Մանե Գրիգորյանն իր պորտֆոլիոն համալրել է նոր լուսանկարներով: Հաղորդավարուհին BRAVO.am-ին է տրամադրել ֆոտոշարքը՝ խոսելով ոճային փոփոխության, հիասթափության մասին, եւ ոչ միայն:
«LON-ի հետ վաղեմի ընկերներ ենք, իմ գրեթե բոլոր լուսանկարների հեղինակն ինքն է: Փորձառու եւ արագաշարժ մասնագետ է, կարճ ժամանակում գոհացնող արդյունք ենք ստանում: Շատ սպասել չեմ սիրում, դրա համար փորձում եմ համագործակցել արագաշարժ մարդկանց հետ: Նա գյումրեցի է, ինչն էլ վկայում է, որ նկարահանման ընթացքն ուրախ մթնոլորտում է անցել: Առաջին դեպքն է, որ տաղավարային նկարահանում ենք իրականացրել. նախկին բոլոր շարքերը բացօթյա են եղել՝ Երեւանում, Գյումրիում, Դիլիջանում, Սեւանում: Լուսանկարները շատ եմ հավանել: Սիրում եմ այսպիսի ֆոտոշարքերը. կարողանում ես եթերային ոճից տարբերվող կերպարով հանդես գալ: Ճիշտ է՝ Հանրայինում աշխատում եմ փորձառու թիմի հետ, ովքեր հետեւում են նորաձեւության վերջին միտումներին, բայց, բնականաբար, եթերային եւ հեռուստատեսային ոճը զգալի տարբերվում է այն կերպարից, որով ներկայացել եմ: Հետաքրքիր նորամուծություն էր»,- ասել է Մանեն:
Մանե Գրիգորյանը
Սանրվածքի փոփոխություն չի պատրաստվում անել.«Սիրում եմ կարե սանրվածքը, վերջերս էլ իմ ամենասիրելի «Թղթե տունը» իսպանական սերիալն էի դիտում, որտեղ շատ եմ համակրում Տոկիոյի կերպարը, ով այդպիսի սանրվածքով է: Նրանից ոգեշնչվելով՝ ձեռք բերեցի այս կեղծամն ու որոշեցի ֆոտոշարք ունենալ: Սանրվածքս փոխելու անհաջող փորձ տարիներ առաջ ունեցել եմ: Մազերս կտրելուց ու գունափոխելուց 10 րոպե անց փոշմանել էի, բայց արդեն ուշ էր: Երկու տարի պահանջվեց վարսերիս չափն ու որակը վերականգնելու համար: Ծանր ապրումների մեջ էի, այդ ժամանակաշրջանը հիշելով՝ երեւի էլ երբեք նման քայլի չգնամ: Վերջին օրերին սանրվածքս շատ քննարկվեց: Շատերին թվացել էր, որ իրոք կտրել եմ մազերս, մի շարք նամակներ ու դրական կարծիքներ եմ ստացել, ասում են՝ սազում է»:
Հաղորդավարուհին վերհիշել է իր առաջին լուսանկարահանումը.«Մեր տան տուժածն եմ եղել: Մեծ եղբայրս մանկական տարիքի մի շարք լուսանկարներ ունի, իսկ իմ ծնվելուց հետո դժվար ժամանակներ են եղել, մանկության տարիներից շատ հուշեր չունեմ: Առաջին լուսանկարահանումը, որ հիշում եմ, ավելի մեծ տարիքում է եղել, Մայք Աքյանի ստուդիայում ընտանիքով էինք նկարահանվում: Միացյալ Նահանգներում էլ գովազդային երկու լուրջ լուսանկարահանման եմ մասնակցել, կազմակերպիչներն առաջարկում էին մնալ եւ այդ ոլորտում աշխատել, բնականաբար, հայրս չթողեց, ինչի համար շատ ուրախ եմ»,- եզրափակել է Մանեն:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ LON-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: