Արմինկայի եւ Լուսինեի «ընտանեկան» բիզնեսը :) Երեկ Սարյան փողոցում հավաքվել էին հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, դիզայներներ, հաղորդավարներ եւ երգիչներ, այդ թվում` Սյուզան Մարգարյանը, Սոֆի Մխեյանը, Զարուհի Բաբայանը, Արսեն Գրիգորյանը, Գոհար Գասպարյանը, Ֆաինա Հարությունյանը, ինչպես նաեւ գեղեցիկը սիրող բազմաթիվ մարդիկ: Տանտիրոջ կարգավիճակում էին Արմինե եւ Լուսինե Նահապետյանները: Առիթը քույրերի հիմնած “Arminka Beauty Studio”-ի բացումն էր: Մոտ երկու ամիս գործող գեղեցկության սրահի բացումը քույրերն որոշել էին անել նոյեմբերի 4-ին, քանի որ այդ օրն ուրախանալու եւս մեկ առիթ ունեին` Լուսինեի ծննդյան օրն էր: Հավաքվածները կենդանի երաժշտության ուղեկցությամբ օգտվում էին հյուրասիրության սեղանից, շնորհավորում քույրերին սկսած գործի համար, իսկ Լուսինեին` նաեւ ծննդյան օրվա առթիվ: Bravo.am-ի հետ զրույցում վարսահարդար-ոճաբան Լուսինե Նահապետյանն ասաց, որ ստուդիոյի գաղափարն իրենն է եղել, բայց, ինչպես հայերին հայտնի ֆիլմում է ասվում, «ես որ ասում եմ ես, ուրեմն Արուսը հետս է», նա էլ Արմինկային իր հետ հաշվեց այս գործում: :) Սրահի դիզայնով զբաղվել է Լուսինեն. «Դիզայնի մասին մտածել եմ եւ որպես հաճախորդ, թե ինչպիսի վայրում կցանկանայի ինձ սպասարկեն, եւ որպես վարսահարդար` որտեղ կցանկանամ աշխատել»: Սրահում աշխատում են մարդիկ, ովքեր տարիների փորձ ունեն իրենց բնագավառում, մշտական հաճախորդներ, ովքեր նրանց հետ շրջել են տարբեր գեղեցկության սրահներում. «Սա մի ընտանիք է, որը վերջապես համախմբվեց, ունեցավ իր անկյունը, որի գնահատականը պետք է տան մեր այցելուները»,- ասում է Լուսինեն: “Arminka” անվան մասին խոսելով` մեր զրուցակիցը հերքում է Երեւանում գործող համանուն գեղեցկության սրահի` Արմինկայինը լինելու «փաստը». «Շատերին թվում է` դա քույրիկինս է, բայց նման բան չկա: Ես ուրախ եմ, որ օգտագործվում է այդ անունը, բայց դրա հետ մենք կապ չունենք, իսկ մեր ստուդիոն «Արմինկա» անվանեցինք, քանի որ ես շատ էի ուզում, որ այն քույրիկիս անունով լինի:)»: Արմինկա. «Պահը վաղուց հասունացել էր, որ քույրս իր գեղեցկության սրահն ունենա» Արմինկան ասում է, որ այս գործում իր դերակատարումը շատ քիչ է եղել, որի համար ժամանակն է խոչընդոտ հանդիսացել: «Մենք երկար ժամանակ ցանկություն ունեինք բացել մեր սեփական սրահը, քանի որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ քույրս այս գործում լավագույններից է: Ամեն ինչով նա է զբաղվել: Այստեղ ամեն ինչ Լուսինեի ֆանտազիայի եւ ճաշակի արդյունք է: Նա իր շուրջն է հավաքել իր ամենասիրելի եւ ամենաառաջատար այն փոքրիկ թիմը, որն արդեն 10 տարի իր հետ է»: Արմինկան ասում է, որ քույրը շատ լավ է հասկանում այս բիզնեսից, իսկ ինքը փորձում է սովորել, որ քրոջ բացակայության ընթացքում օգնի նրան: «Այստեղ կհամատեղվեն հաճելին եւ օգտակարը» Քույրերն ասում են, որ սրահի այցելուները ոչ միայն կստանան իրենց անհրաժեշտ սպասարկումը, այլեւ կկարողանան հանգստանալ, ինչի համար մեծ դեր կունենա սրահի կահավորանքն ու ձեւավորումը: «Ես ուզում էի, որ ամեն ինչ ճեփ-ճերմակ լինի, բայց հետո որոշեցինք, որ դրա հետ նաեւ պոստեռ լինի, որը Լուսինեն է ընտրել»,- ասաց Արմինկան, իսկ սրահում տեղադրված ճերմակ դաշնամուրի մասին հավելեց. «Սա ինձ համար շատ թանկ դաշնամուր է, որը ծնողներս են գնել, երբ ես դեռ դպրոցական էի: Երբ տեսա սրահի վերջնական տեսքը, զգացի, որ երաժշտական գործիքն է պակասում, ու այն տեղափոխեցինք այստեղ»: Արմինկան ստուդիոն անվանում է նաեւ “full service”, որտեղ մատուցվում են ծառայություններ տղամարդկանց եւ կանանց համար: Իսկ Լուսինեն, ով, չնայած տնօրեն լինելուն, աշխատում է նաեւ իր մասնագիտությամբ, ասում է, որ իրենք միակ կենտրոնն են հանդիսանում Հայաստանում ու Անդրկովկասում, որ բրազիլական ձեւով 4-6 ամսվա ընթացքում, միայն բնական եղանակով կատարում եմ մազերի ուղղում: Սրահում կա եւս մեկ նորություն. շեյ-լաք կոչվածը, որը բնական եղունգների համար օգտագործվող հատուկ քսուկ է, մեկ ամիս ապահովում է լաքի երկար դիմացկունությունն ու եղունգների ամրությունը: Լուսինեն մատչելի է համարում սրահի ծառայությունները. «Անգամ շատ մատչելի քաղաքի այլ սրահների համեմատ : )»: Կարծիքներ “Arminka beauty studio”-ի մասին Դիզայներ Ֆաինա Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շատ է հավանել ստուդիոյի ինտերիերն ու ձեւավորումը, այն շատ վառ ու լուսավոր անվանեց, իսկ Զարուհի Բաբայանը նշեց, որ շատ ուրախ է իր ընկերների համար. «Սա կդառնա նրանց երկրորդ տունը, շնորհավորում եմ եւ չեմ կասկածում լավ որակի համար»: Bravo.am-ը եւս շնորհավորում է Լուսինեին ծննդյան առթիվ, իսկ քույրերին` սկսած գործում հաջողություն մաղթում: :) Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: