Վահան Արծրունու եւ Հասմիկ Բաղդասարյանի ձայնասկավառակը գինով օծվեց :) Նարեկացի արվեստի կենտրոնն օրերս Վահան Արծրունու եւ Հասմիկ Բաղդասարյանի հետ ներկայացրել է “Մաշտոց. սրբազան մարգարիտներ” ձայնասկավառակը` նվիրված մեսրոպյան գրերի գյուտի եւ Սուրբ գրքի հայերեն թարգմանության 1600, ինչպես նաեւ Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-րդ տարելիցին: Վահան Արծրունու մեկնությամբ եւ Հասմիկ Բաղդասարյանի կատարմամբ ձայնասկավառակը Նարեկացի արվեստի միության թվով 5-րդ հրատարակությունն է, 3-րդ նմանօրինակ համագործակցությունը Վահան Արծրունու եւ 2-րդը`Հասմիկ Բաղդասարյանի հետ: Ձայնասկավառակն իր մեջ ընդգրկում է Մաշտոցից մեզ հասած 11 շարական, որոնք Վահան Արծրունին ներկայացնում է հեղինակային մեկնությամբ: Խախտելով երաժշտության ձայնագրման ստանդարտ ընթացակարգը` շարականները նախ ձայնագրվել, ապա դարձել են հետագա վերամշակման փաստացի աղբյուր: Ստանդարտներից դուրս էր նաեւ ձայնասկավառակի շնորհանդեսը. այն հանդիսատեսին ներկայացվեց տեսաֆիլմի միջոցով, որտեղ 11 շարականները համադրված էին հայկական լեռնաշխարհի մի քանի տասնյակից ավելի նկարներով: Ձայնասկավառակում ընդգրկված է շարականների նոտագրությամբ գրքույկը: Կազմի դիզայնը պատկանում է Վահան Արծրունուն: “Մաշտոցի շարականների մեկնությամբ ձայնասկավառակի գաղափարը վաղուց ունեի, Նարեկացի արվեստի միության եւ Հասմիկի օգնությամբ այն իրականացավ, իսկ տեսաֆիլմի հարցում մեզ օգնեց լուսանկարիչ Հակոբ Հովհաննիսյանն իր` տարիների ընթացքում կուտակած խոսուն լուսանկարներով, որոնց հիման վրա պատրաստվեց տեսաշարը: Այս շարականները մինչ օրս չեն ձայնագրվել կամ նոտագրվել”,- ասել է Վահան Արծրունին: Կատարված աշխատանքին իր բարձր գնահատականը տվեց Տեր Վահրամ քահանան, իսկ Նարեկացի արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանն առաջարկեց ձայնասկավառակի մեկ օրինակը գինով օծել, ինչի համար իր օրինակը “զոհաբերեց” Վահան Արծրունու կինը:): “Մաշտոց. սրբազան մարգարիտներ”-ը գինով օծելուց հետո ներկաները կրկին ստանդարտներից դուրս հյուրասիրության սեղանի շուրջ վայելեցին գինին` լավաշով ու պանրով: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: