×


«Նախապատվությունը տրվեց Արա Մարտիրոսյանի առաջարկին». Իվետա Մուկուչյան

Արա Մարտիրոսյանի եւ Իվետա Մուկուչյանի «Полу я» զուգերգի տեսահոլովակի անոնսը համացանցում հայտնվեց օրեր առաջ, սակայն պրեմիերան անորոշ ժամանակով հետաձգվել է՝ երկրում նոր իրավիճակով պայմանավորված: Երգչուհին BRAVO.am-ին է տրամադրել բեքսթեյջ լուսանկարները, խոսել մտահոգությունների մասին, նաեւ ներկայացրել երգի եւ հոլավակի ստեղծման պատմությունը:



«Այս պահին ամբողջ աշխարհն այլ թեմայի վրա է կենտրոնացել, եւ բոլորիս մտահոգություններն այս փուլում այլ են, հետեւաբար, տեսահոլովակի թողարկումը չէինք կարող չհետաձգել»,-ասել է Իվետան եւ հավելել, որ ժամկետներ դեռ չեն կարող հստակեցնել.«Ամեն բան կախված է նրանից, թե ինչպիսին կլինի իրավիճակը: Մենք էլ մեր հերթին չէինք կարող անտեսել եւ չհարգել այս փուլում ստեղծված իրավիճակը, բայց հուսանք՝ շատ շուտով տեսահոլովակը կհանձնենք լսարանի դատին»:

«Полу я» երգի տեսահոլովակի նկարահանումներին




Պարզվում է՝ զուգերգի համար սկզբում այլ երգ է նախատեսված եղել.«Ավելի վաղ ես երաժշտություն էի գրել, Ավետ Բարսեղյանն էլ՝ իմ երգի համար խոսքեր: Քննարկում էինք, թե ում հետ կարող եմ զուգերգով հանդես գալ, առաջարկեցի Արա Մարտիրոսյանին, համաձայնեց, սակայն մեզ այլ երգ ներկայացրեց, որին էլ տրվեց նախապատվությունը: Արդյունքում ունեցանք «Полу я» երգը, որի երաժշտությունը գրել է Սերգեյ Նայդուն, իսկ խոսքերը՝ Լարիսա Արխիպենկոն, գործիքավորումն արել են Կարենը եւ Սեւակը»,-պատմել է երգչուհին:


Տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է, որի հետ թե՛ Իվետա Մուկուչյանը, թե՛ Արա Մարտիրոսյանը համագործակցելու առիթներ ունեցել են: Նկարահանումներն իրականացվել են Երեւանում:

Երգչուհու խոսքով՝ «Полу я» երգը սիրո եւ այն մասին է, թե ինչերի է մարդը պատրաստ, երբ սիրելի էակն իր կողքին չէ: Վերնագիրն էլ արդեն իսկ հուշում է, որ երգը կատարում են ռուսերենով:

«Полу я» երգի տեսահոլովակի նկարահանումներին



Անդրադառնալով իր հեղինակած երգին՝ Իվետա Մուկուչյանն ասել է. «Հնարավոր է, որ դրան հետագայում անդրադառնամ»:


Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/

Լուսանկարները տրամադրել է Իվետա Մուկուչյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport