×


2019-ի հարսանիքները

Անցնող տարին լի էր շոու-բիզնեսի ներկայացուցիչների ամուսնություններով: Նրանցից ոմանք իրենց կապի մասին հայտարարեցին հարաբերություններն օրինականացնելուց հետո միայն: Ստորեւ ներկայացնում ենք, թե ովքեր որոշեցին ընտանիք կազմել 2019 թվականին:

Լիլու եւ Արկադի Վարդանյան


Օրեր առաջ՝ դեկտեմբերի 14-ին, Լոս Անջելեսում տեղի է ունեցել Լիլուի եւ Արկադի Վարդանյանի պսակադրությունը: Երգչուհին մինչ հարսանիքի օրը գաղտնի էր պահում ընտրյալի ով լինելը: Մեզ հետ նախորդ զրույցում միայն նշել էր, որ 15 տարի առաջ միասին աշխատել են:

«Համակրել ենք իրար, բայց լուրջ ոչ մի հարաբերություն չի եղել: Հետո կյանքը մեզ տարբեր ուղղություններով է տարել: Այստեղ հանդիպեցինք պատահական` մեր ընկերներից մեկի տարեդարձին: Նոր հարաբերություն սկսելու միտք ամենեւին չունեի, բայց ինքն ամեն ինչ արեց դրա համար»,-պատմել էր Լիլուն:

Միհրան Ծառուկյան եւ Արփի Գաբրիելյան


Տարեվերջի աստղային միություններից էր Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի հարսանիքը: Զույգը պսակադրվել է Էջմիածնի Սուրբ Շողակաթ եկեղեցում: Խորանի առջեւ ամուսնական մատանիներով փոխանակվելուց հետո նրանք առիթը նշել է ռեստորանային համալիրներից մեկում՝ ամենամտերիմ մարդկանց հետ: Արփին եւ Միհրանը մի քանի տարի է՝ միասին են, սակայն իրենց հարաբերությունների մասին միայն վերջերս հայտարարեցին՝ երգչի մենահամերգի ժամանակ, երբ Միհրանն ամուսնության առաջարկություն արեց սիրելիին:

Հարսանիքից հետո զույգը մեղրամիսը վայելում է Մալդիվներում:

Աշոտ Տեր-Մաթեւոսյան եւ Սոֆյա Պողոսյան


Դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանն ու դերասանուհի Սոֆյա Պողոսյանը եւս 2019-ին ամուսնացած զույգերից են: Հարսանեկան ճամփորդության համար նրանք էլ ընտրել էին Բալին:

«Պսակադրությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին: Երկուսս էլ չենք սիրում մեծ խնջույքներ, հետեւաբար, ամենահարազատ մարդկանց հետ նշել ենք եւ նույն գիշերը մեկնել ճանապարհորդության»,- BRAVO.am-ին պատմել էր Սոֆյան:

Լիկա Սալմանյան եւ Աշոտ Սարգսյան


Դերասանուհի Լիկա Սալմանյանն ու Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը տարեսկզբին Դուբայում նշանադրվելուց հետո սեպտեմբերին կազմակերպել են իրենց պսակադրությունը, որը կայացել է Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցում: Զագսի արարողությունն էլ տեղի է ունեցել եկեղեցու բակում:

Մարինա Գրեգ եւ Ռոբերտ Ճանճապանյան


Հաղորդավարուհի Մարինա Գրեգն ամռանն ընտանիք է կազմել: Նա եւ Ռոբերտ Ճանճապանյանը պսակադրվել են այս օգոստոսին՝ Մուղնու սբ. Գեւորգ եկեղեցում: Հարսանիքից մի քանի ժամ հետո նրանք մեկնել են Բալի:

Մարինան մեզ հետ զրույցում պատմել է ամուսնու մասին՝ նշելով, որ Ռոբերտը մասնագիտությամբ ֆինանսիստ-իրավաբան է, իսկ այս պահին զբաղվում է սեփական բիզնեսով.«Ծանոթացել ենք դեռ երկու տարի առաջ շատ տարօրինակ ձեւով. նա ինձ տեսել էր գեղեցկության սրահում: Առաջին անգամ անծանոթն ինձ զանգահարել եւ թանգարան էր հրավիրում, ես էլ, հաշվի առնելով ընդհանուր ծանոթների հանգամանքը, համաձայնեցի հանդիպել՝ մտածելով, դե, մեկ անգամ կհանդիպեմ եւ քաղաքավարի հրաժեշտ կտամ: Բայց կյանքն իրոք անկանխատեսելի է»:

