×


Երեւան Մոլում Մարտի 8-ը նշանավորվել է Արամ MP3-ի ուրախ համերգով եւ տեսահոլովակի պրեմիերայով

«Երեւան Մոլ» առեւտրաժամանցային կենտրոնում ոչ մի տոնական օր աննկատ չի անցնում, եւ Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ն էլ բացառություն չէր: Այս անգամ, սակայն, տոնելու առիթները երկուսն էին, քանի որ օրը նշանավորվեց նաեւ Արամ Mp3-ի համերգով ու նոր՝ «Հերիք եղավ» երգի տեսահոլովակի շնորհանդեսով: BRAVO.am-ը լուսանկարել է միջոցառման հետաքրքիր ընթացքն ու զրուցել Արամի հետ՝ մանրամասներ պարզելու տեսահոլովակի նկարահանումների եւ «Վիտամին» ակումբի նախկին գործընկերներին հոլովակում ընդգրկելու մասին:

Արամ MP3-ի համերգը՝ Երեւան Մոլում


Մոլի կենտրոնական ատրիումն արդեն մարդաշատ էր, երբ Արամ Mp3-ն իր համերգը սկսեց պարային հիթերի կատարմամբ` նախ շնորհավորելով բոլոր կանանց ու աղջիկներին միամսյանկի առթիվ: Երգչի երկրպագուները, իհարկե, միացան օրվա բարձր տրամադրությունն ապահովելու գործին եւ պարեցին Արամի հետ ողջ երեկոյի ընթացքում: Իսկ երբ հերթը հասավ վերջին շրջանի ամենասիրված հիթերից մեկին՝ «Կուզես» երգի կատարմանը, ներկաները միաձայն երգեցին Արամի հետ սկզբից մինչեւ վերջ:

Օրվա ամենասպասված պահը, իհարկե, «Հերիք եղավ» տեսահոլովակի պրեմիերան էր: Գուցե ներկաներից շատերը սպասում էին, որ օրվա տրամադրությանը համահունչ որեւէ մեղեդային երգ է լինելու, սակայն ինչպես պարզվեց, թե՛ երգի, եւ թե՛ տեսահոլովակի հիմքում կատակ մտքեր են.«Փորձել ենք հումորային տեսանկյունից ներկայացնել տղամարդկանց շնորհավորանքն աղջիկներին: Այս ամենն, իհարկե, կատակ էր, խնդրում եմ մեզ դրսում փայտերով չսպասել»,- դիմելով ներկաներին` կատակեց Արամը: Իր ելույթը նա ավարտեց ավանդական դարձած սելֆիով:

Մարտի 8-ը` Երեւան Մոլում


Հատկանշական է, որ Արամ Mp3-ի նոր հոլովակում նկարահանվել են նրա նախկին ու ներկա գործընկերները՝ Գարիկ Պապոյանը, Վաչե Թովմասյանը, Գրիկը, Տիկոն, Վանը, Արմանը, Մհերը, Վահանը, եւ նույնիսկ ռեժիսորը՝ Արամայիս Հայրապետյանը. «Շատերը պիտի նկարահանվեին, պարզապես նրանց մեծ մասն այս օրերին արտերկրում է: Իսկ մենք երկու օր առաջ ենք նկարահանել տեսահոլովակը եւ պետք է հասցնեինք այսօր թողարկել: Իրականում ասեմ, որ ես այդպես տրամադրված չեմ ոչ մեկի հանդեպ (ժպտում է,- հեղ.): Ուղղակի հետաքրքիր թեմա էր, երգարվեստում անդրադարձ չէր եղել ամեն դեպքում»,- BRAVO.am-ի հետ զրույցում պատմեց Արամը:

Նրա խոսքով` երգի երաժշտությունը գրել է ինքը, իսկ խոսքերը հեղինակել է Ֆելիքս Խաչատրյանը, գործիքավորումն էլ արել է Նիկ Էգիբյանը: Հոլովակի ռեժիսորը, ինչպես նշեցինք, Արամայիս Հայրապետյանն է, օպերատորը` Արտյոմ Աբովյանը, իսկ ոճաբանը` Դիանա Շատվերյանը: Ինչ վերաբերում է պրեմիերայի վայրին, ապա Արամը նկատեց, որ արդեն ավանդույթ է դարձել նոր երգերն ու տեսահոլովակները ներկայացնել «Երեւան Մոլ»-ում կազմակերպված համերգների ընթացքում, եւ այս անգամ էլ որոշել են չխախտել այդ ավանդույթը:

Արամ MP3-ի համերգը՝ Երեւան Մոլում


Արամ Mp3-ի նոր` «Հերիք եղավ» երգի տեսահոլովակը կարող եք դիտել այստեղ, դե, իսկ մեկնաբանություններում կիսվել կարծիքներով:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW