×


«Շաբաթօրյակ». Էմինեմի ներողությունը, Օսկարի կրքերն ու չծերացող Էնիսթոնի 51-ամյակը

Երկարատեւ ու անհամբեր սպասումից հետո վերջապես Օսկարի 92-րդ մրցանակաբաշխությունը կայացավ: «Շաբաթօրյակը» մեծ սիրով հետեւեց հաճելի իրարանցմանը:

Հերթական անգամ կարմիր գորգը նոր գաղափարների եւ տարատեսակ խնդիրների բարձրացման հարթակի վերածվեց, դերասաններն իրենց հաղթանակն օգտագործեցին մոլորակի համար կարեւոր խնդիրներ բարձրաձայնելու համար, Ջեյն Ֆոնդան էլ ցույց տվեց, թե տարիքը որքան կարեւոր զենք կարող է դառնալ: Ջենիֆեր Էնիթսոնը տարեդարձը տոնեց, եւս մեկ աստղային զույգ էլ պատրաստվում է ծնողներ դառնալ:



Օսկարի անկում ապրող վարկանիշը

Օսկարի 1-ին մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1929 թվականի մայիսին: Միջոցառմանը, որը տեւել է ընդամենը 15 րոպե, 250 մարդ է ներկա եղել: Հաղթողների անուններն էլ հայտնի են եղել դեռ 3 ամիս առաջ: Հիմա Օսկարը տարվա կարեւոր իրադարձություններից է, որին սպասում են միլիոնավոր մարդիկ:

Ամեն ինչ՝ դերասանների հագուստները, տեսքը, մրցանակները, քննարկման առարկա են դառնում, թեեւ ամեն տարի նշվում է, որ միջոցառումն ավելի ձանձրալի է դառնում, այդ մասին են վկայում նաեւ հարցումները:


Օսկարի հեռուստատեսային հեռարձակման ցուցանիշները շարունակում են անկում ապրել: Այս տարի այն հակառեկորդ է սահմանել. երեկոյին հետեւել է ընդամենը 23,6 մլն մարդ, ինչը նախորդ տարվանից 20 տոկոսով քիչ է: Ի դեպ, 30 վայրկյանանոց գովազդն Օսկարի ուղիղ հեռարձակման ժամանակ արժեր 1,98 մլն դոլար: Մինչ այս ամենաքիչ հեռուստադիտողներ էր հավաքել 2018-ի միջոցառումը՝ 26,5 մլն:

Կարմիր գորգը

Որքան էլ հեռարձակման ցուցանիշներն անկում ապրեն, կարմիր գորգին հայտնվածների զգեստներն ու զարդերը երբեք էլ չեն դադարում քննարկման առարկա լինել: Բարձր նորաձեւության այդքան նմուշների դժվար է մեկ այլ տեղում հանդիպել: Բոլորին գերել են Օսկարակիր Լորա Դերնի Armani Privé, Պենելոպե Կրուսի Chanel ու Ժանել Մոնեի Ralph Lauren զգեստները:


Այս տարի առանձնահատուկ ուշադրություն են արժանի հատկապես աստղերի հագուկապի դետալները: Ռեժիսոր Սփայք Լին իր կոստյումին կրում էր Կոբի Բրայանտի 24 համարը, նկարչուհի Սինդի Պաուելը դերասանների ու հայտնիների ստորագրություններով կոստյումով էր: Նա խոստացել է միջոցառումից հետո այն վաճառել ու գումարը տրամադրել բարեգործության:

Լավագույն աքսեսուարի մրցանակն, անկասկած, «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի դերասանուհի Ջուլյա Բաթերսինն է, նա փոքրիկ կլաչի մեջ տեղավորել էր հնդկահավով սենդվիչ:


Օսկարի հաջորդ խոսուն զգեստներից մեկը Նատալի Փորթմանինն էր: Նրա տեսքն ապահովել էր Dior-ը, որը դերասանուհու համար հատուկ թիկնոց էր պատրաստել: Դրա վրա ասեղնագործված էին կին ռեժիսորների անունները, որոնց 2020-ին չէին առաջադրել Օսկարի: «Պարզապես ցանկացա աջակցել կանանց, որոնց աշխատանքն ավելի շատ ուշադրության ու ճանաչման կարիք ունի»,- ասել է դերասանուհին:


Սինթիա Էրիվոն էլ փորձել է ուշադրության կենտրոնում պահել ԱՄՆ-ում ռասայական անհավասարության խնդիրները: Նա յուրահատուկ մատնահարդարում է ունեցել. մի ձեռքի մատներին Վան Գոգի «Աստղալից գիշերն» է պատկերված եղել, մյուսին՝ աստղային ուղեցույց, որի օգնությամբ «Հարիեթ» ֆիլմում իր հերոսուհի Հարիեթ Տաբմենը կարողացել է փախչել ստրկատերերից:


Լավագույն դերասանուհու կոչմանն արժանացած Ռենե Զելվեգերը սպիտակ փայլուն զգեստով էր ու շքեղ տեսք ուներ՝ չնայած մինիմալիստական լուծումներին: 2 անվանակարգում ներկայացված Սքարլեթ Յոհանսոնը եւս անկրկնելի էր: Երեկոյի գեղեցկուհիները բազմաթիվ էին, մյուսներին ավելի լավ է հետեւել լուսակարներով:


Ազդեցիկ ճառերը

Տղամարդու լավագույն դերի համար Օսկարի արժանացած Խոակին Ֆենիքսն ամենաազդեցիկ ելույթներից մեկն ունեցավ 92-րդ մրցանակաբաշխության ժամանակ:

Դերասանը ծանր մանկություն է ունեցել, մեծացել է աղանդի ներսում, տեսել ավագ եղբոր մահը, ալկոհոլից կախվածություն ունեցել ու կարողացել հաղթահարել այդ ամենը: Ֆենիքսը լավ ծանոթ է կյանքի մութ կողմին ու արձանիկը ձեռքին ելույթ ունենալիս անդրադարձավ այդ ամենին՝ չմոռացավ հիշատակել նաեւ Երկիր մոլորակի համար կարեւոր մի շարք թեմաներ եւս.

«Մեզնից շատերը մոռացել են բնության մասին: Մտածում ենք, որ մենք ենք տիեզերքի կենտրոնը, դրա համար էլ սպառում ենք նրա ռեսուրսները: Մեզ իրավունք ենք վերապահում վերցնել կովի կաթը, խլել նրա ձագից ու այն լցնել մեր սուրճի մեջ: Վախենում ենք փոխվել, քանի որ դրա համար ինչ-որ բան զոհաբերելու կարիք կլինի: Երբ 17 տարեկան էի, եղբայրս այսպիսի խոսքեր է գրել՝ «Դեպի փրկություն սիրով վազիր, իսկ աշխարհը կգա քո հետեւից»:


Ֆենիքսը չի թաքցրել, որ ինքն էլ կատարյալ չէ, երբեմն դաժան է եղել, էգոիստի պես վարվել, ու իր հետ աշխատելը բնավ էլ հեշտ չի եղել, սակայն մրցանակաբաշխության ժամանակ ներկաներից շատերն իրեն 2-րդ հնարավորություն են տվել, ինչը դերասանը շատ է գնահատում:


Պակաս տպավորիչ չէր 2-րդ պլանի լավագույն դերասան ճանաչված Բրեդ Փիթի խոսքը: Նախ նա ներկաներին հայտնեց, որ իրեն 45 վայրկյան են տվել ելույթի համար, ինչն ուղիղ 45 վայրկյանով ավելի է, քան Սենատում կարող էր խոսել Ջոն Բոլթոնը:

Նա, իհարկե, չմոռացավ շնորհակալություն հայտնել ֆիլմի ռեժիսոր Քվենտին Տարանտինոյին ու իր խաղընկեր Լեոնարդո ԴիԿապրիոյին:


«Շնորհակալություն բոլոր այն հիանալի մարդկանց, ում հանդիպել եմ իմ ճանապարհին, ու որոնց շնորհիվ կանգնած եմ այստեղ՝ մի անգամ Հոլիվուդում: Այս հաղթանակը երեխաներիս եմ նվիրում, որոնք գույներ են հաղորդում այն ամենին, ինչով զբաղվում եմ: Պաշտում եմ ձեզ»,- ասել է Փիթը:

Իր հաջողությունը նա նշել է գազավորված ըմպելիքով. ոչ վաղ անցյալում դերասանը բուժվել է ալկոհոլային կախվածությունից:



Զվարճալի ու վառ պահերը

Առաջին անգամ Օսկարի պատմության ընթացքում հարավկորեական ֆիլմը լավագույն ֆիլմ ճանաչվեց. «Մակաբույծն» իսկական սենսացիայի հեղինակ դարձավ: Այն 4 Օսկարի արժանացավ, ռեժիսոր Պոն Ջուն Հոն 4 անգամ բեմ բարձրացավ ու խոսեց իր մայրենի լեզվով: Ասում են՝ Օսկարի պատմության ընթացքում օտար լեզվով դեռ ոչ ոք այդքան ելույթ չէր ունեցել:

Իհարկե, ռեժիսորի այս արձագանքը մեմերի առիթ դարձավ.«Գտիր մեկին, ով քեզ կնայի այնպես, ինչպես Հոն իր Օսկարին»,- գրեցին համացանցում:


Տիմոտի Շալամեն էլ կարմիր գորգի վրա փորձեց փչացնել Մարգո Ռոբիի կադրն՝ աննկատ մոտենալով նրան: Դերասանուհու արձագանքն ու գեղեցիկ լուսանկարն արդեն մի քանի օր է՝ հիացմունքի առարկա են դարձել համացանցում:



Կիանու Ռիվզն էլ Օսկարին եկել էր մայրիկի՝ զգեստների 76-ամյա նկարչուհի Պատրիսիա Թեյլորի հետ: Հիմա մենք գիտենք նրա հավերժ երիտասարդության գաղտնիքը:

Շատերը սպասում էին, որ Գրեմմիի հաղթող Բիլլի Այլիշը կկատարի Ջեյմս Բոնդի մասին պատմող 25-րդ ֆիլմի երգը կամ իր Bad Guy ստեղծագործությունը, որը «Սկանդալ» ֆիլմի սաունդթրեքն է: Սակայն երգչուհին բիթլերի Yesterday երգի քավեր տարբերակը նվիրեց 2019 ու 2020 թվականներին կյանքից հեռացած բոլոր կինոգործիչներին:



Ֆոնդայի կարեւոր ուղերձը

Օսկարի վերջին՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Մակաբույծ»-ին մրցանակը հանձնեց 82-ամյա Ջեյն Ֆոնդան, որն ինչպես միշտ, անկրկնելի տեսք ուներ: Այդ երեկո դերասանուհին շատ կարեւոր ուղերձով էր բեմ բարձրացել:

Նա կրում էր Elie Saab-ի կարմիր զգեստը, որով 2014 թվականին մասնակցել է Կաննի կինոփառատոնին: Ֆոնդային հյուրերը հոտնկայս ու բուռն ծափահարություններով դիմավորեցին:

6 տարվա վաղեմության զգեստով հայտնվելն իր պատճառն ուներ. ակտիվիստ Ֆոնդան հայտարարել էր, որ նոր հագուստ այլեւս չի գնելու, քանի որ դրա արտադրությունը մեծ վնաս է հասցնում շրջակա միջավայրին: Օսկարի կրկնակի դափնեկիր դերասանուհուն արդեն 4 անգամ ձերբակալել են՝ բնության փոփոխության դեմ անցկացվող ակցիաներին մասնակցելու համար: Օսկարի իր զգեստով էլ նա փորձեց կառավարության ուշադրությունը սեւեռել խնդրի վրա:


Խորհրդանշական էր նաեւ կարմիր մուշտակը, որը դերասանուհին գցել է ուսերին. ձերբակալվելիս նա եղել է հենց այդ մուշտակով:

«Այս բաճկոնը վերջին հագուստն է, որը ես գնել եմ: Փորձում եմ փրկել մոլորակը. մենք ընդամենը 11 տարի ունենք, որ դանդաղեցնենք կլիմայական փոփոխությունները: Դրանք ազդում են մեր կյանքի որակի վրա»,- ասել է նա:

Էմինեմի վերադարձը

Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ իր «Lose Yourself» երգը կատարեց Էմինեմը: Նրա ելույթն իսկական անակնկալ էր երկրպագուների ու հյուրերի համար: Այն «8-րդ մղոն» ֆիլմի սաունդթրեքն է ու 17 տարի առաջ Օսկարի է արժանացել:

2003-ին «Lose Yourself»-ը հաղթել է «Ֆիլմի լավագույն երգ» անվանակարգում, սակայն Էմինեմը չէր եկել այն ստանալու: Նրա փոխարեն արձանիկը վերցրել էր երգի համահեղինակ Լուիս Ռեստոն: «Lose Yourself»-ն առաջին հիփ-հոփ թրեքն էր, որ Օսկար է ստացել:



Ելույթից հետո երգիչը Թվիթերում այսպիսի գրառում է կատարել՝ «Շնորհակալ եմ, որ հրավիրեցիք ինձ: Ներեցեք, որ 18 տարի պետք եղավ այստեղ հասնելու համար»:

Իսկ 2003-ին չէր մասնակցել Օսկարին, քանի որ չէր հավատացել իր հաղթանակին, դրա համար էլ բաց էր թողել միջոցառումը:


Չծերացող Էնիսթոնը

Դժվար է նույնիսկ հավատալ, որ Ջենիֆեր Էնիսթոնն արդեն 51 տարեկան է: Փետրվարի 11-ին նա շնորհավորանքներ է ստացել իր խաղընկերներից ու ընկերներից, ինչպես նաեւ գրավիչ նոր լուսանկարներ ներկայացրել:


«Ընկերներ» սերիալում Էնիսթոնի խաղընկեր ու մտերիմ ընկերուհի Քորտնի Քոքսն է Ինստագրամում համատեղ լուսանկար հրապարակել.«Որքան էլ ջանաք, կա ընդամենը մեկ Ջենիֆեր Էնիսթոն: Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկերուհիս: Սիրում եմ քեզ»,-գրել է նա:



Interview ամսագրի նոր համարի շապիկն ու էջերն էլ զարդարում են դերասանուհու լուսանկարները: Ֆոտոշարքն իսկապես գրավիչ ու յուրահատուկ է ստացվել, ինչի համար շնորհակալություն է պետք ասել կապուտաչյա հոբելյարին:


Ալմոդովարի նոր մարտահրավերը

Իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը ցանկություն ունի կարճամետրաժ ֆիլմ նկարահանել՝ Ժան Կոկտոյի «Մարդկային ձայն» պիեսի հիման վրա:

Գլխավոր դերում նա տեսնում է Օսկարակիր Թիլդա Սուինթոնին: Նկարահանումերը հավանաբար կմեկնարկեն մոտ ժամանակներս, որպեսզի աշնանը ֆիլմը ներկայացվի կինոփառատոնում:

Դրանից հետո ռեժիսորը ցանկանում է ֆիլմ նկարահանել ամերիկացի գրող Լուսիա Բեռլինի «Ուղեցույց տնային տնտեսուհիների համար» պատմվածքների ժողովածուի հիման վրա: Եթե Ալմոդովարը կարողանա 2 ֆիլմն էլ կյանքի կոչել, դրանք նրա առաջին անգլալեզու աշխատանքները կլինեն մի քանի չստացված փորձերից հետո:


90-ականների սկզբին նա փորձել է նկարել «Գործիր, քույր» կատակերգությունը, ավելի ուշ էլ 2016-ին է նմանատիպ փորձ կատարել՝ Նոբելյան մրցանակակիր Էլին Մունրոյի պատմվածքների հիման վրա: Գլխավոր դերում նա տեսնում էր Մերիլ Սթրիփին, սակայն հետո մտափոխվեց ու ֆիլմն իսպաներենով նկարահանեց՝ անվանելով «Ջուլիետա»:

77-ամյա Ֆորդը

Հարիսոն Ֆորդը հիանալի տեսք ունի նաեւ 77 տարեկանում: Օրեր առաջ նա Լոս Անջելեսում էր, որտեղ հյուր է եղել Ջիմմի Քիմելին: Հանդիպման առանցքում Ֆորդի նոր՝ «Նախնիների կանչը» ֆիլմն էր:

Նրանք զրուցել են նաեւ Օսկարից, Ֆորդի երիտասարդությունից ու «Աստղային պատերազմներ» ֆիլմից:



Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Ֆորդը նկարահանվելու է Ինդիանա Ջոնսի մասին պատմող ֆիլմաշարի 5-րդ մասում: Ֆորդը 1981 թվականից նկարահանվել է նախորդ 4 մասերում:

Թերների ու Ջոնասի առաջնեկը

«Գահերի խաղի» դերասանուհի Սոֆի Թերներն ու Jonas Brothers խմբի երգիչ Ջո Ջոնասը սպասում են իրենց առաջնեկին: Զույգը գաղտնի է պահում հղիության մասին լուրը, սակայն լրատվամիջոցներին հաջողվել է այդ մասին իմանալ:

Գրեմմիի ժամանակ դերասանուհին կարճ, բայց եւ փորի հատվածում լայն զգեստ էր ընտրել, իսկ Օսկարի մրցանակաբաշխության ու երեկույթի ժամանակ բացակայել, ինչը երկրպագուների զարմանքն է առաջացրել:


Սոֆի Թերներն ու Ջո Ջոնասը հանդիպել են 2016 թվականից ու ամուսնացել 2019-ին՝ նախ Լաս Վեգասում, ապա՝ Ֆրանսիայում:

Այլիշի «Մահանալու ժամանակը չէ» երգը

18-ամյա Բիլլի Այլիշը ներկայացրել է Ջեյմս Բոնդի մասին պատմող «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմի սաունդթրեքը:

«Նման լեգենդար ֆիլմաշարի համար երգ ձայնագրելը մեծ պատիվ է: Ջեյմս Բոնդը կինոյի պատմության գլխավոր կերպարներից է: Ես դեռ շոկի մեջ եմ»,- խոստովանել է երգչուհին:



Առաջին անգամ կենդանի կատարմամբ երգը հնարավոր կլինի լսել փետրվարի 18-ին՝ Լոնդոնում կայանալիք Brit Awards-ի ժամանակ:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին