Ֆիլմի պրեմիերան կայացավ
Ուղիղ 9-ը ամիս առաջ սկսվեցին ռեժիսոր Լեւոն Դադասյանի` ''Նրանց քաղաքը'' ֆիլմի նկարահանման աշխատանքները: 9-ը ամիս անց` մայիսի 20-ին, ուղիղ ժամը 19:30-ին “Մոսկվա” կինոթատրոնում ծնվեց առաջնեկը:): Երիտասարդ թիմ, սկսնակ դերասաններ, արդյունքում` պսիխոդելիկ ժանրին մոտ մի ֆիլմ, որը, սցենարի հեղինակ Գարիկ Աթոյանի խոսքերով, կարելի է դիտել սիրած անձնավորության հետ` կինոթատրոնի վերջին շարքում նստելով ու համբուրվելով:): Ի դեպ, ֆիլմի մասին հոդվածում համբուրվելը եւս արգելված չէ:):
Ֆիլմի սցենարի գաղափարը Տոմա Մինասյանինն է: Մասնագիտությամբ հոգեբան Տոման զանգահարում է նկարիչ ու պրոդյուսեր Գարիկ Աթոյանին ու ցույց տալիս այն, ինչ գրել է: Հետո նրանց է միանում երիտասարդ ռեժիսոր, համատեղությամբ` հին ընկեր Լեւոն Դադասյանն ու որոշվում է, որ նկարահանվելու է մի ֆիլմ` ոչ թե լայն էկրաններին ցուցադրվելու, այլ մրցույթներին մասնակցելու համար: Բայց արի ու տես, ֆիլմը կինոթատրոնի մեծ էկրանին է:
''Նրանց քաղաքը'', այսինքն` իմ, քո, նրա, մեր, ձեր, բոլորիս քաղաքը. այնպես որ ֆիլմը բոլորիս մասին է ու յուրաքանչյուրս մեզ կարող ենք գտնել ֆիլմի հերոսներում:
Ռեժիսորի խոսքերով, սա եվրոպական եւ ամերիկյան ֆիլմերի խառնուրդ է, որտեղ շեշտը հիմնականում հենց մարդու վրա է դրվում: Կարճ-կարճ տեսարաններ, որոնք հանդիսատեսին մեկ վայրից մյուսն են արագ տեղափոխում: Ռեժիսորի ստացած անմիջականության էֆեկտը ստիպում է կորցնել ժամանակի զգացումը ու մի պահ թվում է, թե ֆիլմը լիամետրաժ է: Իրականում ֆիլմի տեւողությունը 40 րոպե է :):
“Նրանց քաղաք”-ի գլխավոր դերասանները պրոֆեսիոնալներ չեն` այլ մասնագիտություններ ունեն: Գլխավոր հերոսուհուն` Աննային մարմնավորող Սվետլանա Վիրաբյանը մասնագիտությամբ իրավաբան է, բայց արվեստի չափաբաժինը նրա մեջ այնքան շատ էր, որ օրերից մեկ օր ընդունվեց Գեղեցիկ արվեստների ակադեմիայի դիզայնի բաժին: Հենց այնտեղ նրան առաջարկեցին մասնակցել “Էրեբունի-Երեւան” տոնակատարությունների շրջանակներում անցկացվող հագուստի ցուցադրությանը, որտեղ էլ ծանոթացավ ֆիլմի ռեժիսոր Լեւոն Դադասյանի հետ: Սվետլանան ու իր հերոսուհին շատ նմանություններ ունեն. առօրյայում իր հերոսուհու նման Սվետլանան շփվող է, ընկերասեր, էմոցիոնալ, ոճային: Սվետլանայի համար ֆիլմում ամենադժվար պահը լացելու կադրերն էին:): Ի դեպ, ռեժիսոր Լեւոն Դադասյանը հավաստիացրեց, որ ֆիլմի ընթացքում թափված բոլոր արցունքներն իրական էին:):
Գլխավոր հերոսին` Էդգարին մարմնավորող դերասանը` Դավիթ Խանաղյանը, մասնագիտությամբ լրագրող է: Նրա համար նույնպես սա դերասանական առաջին փորձն է, բայց որպես լրագրող` իր համար տեսախցիկների եւ օպերատորների աշխարհը հոգեհարազատ է: Նա եւս խոստովանում է, որ իր հերոսը նման է իրեն: Նկարահանող խմբի անդամները ընկերներն են, այնպես որ Դավիթ Խանաղյանի հետ համագործակցությունը ''ծանոթի'' միջոցով է ստացվել:):
Ֆիլմում մյուս դերերը մարմնավորել են Հրանտ Ավետիսյանը, Մարգարիտա Հակոբյանը, Լյուսի Գրիգորյանը, Կարեն Ասլանյանն ու Կարեն Աղաջանյանը: Ի դեպ, դուք համբուրվելու հնարավորություն ունեք. ֆիլմը դեռեւս կինոթատրոնի էկրանին է :):
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: