Երգչուհու “Հոգին”` շատ թանկ մարդու համար:)
Հռիփսիմե Հակոբյանը առաջնեկին “Հոգիս” է անվանել. “Հոգուս պարունակությունը ներկայացնող ձայնասկավառակիս ամենահամապատասխան անվանումն է”:
Երգչուհու առաջին CD-ի շնորհանդեսը կայացավ դեկտեմբերի 2-ին “Star City” խանութ-սրահում, առաջին հյուրերից էր երգչուհի Ժաննան, ով ուրիշների հետ մի քիչ երկար սպասեց երեկոյի “մեղավորի” ժամանմանը:):
“Հոգու” մեջ 15 երգ է զետեղված, Հռիփսիմե Հակոբյանի երեք տարվա աշխատանքը. “Նոր երգեր կան, որ երբեւիցե չեն հնչել` “Վերջակետ”, “Կես խոսքից”: Ի դեպ, վերջինը հատուկ Վարդուհի Վարդանյանի համար է գրված եղել: Համագործակցել եմ շատերի հետ` Արման Ղազարյան, Արսեն Գրիգորյան, Վահրամ Պետրոսյան, Ռիչարդ Մադլենյան, Մանե Հակոբյան, Արթուր Գրիգորյանից էլ երգ ունեմ”:
Ալբոմի անվանումը երգչուհու համանուն երգի հետ է կապված: ““Հոգիս” շատ մեծ հաջողություն ունեցավ”,- նշեց Հռիփսիմե Հակոբյանն ու հավելեց, որ վերոնշյալ բառը հաճախ չի ասում. “Քիչ է պետք օգտագործել ու շատ թանկ մարդու հոգիս ասել”:
“Սիրում եմ իր արվեստն էլ, իրեն էլ”. Մարտին Մկրտչյան
Մարտին Մկրտչյանն առաջիններից էր, որ ձեռք բերեց Հռիփսիմե Հակոբյանի “Հոգին”:). “Չսպասեցի, որ նվիրի: Ես առնում եմ, որովհետեւ իմ ձեռքը խերով է:): Իսկ յուրաքանչյուր երգչին CD-ի վաճառքը ուրախացնում է: Դա նշանակում է` հանրությունը լսում ու սիրում է”: Երգչի ավտոմեքենայում հաճախ կհնչեն Հռիփսիմեի երգերը. “Շատ եմ սիրում իր արվեստն էլ, իրեն էլ”: Ի դեպ, “Հոգու” երկու ստեղծագործություն Հռիփսիմեի ու Մարտինի դուետներն են:
Bravo.am-ը Մարտին Մկրտչյանից հետաքրքրվեց` արդյո՞ք իր ներկայությունն ու ջերմ վերաբերմունքը երգչուհուն փաստում են վերջինների սիրավեպի մասին խոսակցությունները: “Երբեք այդ հարցին չեմ պատասխանել ու չեմ պատասխանի: Երբ իրականում գա այդ պահը կամ օրը, երկուսս էլ այդ հարցի պատասխանը կտանք: Մենք շատ լավ ընկերներ ենք այս կյանքում, հենց ինչ-որ մի բան լինի, բոլորը պարտադիր կիմանան”,- ասաց նա:
Հռիփսիմեին “Հոգու” կապակցությամբ շնորհավորելու էին եկել Արմինկան, Նարեկ Բավեյանը, Արսեն Գրիգորյանը, Աննա Խաչատրյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Վահրամ Պետրոսյանը, դերասան, հաղորդավար, երգիչ Արսեն Գրիգորյանը, Layana-ն, Ռազմիկ Ամյանը եւ էլի շատ հյուրեր:
Հռիփսիմեն Արմինկային համոզել է
Արմինկան, ինչպես նշեց, ներկայում ժամանակ չունի ու չգիտի` ինչու է խուսափում մարդաշատ վայրերից, բայց Հռիփսիմե Հակոբյանի ու իր հարաբերությունները շատ առանձնահատուկ են. “Նա իմ մտերիմն է, որպես երգչուհի էլ եմ արժեւորում իր աշխատանքը: Ինքս շատ երկար եմ սպասել այս ձայնասկավառակին: Այնքան բազմաժանր երգչուհի է. շատ լավ ջազային կատարումներ ունի, սոուլ ոճում էլ է հանդես գալիս: Ամեն դեպքում հոգով է երգում ու իր երգերով ինձ համոզում է”:
Արմինկան Bravo.am-ին ասաց, որ իր ձայնասկավառակը լույս կտեսնի հավանաբար երկու ամսից. “Ինչքան էլ ուզում էի 2010-ին թողարկել, բայց չհասցրի”: Երգչուհին Ամանորին Երեւանում չի լինի. “Հյուրախաղերով Թեհրան եմ մեկնելու: Հետո, եթե ամեն ինչ իմ պլանավորածով ընթանա, որդուս հետ մի տաք, ծովափնյա երկիր կգնանք հանգստանալու”:
Վահրամ Պետրոսյանի գրած “Ոչ հետո, ոչ հիմա”-ն Հռիփսիմեին հաջողություն բերած երգերից է: Երգահանը դեռ չէր հասցրել ալբոմը նայել. “Բայց ինձ թվում է` CD-ում մոտ 6-7 երգ իմ գրածներն են լինելու: Ինչքան ժամանակ որ Հռիփսիմեն կամ ես ճանաչված ենք, այդ ամբողջ ընթացքում համագործակցել ենք”:
Լիլիթ Հովհաննիսյանի բջջայինում Հռիփսիմեի երգերից էլ կան
“Ինքը այն երգչուհիներից է, ում երգերը լսելուց ես փշաքաղվում եմ: Ձայնի տեմբրն եմ շատ-շատ սիրում, յուրահատուկ ձայն ունի, որ միանգամից գերում է, համենայն դեպս` ինձ”,- ասաց Լիլիթ Հովհաննիսյանը ու հավելեց. “Հռիփսիմեի ու Մարտինի “Դու եւ ես” երգը բջջայինիս մեջ կա ու ամեն օր, երբ հինգ րոպե հայելու դեմն եմ լինում, այդ ստեղծագործությունն եմ լսում”:
Լիլիթ Հովհաննիսյանի CD-ն էլ 2011-ին լույս կտեսնի. “Ճիշտն ասած` չեմ կարեւորում ձայնասկավառակը: Թողարկելու եմ միայն նրա համար, որ նվիրեմ”: Երգչուհու “Ոչ, ոչ” երգի տեսահոլովակը, իր խոսքերով, տանը դրած է. “Մնում է որոշեմ` երբ եթե տալ”: Ի դեպ, շուտով կնշվի նրա ամենաչսիրած տոնը:). “Ուղղակի դեպրեսիայի մեջ եմ ընկնում, որ հիշում եմ` պետք է Ամանորը գա: Չգիտեմ` ոնց կնշեմ, ինչ կանեմ, բայց երազում եմ ամեն Նոր տարուն ինչ-որ վայրում լինել, ուր այդ տոնը չեն նշում, չգիտեմ` նման տեղ կգտնվի, համենայն դեպս չեմ սիրում` ոնց են Հայաստանում նշում: Բամբաներկա նվիրելու վիճակները անտանելի են”:
Քնարիկը գաղտնիք բացեց :)
“4 տարբերակ” խմբի երգչուհիներից, նաեւ դերասանուհի Քնարիկ Զաքարյանը Հռիփսիմե Հակոբյանին Երգի պետական թատրոնից է ճանաչում: “Մի գաղտնիք բացեմ. շատ հաճախ, երբ դեռ Հռիփսիմե Հակոբյանը որպես երգչուհի Հռիփսիմե Հակոբյան կայացած չէր, երբեմն հուսահատվում էր, որովհետեւ մեր այս ճանապարհը շատ փշոտ է: Մենք շատ երկար հեռախոսային զրույցներ էինք ունենում եւ ես միշտ իրեն ասում էի` դու այն երգչուհին ես, որը իրավունք չունի չերգելու”:
Աննա Խաչատրյանն էլ է հետեւել երգարվեստում Հռիփսիմեի առաջին քայլերին. “Նա Վարդուհի Վարդանյանի աշակերտուհին էր, իսկ Վարդուհին իմ շատ մտերիմ ընկերուհին: Տարբերվում է բոլորից, երգեր ունի, որ շատ-շատ եմ սիրում, որոշները այդքան չեմ սիրում, բայց սիրում եմ նրա ձայնի տեմբրը: Ընդհանրապես, հզոր ձայների սիրահար եմ:)”,- ասաց երգչուհին ու Հռիփսիմե Հակոբյանին մի քիչ խոչընդոտներով ստեղծագործական ուղղի մաղթեց. “Հակառակը, այնուամենայնիվ, հետաքրքիր չի”:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: