոչինչ չի կարող անել ադրբեջանական հատվածում իրավիճակը շտկելու համար, Բաքու մեկնել էլ չի պատրաստվում. “Մեր երկրի լավագույն իրավաբանները երեկ խորհրդակցելով` եկան այն մտքին, որ ոչինչ հնարավոր չէ անել, քանի դեռ դիվանագիտական հարաբերություններ չունենք Ադրբեջանի հետ: Ու եթե ես այդքան համարձակ եմ, կարող եմ մեկնել Բաքու եւ դատավարություն սկսել: Ինչը, բնականաբար, չեմ անի` հաշվի առնելով շատ-շատ պատճառներ”: Այնուամենայնիվ, խնդրի վերաբերյալ լռելը Կարեն Գրիգորյանը շատ սխալ է համարում եւ նոյեմբերի 24-ին թեմայի շուրջ իր մտահոգությունները հայտնեց լրագրողներին: Ասուլիսին զուտ հյուրի կարգավիճակով ներկա էին երգչուհիներ Արեւիկ Ալավերդյանը, Ջուսը, Նելլին: Կատարվածը հանցագործություն է Ադրբեջանական, վրացական եւ տեղական կայքերի կողմից հեղինակային եւ մտավոր սեփականության իրավունքի կոպիտ խախտման դեպքերի եւ դրանց դեմ պայքարի միջոցների կամ դրանց բացակայության մասին իրենց կարծիքը հայտնեց հեղինակների գույքային իրավունքները պաշտպանող “Հայհեղինակ” Հ/Կ-ի ներկայացուցիչ Կարինե Պետրոսյանը: “Հեղինակները օրենսդրորեն պաշտպանված են: Բայց այս դեպքը շատ բարդ է. երեք սուբյեկտների իրավունքներ են խախտվել` երգերի հեղինակի, կատարողների եւ արտադրողի: Հայաստանում չունենք հարակից իրավունքներով զբաղվող կազմակերպություն, այսինքն` ձայնագրող ստուդիան ինքը պետք է զբաղվի իր խախտված իրավունքների վերականգնմամբ, ով ձայնասկավառակի իրավատերն է: Կատարվածն արդեն հանցագործություն է եւ իրավապահ մարմինների գործը”,- ասաց Կարինե Պետրոսյանը: Տեղեկատվական հասարակության փորձագետ, ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի փոխնախագահ Արամ Ոսկանյանը կարծում է` հարցը որոշակիորեն կլուծի Հայաստանում բացակայող մեդիագրագիտությունը. “Կարելի է օգտագործել եվրոպական երկրների, մասնավորապես` ԵՄ-ի փորձը”: Կարեն Գրիգորյանը “դաս կտա՞” Կարեն Գրիգորյանը նշեց, որ հայկական կայքերի գծով պայքարը շարունակելու է. “Գոնե Հայաստանի կտրվածքով հաջողության կհասնենք: Չեմ ուզում կոպիտ խոսել, բայց պետք է դաս տալ:Կարծում եմ` մինչեւ տարեվերջ կմաքրեմ ինտերնետային տիրույթում սխալ ներկայացված ձայնասկավառակը, որովհետեւ իրոք շատ-շատ սխալ բաներ կան: Նախ` խախտված է ձայնասկավառակի երգերի տրամաբանական հերթականությունը, դուետների դեպքում գրված է մի երգչի անունը, վերնագրերն են սխալ: Քայլեր ձեռնարկում ենք. նամակներ գրվեցին այդ կայքերին, որպեսզի անմիջապես մաքրվեն էջերը: Մենք բավական գումարներ ենք ծախսում, ձայնասկավառակ թողարկում, արդյունքում ոչ մի գումար չենք կարողանում վաստակել”,- ասաց երգահանը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: