Ռադիոհաղորդավար, դերասան Համլետ Ղազարյանն օրերս ամուսնացել է: Նրա ընտրյալը՝ Աննան, մասնագիտությամբ ռեժիսոր է: Դերասանը, ով կնոջ հետ հանգստի է մեկնել Վրաստան, BRAVO.am-ին պատմել է հարսանիքի մանրամասներն ու տրամադրել է առաջին լուսանկարները:
Պարզվում է՝ Համլետն ու Աննան շուրջ 4 տարի է՝ միասին են.«Մեզ ծանոթացրել է դերասանուհի ժաննա Վելիցյանը՝ Համազգային թատրոնում: Հենց նա էլ բռնեց հարսի ծաղկեփունջը: Նշանադրվել ենք մեր ծանոթությունից երկու տարի անց` 2018-ին: Նշանադրվել ենք շենքի տանիքում, շատ գեղեցիկ խնջույք էինք կազմակերպել: Մեր նշանդրեքին մեր ընկերները` Հովհաննես Ղազարյանը, Փառանձեմ Սահակյանը եւ Անուշիկ Խերունցը, երգ նվիրեցին: Հենց այդ երգն էլ երգեցին նաեւ մեր հարսանիքին»:
Համլետ Ղազարյանն ամուսնացել է
Զույգը պսակադրվել է Երեւանում, այնուհետեւ ուղեւորվել Գյումրի.«Ինձ համար սկզբունքային էր հարսանիքս Գյումրիում անելը: Քանի որ վերջին տարիներին ապրում եմ Երեւանում, կարոտ ունեի Գյումրիի հանդեպ, ուզում էի այդ կարեւոր օրը Գյումրիում անցկացնել: Աստծո օրհնությունը ստացանք Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում, քանի որ կնոջս անունը եւս Աննա է»:
Անդրադառնալով հարսանիքի օրվան՝ Համլետը նշեց.«Որոշեցինք պսակադրվել հենց Սուրբ Վալենտինի օրը, մեր հարսանիքի հանդիսավարի անունն էլ էր Վալենտին: Փորձել էինք փոքրիկ հարսանիք կազմակերպել՝ շուրջ 80 հոգի էինք: Իմ խաղընկերներից ներկա էր Մերի Մովսիսյանը, ընկերներից Ժաննա Վելիցյանը, Փառանձեմ Սահակյանը»:
Հարսի ծաղկեփունջը բռնել է ժաննա Վելիցյանը
Դերասանն ընդգծեց, որ հեշտ չի եղել Աննայի սիրտը գրավելը.«Դժվարությամբ եմ հասել կնոջս: Երբ առաջին անգամ Աննային տեսա, կողքիս այլ աղջիկ կար նույնիսկ: Երբ անցանք սկզբնական էտապները, Աննային ներկայացման էի հրավիրել, որում խաղում էի: Քինդերի տուփի մեջ բանաստեղծություն էի դրել, որը ես էի գրել: Առհասարակ, էությամբ ռոմանտիկ մարդ եմ»:
Աննան հարսանիքին անակնկալ է մատուցել ամուսնուն.«Մեր հարսանեկան պարը Փառանձեմն էր բեմադրել, կնոջս հետ նույնիսկ անակնկալ մատուցեցին ինձ՝ մեկ այլ պարի տեսքով»:
Համլետ Ղազարյանն ամուսնացել է
Նորապսակները հարսանիքից հետո մեկշաբաթյա հանգստի են մեկնել Վրաստան:
Տեքստը`Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները`Համլետ Ղազարյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: