×


«Այդ օրվանից կյանքս 180 աստիճանով փոխվեց». Արթուր Բեգջանյան

Գյումրեցի 24-ամյա դերասան Արթուր Բեգջանյանին ճանաչում բերեց «Թղթե երազանք» հեռուստանովելը, որում նա Միմոսի կերպարում էր: Գյումրու դրամատիկական թատրոնի դերասանը BRAVO.am-ի հետ զրուցել է մասնագիտության դժվարությունների, դեբյուտային դերի եւ սպասվող նորությունների մասին:

Տնից բացակայելու պատճառը

Սերը դեպի արվեստը, թատրոնն ու կինոն իմ մեջ դեռ մանկուց է եղել: Դպրոցական տարիներին ակտիվ մասնակցում էի դպրոցում կազմակերպվող միջոցառումներին, ասմունքի մրցույթներին ու միջդասարանային հանդեսներին: Ընտանիքիս անդամներն ինձ տարբեր խմբակների էին տանում՝ փորձելով շեղել, բայց ապարդյուն. միշտ եմ սիրել ուշադրության կենտրոնում լինել:

Արթուր Բեգջանյանը


Երբ ասացի, որ ցանկանում եմ Թատերական ինստիտուտ ընդունվել, չխոչըդոտեցին, բայց թերահավատորեն էին վերաբերվում մասնագիտությանս: Առաջին կուրսում դասերին հաջորդում էին փորձերը, բավական ուշ էի տուն գալիս, եւ ամեն օր զարմացած հարցնում էին, թե որտեղ եմ լինում: Առաջին ներկայացումս դիտելուց հետո հասկացան տնից շատ բացակայելուս պատճառը:

Զրոյից

Մինչ Թատերական ինստիտուտ ընդունվելը, մասնագիտությանս միայն դրական կողմն էր ինձ ծանոթ, մտա գործի մեջ, նոր սկսեցի գիտակցել դժվարությունները: Ամեն մի նոր դերն ու կերպարը մի մեծ ու դժվարին աշխատանք է, հնարավոր ամեն բան անում եմ ինձ վստահվածը պատվով հաղթահարելու համար: Յուրաքանչյուր նոր դերից առաջ ջնջում եմ հիշողությունս ու սկսում զրոյից նոր հերոս կերտել: Երբեք չեմ մոռանա առաջին լուրջ դերը, որ մարմնավորել եմ: Երկրորդ կուրսում էի, «Դեյվիդ Կոպերֆիլդ» ներկայացման մեջ Դեյվիդի կերպարն էր ինձ համար նախատեսված: Երկու ամիս տանջվել եմ կերպարը ճիշտ ներկայացնելու համար: Պրեմիերայի օրը շատ ոգեւորված էի, երազում էի, որ օրը չավարտվի: Այդ օրը կյանքս 180 աստիճանով փոխվեց, եւ վերջապես գիտակցեցի իմ մասնագիտության լրջությունն ու պատասխանատվությունը:

«Դեյվիդ Կոպերֆիլդ» ներկայացումը մինչ օրս խաղում ենք Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: «Արշիլ Գորկի» եւ «Կոշկավոր կատու» ներկայացումների մեջ եւս գլխավոր դերում եմ:

Արթուր Բեգջանյանը


Զուգահեռ աշխատում եմ նաեւ Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնում: Ներգրավված եմ մի շարք ներկայացումներում:

Թատրոնի աշխատանքն անվերջ կատարելագործվելու հնարավորություն է տալիս: Ավագ գործընկերներս միշտ ոգեշնչել եւ գոտեպնդել են ինձ: Ճիշտ խորհուրդներ եւ դասեր են տվել, ինչի համար շատ շնորհակալ եմ:

Բարմենի աշխատանքն ու «Թղթե երազանքը»

Միմոսի կերպարն ինչ-որ առումով դեբյուտային էր. մինչ այդ ֆիլմերում միայն զանգվածային տեսարաններում եմ նկարահանվել, եւ ոչ ավելին: Առաջարկը ստացել եմ ընկերոջիցս, ով ֆիլմի երկրորդ ռեժիսորն էր: Զուգահեռ նաեւ որպես բարմեն եմ աշխատում, ինչն էլ առիթ հանդիսացավ մեր հանդիպմանը, պատմեց, որ ֆիլմի համար փորձնական նկարահանում են իրականացնում եւ առաջարկեց մասնակցել: Երկու շաբաթ անց տեղեկացրին, որ ընտրվել եմ Միմոսի կերպարի համար: Ինչ խոսք, այդ դերն ինձ հայտնիություն բերեց: Փողոցում ինձ շատերն են ճանաչում, մոտենում եւ դրական խոսքեր ասում, ինչը շատ հաճելի է:

Արթուր Բեգջանյանը


Այժմ մեկ այլ ֆիլմում նկարահանվելու առաջարկ ունեմ, որը դեռ քննարկումների փուլում է, երբ ամեն բան հստականա, ավելի մանրամասն կխոսեմ:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արթուր Բեգջանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին