×


Porsche Cayenne-ի էլեկտրական ապագան եւ Կապադովկիայի տիեզերական բնապատկերները. Bravo.am-ի բացառիկ թեստ-դրայվը

Կապադովկիա: Այնտեղ, որտեղ արեւածագին երկինք են բարձրանում հարյուրավոր գունավոր օդապարիկներ, իսկ երկրային լանդշաֆտը հիշեցնում է մեկ այլ մոլորակ, կայացավ տարվա ամենասպասված ավտոմոբիլային իրադարձություններից մեկը՝ բացառիկ Cayenne Electric Media Drive-ը: «Պորշե կենտրոն Երեւան»-ի հրավերով Bravo.am-ը հնարավորություն ունեցավ անձամբ մասնակցելու այս շքեղ մեդիա-արշավին եւ փորձարկելու լեգենդար գերմանական բրենդի առաջին լիովին էլեկտրական Cayenne-ը:

Բարի գալուստ հեքիաթ. օդապարիկներ եւ քարանձավների շքեղություն

Մեր տպավորիչ ճամփորդությունը մեկնարկեց Կապադովկիայի սրտում գտնվող հանրահայտ Avantgarde Refined - Caves of Cappadocia 5-աստղանի քարանձավային հյուրանոցում, որտեղ կայացավ ջերմ ընդունելությունն ու մամուլի ասուլիսը: Սակայն իսկական կախարդանքը սկսվեց հաջորդ օրը՝ լուսաբացին:


Ժամը 6-ին, երբ արեւի առաջին շողերը նոր-նոր միայն արթնացնում էին հովիտները, մենք՝ 4 տարբեր երկրներ ներկայացնող լրագրողներս ու ինֆլյուենսերները, արդեն օդապարիկի զամբյուղից հիանում էինք Կապադովկիայի հրաշքներով: Երկնային այս անհավանական թռիչքին հաջորդեց բացօթյա նրբաճաշակ նախաճաշը, որից հետո եկավ ամենասպասված պահը՝ մեքենաների անվտանգության հրահանգավորումն ու բանալիների հանձնումը:

Էլեկտրական կատարելություն. շքեղ ընթացք եւ երեք տարբեր բնավորություն

Թեստ-դրայվի համար Porsche-ն պատրաստել էր իր էլեկտրական հզոր գամմայի ամբողջական տեսականին՝ Base, S եւ Turbo մոդիֆիկացիաները: Մեքենաների էսթետիկան կատարյալ էր՝ Vanadium Grey եւ Algarve Blue մետալիկ երանգներից մինչեւ նուրբ Pale Blue ու խորհրդավոր Mystic Green:


Թեեւ երեք տարբերակներն էլ կառուցված են առաջադեմ 800-վոլտային PPE (Premium Platform Electric) պլատֆորմի վրա եւ հագեցած հզոր 113 կՎտ/ժ տարողությամբ մարտկոցով, նրանցից յուրաքանչյուրն ունի իր ուրույն խարիզման: Շնորհիվ գերժամանակակից ճարտարապետության, բոլոր մոդելներն էլ օժտված են տպավորիչ՝ մինչեւ 400 կՎտ հաստատուն հոսանքով (DC) արագ լիցքավորման հնարավորությամբ, ինչը թույլ է տալիս մարտկոցը 10%-ից մինչեւ 80% հասցնել ընդամենը 16 րոպեում:

Որպեսզի ավելի պատկերավոր լինի տարբերությունը, համեմատենք հիմնական տեխնիկական տվյալները.


Այժմ մի փոքր ավելի մանրամասն․

•    Cayenne Electric (Basic)․ ոսկե միջին 

Այս մեքենան ապահովում է կատարյալ հավասարակշռություն առօրյա շքեղության, ընթացքի ամենաերկար պաշարի եւ Porsche-ի սպորտային էմոցիաների միջեւ: 4.8 վայրկյանում 100 կմ/ժ արագությունը ցանկացած իրավիճակում վստահության զգացում է տալիս: Շատ լավ «պահում է» ճանապարհը, հուսալի է ինչպես արագընթաց մայրուղիներում, այնպես էլ գյուղական նեղ ճանապարհներին եւ լեռնային հատվածներում։ Ունի բազմաթիվ ռեժիմներ, այդ թվում՝ սպորտային եւ Sport Plus, որոնց դեպքում մեքենան սկսում է ձայնային իմիտացիա անել՝ կրկնելով բենզինային շարժիչի ձայնը։ Տպավորություն էր, որ գերմանացի ինժեներները հասկացել են հայ վարորդի «նուրբ» հոգին, որը չի կարող անաղմուկ Porsche վարել:):

Դավիթ Ալավերդյանը


•    Cayenne S Electric․ So far, so good! 

Այս մեքենան ստեղծված է հատկապես նրանց համար, ովքեր սովոր են ավանդական V8 շարժիչների դինամիկային: Այստեղ հզորությունը հասնում է 666 ձիաուժի, ինչը թույլ է տալիս մեծ քրոսովերին 100 կմ/ժ արդյունքին հասնել ընդամենը 3.8 վայրկյանում: Վիզուալ առումով Basic տարբերակից առանձնապես չի տարբերվում, բայց ընթացքն ավելի սլացիկ է եւ գրավիչ: Կարող է դառնալ մայրուղիների թագուհի։ 



•    Cayenne Turbo Electric․ բացարձակ տիրակալ 


Գիտե՞ք ինչ։ Սա ուրիշ՝ տիեզերական մեքենա է։ Porsche-ն նույն անվամբ երեք մեքենա է թողարկել, բայց  Cayenne Turbo-ն մյուս երկու մոդիֆիկացիաների հետ զուտ արտաքին նմանություն ունի։ Սա Porsche-ի պատմության մեջ երբեւէ ստեղծված ամենահզոր սերիական մոդելներից մեկն է: 1,156 ձիաուժը եւ 0-100 կմ/ժ արագացումը 2.5 վայրկյանում Cayenne Turbo-ն հավասարեցնում են սուպերքարերին: Այն հագեցած է բրենդի վերջին նոու-հաուով՝ Porsche Active Ride ինովացիոն ակտիվ կախոցով, որը Կապադովկիայի լեռնային ոլորաններում մեքենան դարձնում էր անհավանական կայուն: Լինենք անկեղծ․ այս մեքենան հնարավոր չէ դանդաղ վարել։ Իսկ երբ սեղմում ես արագության ոտնակը, մեքենան աննկատ հավաքում է 150, 170, 200 կիլոմետր/ժամ արագություն, բայց ոտքդ չի զգում այն սահմանագիծը, երբ մեքենան պատրաստ կլինի դադարեցնել արագացումը: Կարծես Porsche-ի ինժեներները մոռացել են նման սահմանագիծ սահմանելու մասին եւ որոշել այդ հարցը թողնել վարորդի խղճի վրա։ Հավատացեք 30 տարվա վարորդական փորձ ունեցող անձին․ այս մեքենան մայրուղում մեկ անգամ վարելուց հետո այլ մեքենայի մասին չեք երազի։


Թվային կոկպիտ ապագայից. երբ մեքենան միաձուլվում է իրականությանը

Ավելի քան 130 կիլոմետր ձգվող երթուղին ներառում էր նաեւ հատուկ ամենագնացային (off-road) փուլ: Էլեկտրական Cayenne-ը հեշտությամբ հաղթահարեց ավազե ու քարքարոտ ճանապարհները: Իսկ շարժիչի բացարձակ լռությունը սրահում ստեղծում էր առանձնահատուկ հարմարավետություն:

Porsche Cayenne Electric-ի սրահ մուտք գործելիս՝ առաջին իսկ վայրկյանից հասկանում ես, որ հայտնվել ես ապագայի ավտոմեքենայում: Բրենդի նոր՝ Porsche Digital Interaction փիլիսոփայությունը ստեղծել է բրենդի պատմության մեջ ամենաթվայնացված միջավայրը։ Թվարկեմ նորույթներից մի քանիսը․


Լրացված իրականություն (AR Head-Up Display). հատուկ պրոյեկցիոն համակարգը դիմապակու վրա ստեղծում է վիրտուալ 87-դյույմանոց էկրանի պատրանք: Նավիգացիոն սլաքներն ու հուշումները արտացոլվում են անմիջապես ճանապարհի վրա՝ ավտոմեքենայից 10 մետր առաջ: Շատ հարմար է։

Ֆուտուրիստիկ Flow Display. վարորդի դիմաց տեղակայված է 14.25-դյույմանոց կոր OLED էկրանը, իսկ կողքի ուղեւորի համար հասանելի է սեփական 14.9-դյույմանոց անհատական էկրանը: Շնորհիվ հատուկ պոլյարիզացված ծածկույթի, ուղեւորը կարող է ճանապարհին ֆիլմեր դիտել՝ առանց վարորդի ուշադրությունը շեղելու: Իսկ վարորդն այդ ընթացքում տեսնում է․․․ սեւ էկրան։


Խելացի տանիք (Variable Light Control). պանորամային ապակե տանիքը կոճակի թեթեւ հպումով լիովին թափանցիկից կարող է վերածվել անթափանց փայլատի (matte)՝ պաշտպանելով Կապադովկիայի կիզիչ արեւից:


Գուրմանների կանգառ. ֆոտոսեսիա եւ ավանդական խոհանոց

Ճանապարհին Porsche-ի թիմը կազմակերպել էր հիասքանչ պիտ-ստոպեր՝ Կապադովկիայի հնագույն ժայռերի ֆոնին տիեզերական տեսք ունեցող էլեկտրական մեքենաները լուսանկարելու համար: Իսկ կեսօրին մեզ սպասում էր նրբաճաշակ լանչ հայտնի Millocal Restaurant-ում: Այս ռեստորանը հիանալի կերպով համադրում է տեղական, ավանդական խոհանոցն ու ժամանակակից ոճը, իսկ պատուհաններից բացվող տեսարանը պարզապես շունչ է կտրում:


Կապադովկիայի արեւածագից մինչեւ ապագայի մայրուղիներ

Երբ Կապադովկիայի հեքիաթային հովիտների վրա սկսում է իջնել երեկոն, գիտակցում ես, որ ականատեսն ես եղել ավտոմոբիլային պատմության մի նոր եւ շրջադարձային էջի:

Porsche Cayenne Electric-ն ապացուցում է, որ ապագայի էլեկտրական շարժունակությունը կարող է լինել անհավանական կրքոտ, սպորտային ու շքեղ: Այս մեքենան իր մեջ կրում է Շտուտգարտի լեգենդար ինժեներների տասնամյակների փորձն ու ԴՆԹ-ն՝ փաթեթավորված թվային տեխնոլոգիաների վերջին խոսքով: Porsche-ի էլեկտրական ապագան ոչ միայն սկսվել է, այն պարզապես հիասքանչ է:

Դավիթ Ալավերդյան
Մեդիամաքսի գլխավոր խմբագիր

Լուսանկարները՝ voyagevoyage.agency GmbH /Մաքսիմիլիան Բալաշ

Կարդալ ավելին

Quality Sign BW