Գուրգեն Դաբաղյան եւ Իննա Կազարյան


Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում այս հուլիսին տեղի է ունեցել Գուրգեն Դաբաղյանի եւ ռուսաստանաբնակ հայուհի Իննա Կազարյանի պսակադրությունը: Ամուսնական մատանիներով փոխանակվելուց հետո նորապսակները ուղեւորվել են քաղաքի ռեստորանային համալիրներից մեկը, որտեղ իրականացրել են նաեւ զագսի արարողությունը: Իրենց ուրախությունը նրանք կիսել են շուրջ 450 հյուրի հետ:

Զույգի միջեւ տարիքային տարբերությունը 12 տարի է: Իննան 19 տարեկան է, Գուրգենը՝ 31:

Մեղրամիսը նրանք անցկացրել են Բալիում:

Հենրիխ Մխիթարյան եւ Բեթի Վարդանյան


Հայաստանի ազգային հավաքականի եւ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի եւ սիրելիի՝ «Գրանդ Հոլդինգ»-ի սեփականատեր Միքայել Վարդանյանի դստեր՝ Բեթիի պսակադրությունը տեղի է ունեցել Վենետիկի Սուրբ Ղազար կղզում՝ հունիսի 17-ին: «Ամուսնացիր եւ մնա ինձ հետ հավերժ»` ահա այս գրառմամբ էլ Հենրիխը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր առաջին կադրը հարսանիքից:

Արթուր Պետրոսյան եւ Մանե Թումանյան


Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնի դերասաններ Արթուր Պետրոսյանն ու Մանե Թումանյանն ամուսնացել են նույն թատրոնի դերասան Հայկ Պետրոսյանի քավորությամբ: Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:

Արթուրն ու Մանեն ծանոթացել են 4 տարի առաջ՝ թատրոնում.«Առաջին իսկ վայրկյանից սկսած՝ մեր հարաբերություններն ինձ համար հետաքրքիր ու շատ անսովոր ընթացք ստացան։ 3 տարի շփվել ենք որպես գործընկերներ, 6 ամիս բոլորից գաղտնի՝ սիրահարներ, եւ միայն հարաբերություններն օրինականացնելուց հետո բոլորն իմացան մեր կապի մասին»,-պատմել է Արթուրը:

Վահան Միրաքյան եւ Ռուզաննա Մանուչարյան


Դերասաններ Վահան Միրաքյանն ու Ռուզաննա Մանուչարյանն աշնանը կազմակերպեցին իրենց հարսանիքը: Զույգի քավորի պարտականությունները ստանձնել է Համազգային թատրոնի դերասան եւ տնօրեն Արման Նավասարդյանը: «Վահանի 8 տարվա երազանքն էր, որ նա լինի մեր հարսանիքի քավորը: Ամուսնուս կուրսղեկն է եկել: Շատ շնորհակալ ենք նրան ու մեր քավորկնոջը, ով ռեստորանում իր վրա վերցրեց լավաշի ու մեղրի արարողակարգն անցկացնելու պարտականությունը»,-պատմել է «Բոհեմ» թատրոնի դերասանուհին:

Մոնիկա Մանուչարովա եւ Հովհաննես Գրիգորյան


«Մանկական Եվրատեսիլ 2008»-ում Հայաստանի ներկայացուցիչ Մոնիկա Մանուչարովան եւս 2019-ի հարսիկներից է: Ընտրյալը Հովհաննես Գրիգորյանն է: Երգչուհին նշում է, որ սիրելին կապ չունի արվեստի ոլորտի հետ, չնայած՝ ժամանակակից երաժշտություն շատ է սիրում.«Ծանոթացել ենք ընդհանուր ընկերների միջոցով եւ արդեն 3 տարի է՝ միասին ենք»:

Զույգը մեծ հարսանիք չի արել.«Մենք ամուսնացել ենք իմ անչափ սիրելի ծննդավայր Գյումրիում: Պսակադրությունը տեղին է ունեցել «Յոթ վերք» եկեղեցում, որը միշտ աննկարագրելի տեղ է ունեցել իմ սրտում: Իսկ խնջույքն անցել է Երեւանում: Ամենամտերիմների հետ շատ տաք ու ջերմ միջավայրում կիսել ենք մեր ուրախությունը»:

Հենրի Քոչարյան եւ Սյուզի-Լուիզա Մարտիրոսյան


19.08.19-ին ամուսնացել են ռեժիսոր, պրոդյուսեր Հենրի Քոչարյանը եւ հոլանդաբնակ Սյուզի-Լուիզա Մարտիրոսյանը: Նրանց պսակադրությունը տեղի է ունեցել Ամբերդ ամրոցին կից Վահրամաշեն եկեղեցում՝ իրենց առաջին հանդիպումից ուղիղ մեկ տարի, մեկ ամիս եւ մեկ օր հետո: Հարսանիքին ներկա են եղել միայն նորապսակների ընտանիքի անդամները եւ քավորն՝ իր կնոջ ու երեխաների հետ:

«Սա մեր օրն է, մենք այսպես որոշեցինք անցկացնել, մի տասը տարի հետո, երբ արդեն կայացած ընտանիք լինենք, գուցե եւ մեծ հավաքույթ կազմակերպենք բարեկամների, ընկերների ու հարազատների մասնակցությամբ»,- նշել է ռեժիսորը:

Մարինա Մնացականյան եւ Սեյրան Մովսիսյան


Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններ Մարինա Մնացականյանը եւ Սեյրան Մովսիսյանն ամուսնական մատանիներով են փոխանակվել Երեւանի Սուրբ Զորավոր եկեղեցում: Երիտասարդ զույգը պսակադրվել է դերասան Սամվել Դանիելյանի քավորությամբ: «Այդ հարցը նույնիսկ չի քննարկվել, քանի որ նրանք ներկա են եղել մեր հարաբերությունների ծննդին, զարգացմանը: Ինքնըստինքյան է եղել, մենք գիտեինք, որ այդպես էլ պետք է լինի»,-մեզ հետ զրույցում նշել է Մարինան:

Մեզ հետ զրույցում նորահարսիկն ասել է, որ փորձել են պահպանել հարսանեկան ավանդական երթուղին: Սեյրանը նախ իրենց տուն է գնացել դհոլ-զուռնայով, նաեւ մեղր են կերել եւ այլն:

Էմմա Շաբոյան եւ Վահե Մկրտչյան


Էմմա Շաբոյանը, ով հեռուստադիտողին առավել հայտնի է «Կարմիր բլուր» սերիալից, ամռանն ամուսնացել է: Էմման եւ Վահեն առաջին անգամ հանդիպել են շուրջ երկու տարի առաջ՝ նկարահանման հրապարակում:

«Երկուսս էլ նկարահանվում էինք գեղարվեստական ֆիլմում, ծանոթացանք, եւ ամեն ինչ աստիճանաբար զարգացավ»,-նշել է դերասանուհին: Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Սուրբ Սարգիս եկեղեցում, այնուհետեւ փոքրիկ խնջույք են իրականացրել: Ինչպես Էմման է նշել, մեծ հարսանիքից հրաժարվել են, քանի որ ամուսնու ծնողներն այստեղ չեն. բնակվում են Միացյալ Նահանգներում:

Լենա Ղազարյանը գաղտնի է պահում:)


«Շանթ»-ի նախագծերից հայտնի Լենա Ղազարյանը ամուսնանալիս հրաժարվել է ճոխ հարսանիքից: «Փորձեցինք ավելի հետաքրքիր ձեւով կազմակերպել։ Սկզբում եղավ առաջարկություն ծովափին, եւ մեր ամուսնությունը պսակվեց ճամփորդությամբ», - պատմել է երգչուհին։ Լենան ասել է՝ թեեւ բոլոր աղջիկները երազում են հարսի ճերմակ զգեստ հագնելու մասին, ինքը սիրում է տարբերվել։
Ամուսնու ով լինելը երգչուհին չի բացահայտել, միայն ասել է.«Նա կապ չունի իմ ասպարեզի հետ։ Անունը եւս չեմ ուզում նշել. նրան գաղտնի եմ պահում։)»։

BRAVO.am
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ հայտնիների արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW