×


«Տեսահոլովակում իմ անձնական պատմությունն է». Էվա Ոսկանյան

Երգչուհի Էվա Ոսկանյանի նոր տեսահոլովակը նկարահանվել է իր հեղինակած «Չեմ ուզում» երգի հիման վրա: Կարճամետրաժ ֆիլմ հիշեցնող հոլովակի միտքն ունեցել ու նկարահանել է ռեժիսոր Հովհաննես Ղազարյանը՝ ամբողջացնելով Էվայի անձնական պատմությունն ու անկեղծ հույզերը:

«Սա մեր երկրորդ համագործակցությունն է «Ձյուն» երգի տեսահոլովակից հետո: Հովհաննեսը, լսելով իմ նոր երգը, ինձնից անկախ մի նոր սցենար էր մշակել ու կարծես վերջին չորս տարիների իմ կյանքը պատմեր: Չգիտեմ՝ ինչպես էր ստացվել, բայց իմ մտքով նույնիսկ չէր անցնի, որ ես այդ երգի հիման վրա մի օր տեսահոլովակ կներկայացնեմ: «Չեմ ուզում» երգը գրել եմ շատ զգացմունքային վիճակում եւ ներդրել եմ իմ բոլոր էմոցիաները, կյանքը, ցույց եմ տվել այն ամենն, ինչն առօրյայում չի երեւում, չի հանրայնացվում: Այսինքն՝ այդ պատմությունը ես ինչ-որ չափով վերցրել եմ իմ անձնականից ու բացել եմ երգի տեսքով, լիարժեք անկեղծացել եմ լսողի առջեւ»,- BRAVO.am-ի հետ զրույցում պատմեց Էվան:

Էվա Ոսկանյանը


Նրա խոսքով` նկարահանումները տեւել են երկու ամբողջ օր, որից հետո միայն քնելու եւ հանգստանալու հնարավորություն են ունեցել. փորձել են ամեն ինչ անել, որպեսզի հասցնեն պրեմիերան փետրվարի 14-ին անել՝ սիրո տոնի առթիվ: «Այս հոլովակով ես կարծես կյանքի նոր փուլ մտա եւ հույս ունեմ`շուտով կգրեմ մի նոր երգ ու գարնանը լրիվ նոր հույզեր կփոխանցեմ: Երգի միտքն այն է, որ եթե ունենք մի շատ թանկ ու կարեւոր բան մեր կյանքում, ապա փորձենք պահպանել այն: Եթե անգամ կոտրվել է, փորձենք նորոգել, այլ ոչ թե դեն նետել: Այսօր հատկապես մեր իրականության մեջ մարդիկ սկսել են արժեզրկել կարեւորը, արժեզրկել զգացմունքները եւ գնացել են դեպի սովորականը, ավելի առօրյան, հասարակը: Մենք դարձել ենք միջոցներ, մեր հույզերը, զգացմունքները դարձել են իմիջիայլոց: Խոսքը վերաբերում է նույնիսկ երաժշտությանը, որտեղ ամեն ինչ այնքան թեթեւ ու պարզունակ է դարձել»,- նկատեց երգչուհին:

Էվա Ոսկանյանը


Մեր հարցին, թե կարող ենք արդյոք այս երգը դիտարկել որպես ուղերձ ունեցածը պահպանելուն, վերագնահատելուն: Էվա Ոսկանյանն ասաց, որ սա նամակ է բոլոր այն մարդկանց, ովքեր կիսում են իր զգացողությունները: Նա նաեւ հավելեց, որ շուտով կունենա ստեղծագործական այլ նորություններ:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Էվա Ոսկանյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին