×


«Ճերմակ շապիկ»-ի պրեմիերան. երբ մեկ իրադարձություն փոխում է ամբողջ կյանքը

Երբեմն վատ իրադարձությունները կարող են չափազանց շրջադարձային դառնալ եւ օգնել կյանքին բոլորովին այլ կողմից նայել: Այդպես է տեղի ունենում «Ճերմակ շապիկ» ֆիլմի գլխավոր հերոս Մարկ Ստեփանյանի (Թելման Խաչատրյան) հետ, որի մասնակցությամբ ավտովթարն ու կոմայում հայտնված մարդը փոխում են նրա կյանքի սովորական ընթացքն ու ամեն ինչ տակնուվրա անում: 

Որդուն բանտից ազատելու համար մեծահարուստ հայրը՝ Վահրամ Սահակյանը (Բաբկեն Չոբանյան) նրան հոգեբուժարան է ուղարկում: Առաջին հայացքից փրկություն թվացող որոշումը ճակատագրական է դառնում Մարկի համար, եւ ճերմակ շապիկն օգնում է նրան վերաարժեւորել իրեն ու կյանքին բոլորովին նոր տեսանկյունից նայել: Նա վերջապես կարողանում դուրս գալ երես առած ու հարուստ կյանքով ապրող տղայի կերպարից, հասունանալ եւ սովորել իր վրա պատասխանատվություն վերցնել: 


Մարկը չէր էլ կարող պատկերացնել, որ հոգեբուժարանում Սալլիի հետ հանդիպումն այդքան ճակատագրական է դառնալու ու փոխելու է առաջին հերթին իրեն: «Ճերմակ շապիկ»-ը գտնելու ու կորցնելու, նոր իմաստի որոնումների ու կյանքի ընթացքը փոխելու մասին է: Իհարկե, այդ ճանապարհին ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանալու. լինելու են ցավոտ կորուստներ ու անկումներ, սակայն կարեւորն այն է, թե ինչ են դրանից քաղելու հերոսները:

Թելման Խաչատրյանը Պետրոս Հովհաննիսյանի հետ աշխատելու փորձ արդեն ունեցել է. նկարահանվել է նրա «84-ի ամառը» ֆիլմում ու ծանոթ է ռեժիսորի գեղագիտությանն ու մտածողությանը: Համարում է, որ այս անգամ էլ միասին լավ են համագործակցել ու հետաքրքիր ֆիլմ ստեղծել:


«Այս պահին դեռ բարդ է ասել, թե ֆիլմն ինձ ինչ տվեց, որովհետեւ անցում ես մի պրոցեսով, որի արդյունքը երկար ժամանակ չես տեսնում: Թեեւ ընթացքը ընկալում ու ամբողջությամբ վայելում ես, բայց ֆիլմի վերջնական արդյունքը տեսնելուց հետո միայն կհասկանամ, թե այն ինչ փորձառություն էր իմ կյանքում»,- խոստովանել է նա: 

Խաչատրյանն ընդգծել է, որ ֆիլմի ստեղծմանը մասնակցել են լավագույն մասնագետներն ու ներգրավել են ամենալավ տեխնիկան. «Ֆիլմն անսամբլային աշխատանք է, եւ միայն մեկ հոգու կատարած աշխատանքով չես կարող գնահատել վերջնական արդյունքը: Իսկապես դժվար է քո կատարած գործի մասին ինչ-որ բան ասել, նաեւ շատ պատասխանատու է: Պարզապես հաճելի կլիներ, որ մարդիկ դիտեն ֆիլմն ու հասկանան՝ արդյոք մեզ նման գործեր պե՞տք են»: 


Մերի Քոչարյանը գեղարվեստական ֆիլմում իր նորամուտն է կատարել, ու առաջին իսկ դերը բավական բարդ է եղել: Նա մարմնավորել է հոգեկան խնդիրներ ունեցող Սալլին: 

«Շատ ուրախ եմ այս ֆիլմում մասնակցություն ունենալու համար: Լարված եմ եւ հուզված: Ամեն մեկս իսկապես մեծագույն բարդության աշխատանք ենք կատարել։ Սովորական աղջկա չեմ կերտել. բարդ էր նախ նրա հոգեբանությունն ու ներաշխարհը հասկանալ: Այս դերի համար այդքան էլ հեշտ չեմ ընտրվել, հետո արդեն պատասխանատվությունն էր մեծ: Շատ երիտասարդ եմ՝ 22 տարեկան, ու նորամուտս այս մասշտաբով եղավ: Հուսամ՝ կհավանեք»,- ասել է նա։


Պետրոս Հովհաննիսյանն էլ ավելացրել է, որ դերասանների ընտրությունը բավական բարդ են կատարել, բայց ուրախ են, որ հենց այսպիսի ստեղծագործական կազմ ունեն: Անի Մաղաքյանի սցենարը նրան միանգամից է դուր եկել, որի հիման վրա էլ նկարահանել են Monk3 Production-ի առաջին գեղարվեստական ֆիլմը:

«Առաջին անգամ էի հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց անդրադառնում, ու բավական դժվար էր: Պետք էր գոնե նվազագույն ուսումնասիրություն անել ու ծանոթանալ խնդրին: Հոգեբանական ֆիլմ է: Շատ պաթետիկ բաներ չեմ ուզում ասել. պարզապես հավանել եմ պատմությունն ու առավելագույնս փորձել էմոցիաներ փոխանցել»,- նշել է ռեժիսորը:


Հովհաննիսյանն անկեղծացել է, որ սովորաբար, երբ հավանում է սցենարը, փորձում է այն իրեն համապատասխանեցնել, եւ սկզբնական տարբերակն ու վերջնականը, որը հասնում է նկարահանման հրապարակ, իրարից շատ են տարբերվում:

«Նկարահանման հրապարակում ստանդարտ եմ գործում՝ ինչպես մյուս ռեժիսորները, հատուկ անելիքներ չունեմ: Փորձել եմ այս ֆիլմով մարդկանց էմոցիոնալ օր նվիրել, մտածելու առիթ տալ: Իմ առաջնային նպատակն է եղել հուզիչ պատմություն ստանալ»,- ավելացրել է նա: 

«Ճերմակ շապիկ» ֆիլմում նկարահանվել են նաեւ Արամ Կարախանյանը, Նարինե Պետրոսյանը, Մարիամ Ալեքսանյանը եւ ուրիշներ:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW