×


Հասմիկ Գրիգորյանի մրցանակն ու գլխավոր դերը «Մետրոպոլիտեն օպերայի» նոր բեմադրությունում

Օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյան արժանացել է Ավստրիական երաժշտական թատրոնի մրցանակաբաշխության (Austrian Music Theater Awards) գլխավոր մրցանակներից մեկին:

Գրիգորյանը Վիեննայի «Ան դեր Վին» թատրոնում «Նորմա» օպերայում իր դերակատարման համար բարձր գնահատականի է արժանացել ու հաղթել «Լավագույն կանացի գլխավոր դեր» անվանակարգում: 


Այդ աշխատանքը նա նվիրել է մորը՝ Լիտվայի երաժշտության եւ թատրոնի ակադեմիայի պրոֆեսոր, սոպրանո Իրենա Միլկեւիչուտեին, հայտնում է Opera Vibes-ը։ Իսկ Հասմիկ Գրիգորյանի հայրը հայտնի տենոր Գեղամ Գրիգորյանն է:

The New York Times-ը Գրիգորյանին անվանել է բացառիկ խելացի եւ գրավիչ երգչուհի, որը պահանջված է աշխարհի մեծ բեմերում:


Նախորդ թատերաշրջանում նա համալրել է այն եզակի արտիստների շարքը, որոնք մենահամերգներով հանդես են եկել «Մետրոպոլիտեն օպերայի» բեմում։ 



«Նոր թատերաշրջանում Հասմիկ Գրիգորյանը վերադառնում է «Մետրոպոլիտեն օպերայի» բեմ՝ «Յենուֆա» օպերայում կատարելով գլխավոր դերը: Սա պատմություն է մի երիտասարդ կնոջ մասին, որին հուսահատության են հասցրել դավաճանությունն ու հարազատների կողմից լքված լինելը։ Գրիգորյանը հանդես կգա Կլաուս Գուտի՝ հոգեբանական խոր վերլուծության վրա հիմնված նոր բեմադրությունում։ Լոնդոնյան պրեմիերայի ժամանակ The Telegraph-ն այն բնութագրել է որպես սուր եւ տպավորիչ բեմադրություն, որն անկասկած դասական կդառնա»,- գրել է «Մետրոպոլիտեն օպերայի» մամուլի ծառայությունը:


Լեոշ Յանաչեկի «Յենուֆա» օպերայի նոր բեմադրությունում փայլելուց օրեր անց Գրիգորյանը ներկայացրել է Պուչինիի, Դվորժակի, Վերդիի եւ Շտրաուսի օպերային գլուխգործոցներից կազմված ծրագիր՝ դաշնակահարներ հայր եւ որդի Պետրաս եւ Լուկաս Գենյուշասների նվագակցությամբ։

«Բոլորս մարդ ենք ու ստիպված ենք պայքարել նույն խնդիրների դեմ։ Ինձ համար ամենակարեւորը սեփական պատմությունը ներկայացնելն ու զգացածս արտահայտելն է։ Այդ անկեղծ հույզերն ու ազնվությունը հանդիսատեսին հնարավորություն են տալիս ընտրելու, թե ինչ է նա ցանկանում տեսնել ու քաղել այդ պատմությունից: Գուցե հենց դա էլ իմ առաքելությունն է՝ ստիպել մարդկանց զգալ եւ արտասվել»,- իր վերջին հարցազրույցներից մեկում ասել է Գրիգորյանը:

Կարդալ ավելին

Quality Sign BW