13-ամյա Նարե Քերոբյանը «BOO!» երգով կներկայացնի Հայաստանը Մալթայում հոկտեմբերի 24-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի միջազգային մրցույթում։ Երեկ երեկոյան տեղի ունեցավ տեսահոլովակի փակ նախադիտումը, որից հետո այն հասանելի է արդեն YouTube-ում։
Նարեն հուզված ընդունեց շնորհավորանքներն ու լսեց կարծիքներ եվրատեսիլյան ավագ գործընկերներից, իսկ հետո Bravo.am-ին պատմեց, որ շատ է երազել մասնակցել մրցույթին։ Երեք փորձից հետո միայն այս տարի է նրա երազանքն իրականացել՝ դարձել է Հայաստանի պատվիրակը։
«Երբ իմացա, շատ տարբեր հույզեր ապրեցի: Լացեցի, երբ ասացին, որ ես եմ ներկայացնելու Հայաստանը: Նախորդ անգամներին չէի հիասթափվում, քանի որ շատ նպատակասլաց եմ. եթե մտքիս մի բան կա, պետք է հասնեմ դրան։ Միշտ երազել եմ երգչուհի դառնալ, ու սա շատ լավ հնարավորություն է։
Լավ եմ տրամադրված մրցույթին, բայց նաեւ որպես պատվիրակ զգում եմ այդ մեծ պատասխանատվությունը: Ամեն կերպ աշխատում եմ, որ շատ լավ ելույթ ունենամ եւ պատվով ներկայացնեմ իմ երկիրը։
Երգն էլ եմ շատ հավանել։ Նախնական տարբերակը լսելիս արդեն զգացի, որ լավ բան է ստացվելու: Շատ էներգետիկ երգ է: Հուսամ եւ կարծում եմ՝ լսելիս կուզեն պարել»,-ասաց Նարեն։
Նա Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրն է: Քերոբյանն ընտանիքի մյուս անդամների հետ ներկա էր տեսահոլովակի փակ դիտմանը։ Նարեի խոսքով՝ ծնողները միշտ աջակցում են իրեն․ «5 տարեկանից երգում եմ, եւ նրանք միշտ էլ կողքիս են, ուրախանում են իմ հաջողություններով»։
«BOO!» երգի հեղինակներն են Լիլիթ Նավասարդյանը եւ Գրիգոր Կոկչյանը, իսկ երաժշտական ձեւավորումն արել է Նիկ Էգիբյանը։ Տեսահոլովակը նկարել է Արթուր Մանուկյանը՝ կիրառելով վառ ու ժամանակակից լուծումներ, որոնք պատանիների շրջանում տարածված են։ Հովհաննես Սարգսյանը պարային լուծումներով է ամբողջացրել Հայաստանի պատվիրակի երգը։
Առաջին ալիքի հանրային կապերի եւ թվային հաղորդակցության ծառայության ղեկավար Լուսինե Թորոսյանի խոսքով՝ թե՛ երգը, թե՛ Նարեի կերպարը ժամանակակից, թրենդային լուծումներով են, ինչն ավելի հիշելի կդարձնի նրա ելույթը։
«Երգում նկարագրվում է մի իրավիճակ, որի միջով շատերս կամ բոլորս անցել ենք. երբ տանը՝ սենյակում, մենակ ենք ու տպավորություն է, թե վախենալու ստվերներ կան, որոնցից ուզում ենք փախչել։ Մենք դա վերածել ենք խաղի՝ ռիթմիկ երգի տեսքով, եւ շատ լավ ստացվել է։
Այս տարի եւս հեռուստաընկերության կողմից ներքին ընտրություն է եղել, որին մի քանի տասնյակ մասնակից է դիմել: Շատ տաղանդավոր երեխաներ էին, եւ լսումները հետաքրքիր ու բարդ էին։ Պրոֆեսիոնալ ժյուրին ընտրեց Նարեին, որը երեք տարի պայքարեց, աշխատեց ջանասիրաբար, եւ այսօր արդեն պատրաստ է մեծ բեմում ներկայացնել մեր երկիրը։ Շատ տաղանդավոր եւ ներկայանալի աղջիկ է, եւ մենք նրան վստահեցինք այդ ծանր պարտականությունը»,- նշեց Թորոսյանը։
Նա նշել է, որ մասնակից երեխաներին հնարավորինս փորձում են ներգրավել նաեւ այլ նախագծերում. «Մեզ դիմած երեխաներից մեկը «Արկածների հետքերով» հաղորդման շրջանակում հանդես կգա որպես հաղորդավար։ Նա չդարձավ պատվիրակ, բայց միացավ մեր մեծ հեռուստաընտանիքին»։
Այս տարի Հայաստանի պատվիրակի ընտրության ժյուրիի կազմում եղել են «Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը, երաժշտական պրոդյուսեր Անուշիկ Տեր-Ղուկասյանը, ռեժիսոր Արթուր Մանկույանը, «Եվրատեսիլ 2019»-ի ներկայացուցիչ Սրբուկը, «Եվրատեսիլ 2022»-ի պատվիրակ Ռոզա Լինը, երգահան Լիլիթ Նավասարդյանը եւ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի պատվիրակ Ալբերտ Արմենակյանը։
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Առաջին ալիքի


×
93





