×


Նարե Հայկազյանի վերադարձը կինո եւ այլ փաստեր Ելենա Արշակյանի «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմի մասին

Ռեժիսոր Ելենա Արշակյանը որոշել է կինոյի լեզվով բարձրաձայնել սեռով պայմանավորված հղիության ընդհատումների խնդիրը։ Սցենարը դեռ 2021 թվականին գրել է Անահիտ Մխիթարյանը: «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմը մեծ էկրան կբարձրանա աշնանը։

«Ցավալի է, որ այս թեման արդիական է, եւ աղջիկ ծնվելը դեռ մարտահրավեր է։ Ուրախ եմ, որ Նիդերլանդների դեսպանատնից առաջարկ ստացանք՝ այս թեմայի շուրջ ֆիլմ նկարահանելու, որի հիմնական ու գլխավոր ուղերձը մեկն է՝ սեռը դատավճիռ չէ։ Ես աղջիկ երեխայի մայր եմ ու երջանիկ եմ։ Մենք շատ ենք ցանկանում, որ մեր ասելիքը հասնի դիտողին, եւ հուսով եմ՝ կյանքեր կփրկվեն»,- նշեց Ելենա Արշակյանը։


Ֆիլմում նկարահանվել են Անահիտ Մանուկյանը, Արմեն Էլբակյանը, Էմմա Սապունջյանը, Հարութ Արշակյանը, Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, Սոֆյա Պողոսյանը, Անահիտ Մսրյանը եւ այլք։


Դերասան Արմեն Էլբակյանը կարեւորեց ֆիլմի թեման. «Սելեկտիվ աբորտների խնդիրն ամբողջ աշխարհում է, սակայն հատկապես մեզ համար է կարեւոր, քանի որ փոքրաթիվ ազգ ենք։ Հաճախ հայրերն ուզում են, որ առաջնեկը տղա լինի, բայց չէ՞ որ արդեն ձեւավորված երեխայի հանդեպ եք գործում այդ քայլը: Նա առաքելություն եւ անելիք ունի այս աշխարհում»։

Ֆիլմն առանձնահատուկ նշանակություն ունի ամերիկաբնակ դերասանուհի Նարե Հայկազյանի համար, քանի որ երկար տարիների դադարից հետո վերադարձել է նկարահանման հրապարակ: Նա մարմնավորում է դերասանուհի Մետաքսյայի կերպարը։


«Առաջարկն անսպասելի էր ինձ համար, բայց սիրով ընդունեցի։ Երբ հանդիպեցինք, ու ծանոթացա թեմային, միանգամից հասկացա, որ իմն է: Ուրախ եմ, որ ռեժիսորը հենց ինձ է տեսել այս դերում։ Հրաժարվել Աստծո պարգեւից՝ չկարողանալով գնալ դեպի ինքդ քեզ... Ցավոտ, բայց ուժ տվող թեմա է։ Իմ եւ կերպարի կյանքում որոշ նմանություններ կան, բայց նա որոշումներ է ընդունում, որոնք ես իրականում չէի կարողանա: Այս առումով վերապրումներ եմ ունենում, եւ այս դերն ինձ համար որոշակիորեն խոստովանանք է։ Մարդկությանը պետք է հիշեցնել, որ չդիմեն նման քայլի»,- անկեղծացավ դերասանուհին՝ հավելելով, որ ինքն անփույթ բարի է, իսկ կերպարը՝ խստապահանջ։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW