“Ամենուրեք փնտրի՛ր բարին ու հենց հայտնաբերես, հանիր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից”. Վիլյամ Սարոյանի պիեսի մոտիվներով “Համազգային” թատրոնում 18 տարի անց վերաբեմադրվել է “Մի գավաթ բարություն”-ը:
“Մի գավաթ բարության” պրեմիերային
Ներկայացման բեմադրիչը “Համազգային” թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Սարգսյանն է, նկարիչը՝ Գրետա Նալչաջյանը, երաժշտական ձեւավորողը Մարտին Վարդազարյանն է:
Ներկայացման փակ դիտումը տեղի է ունեցել դեկտեմբերին, իսկ պրեմիերան երեկ էր՝ փետրվարի 3-ին: Նոր կազմում խաղում են Մխիթար Ավետիսյանը, Տաթեւ Ղազարյանը, Նարեկ Բաղդասարյանը, Նարինե Գրիգորյանը, Դավիթ Հակոբյանը, Արման Նավասարդյանը եւ Սերգեյ Թովմասյանը:
Մխիթար Ավետիսյանը Ջոուն Վեբսթերին՝ գլխավոր հերոսին մարմնավորելիս սկզբում մտավախություն է ունեցել. “Տարիքով մարդուն մարմնավորելը սկզբում դժվար էր, վախ կար` 35 տարեկանը 60 տարեկանին կկարողա արդյո՞ք բեմից ճիշտ ներկայացնել, մանավանդ ինձնից առաջ Կարեն Ջանիբեկյանն է խաղացել: Բայց պետք է հավատաս գործիդ, պետք է չվախենաս, ռեժիսորի պահանջը որպես դերասան իրականացնես: Սարոյանին ներկայացնելու խնդիրը կա. նա վեհ է խոսում, պարզ է խոսում, հպարտ է խոսում…”
Տաթեւ Ղազարյանն ու Վիգեն Ստեփանյանը
Մխիթարի կարծիքով՝ ներկայացման ասելիքն ուղղված է բոլորին. “Եթերները վխտում են ստով, մարդասպանությամբ ու աղբով: Հիմա թատրոնում էլ ձգտում են շոու անել, նոր “տրյուկներ” հորինել, որ զարմացնեն: Բայց հույզերը բացակայում են, այստեղ կան այդ անկեղծ հույզերը”:
Ջոուն Վեբսթերի աղջկա՝ Ագնեսի դերակատար Տաթեւ Ղազարյանը Սոս Սարգսյանի հետ աշխատելը մեծ պատիվ է համարում. “Զարմանալիորեն, նա խիստ չէ մեզ հետ, ազատ է թողնում դերասանին: Նրա հետ շփվելն արդեն երջանկություն է: Ես նայել եմ այս ներկայացումը, իմ դերը խաղում էր Աննա Էլբակյանը, այդ պատճառով կրկնակի պատասխանատվություն էր, թեեւ փորձել ենք մերը բերել, նորովի ու թարմ մատուցել”:
“Հանդիսատեսի ռեակցիան զգում եմ թե՛ հուզմունքի, ծիծաղի, թե՛ ծափերի տեսքով: Շատ հաճելի է մարդկանց ապրումները բեմից զգալ: Ինչպես Սոս Սարգսյանն է ասում՝ մեզ մի քիչ բարություն է պակասում, գուցե այս բեմադրությամբ գավաթի մեջ մեկ կաթիլ մենք ավելացնենք”, - նշել է Տաթեւ Ղազարյանը:
“Մի գավաթ բարության” պրեմիերային
Նարինե Գրիգորյանը եւս իրենից տարիքով մեծ կնոջ դերում է. “Դերասանուհիները ձգտում են երիտասարդ դերեր խաղալ` մտածելով, որ դեռ կլինի հնարավորություն խաղալու հասուն տարիքով կանանց, բայց չեմ խուսափում ոչ մեծ տարիքից, ոչ էլ երկրորդական դերից”:
“Մի գավաթ բարություն” 2 գործողությամբ լիրիկական կատակերգությունը թատրոնի խաղացանկում է. փետրվարի 4-ին, 5-ին, 25-ին կարող ես դիտել այն:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Միքայել Պետրոսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: