×


«Կարտոշկայի ժարիտ + DJing». Դիջեյ Վակցինան ուղիղ եթերում պատրաստում է եւ նվագում իրենց խոհանոցում

Այս օրերին, երբ շատերը կորոնավիրուսի տարածման հետեւանքով ինքնամեկուսացել են իրենց տներում, չձանձրանալու եւ առօրյան հետաքրքիր դարձնելու համար որեւէ յուրօրինակ զբաղմունք են նախաձեռնում: Արուսիկ Մկրտչյանը՝ դիջեյ Վակցինան, օրինակ, երեկ իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում էլեկտրոնային երաժշտություն էր նվագում եւ միաժամանակ կարտոֆիլ տապակում իրենց տան խոհանոցում: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է, թե ինչպես է երեխաների հետ կազմակերպում առօրյան, ինչպես նաեւ խոսել է «Կարտոշկայի ժարիտ + DJing» խորագրով եթերի ու դրա հնարավոր շարունակության մասին:




Արուսիկի խոսքով՝ այժմ իր օրերը նվիրված են երեխաներին ու տնային տարբեր աշխատանքներին.«Հիմա այն ժամանակաշրջանն է, երբ հարյուր տոկոսով ինձ վրա եմ վերցրել ամբողջ ծանրաբեռնվածությունը՝ ե՛ւ երեխաների խնամքի, նրանց հետ դասեր անելու, խաղալու, ե՛ւ տնային տնտեսության հետ կապված գործերի` լվացք, արդուկ, խոհանոց, մաքրություն եւ այլն: Այդ ամենը մեկ օրվա ընթացքում անելն ուղղակի անհնար է»:


Նա նշել է, որ նախկինում էլ առիթ է ունեցել չաշխատել, երբ տղան՝ Միկան, ավելի փոքր էր: Չնայած դրան՝ տնային առօրյան այժմ էլ անսովոր է իր համար, քանի որ մինչ արտակարգ իրավիճակի մեկնարկն օրվա 80 տոկոսն անցկացրել է աշխատանքային միջավայրում: «Կարծես կարոտել էի այս իրավիճակը, երբ տնային տնտեսուհու պես ամբողջ օրը հոգ եմ տանում ընտանիքիս մասին, եւ դա, իհարկե, շատ հաճելի զգացողություն է: Բայց հուսով եմ՝ գոնե մեկ ամսից կավարտվի այս կարանտինը, եւ բացի տնային աշխատանքներից, կկարողանամ իմ մյուս գործերը նույնպես կատարել: Որոշ մասն անում եմ առցանց, բայց ոչ, իհարկե, ամբողջ ծավալով»:

Ինչպես հայտնի է, ինքնամեկուսացման պայմաններում դասերն ընթանում են առցանց տարբերակով, եւ Արուսիկն էլ մյուս մայրերի պես օգնում է առաջին դասարան հաճախող որդուն` Վիկտորին, կատարել տնային առաջադրանքները: Չեն մոռանում նաեւ խաղերի ու նկարչության մասին: Նա ընդգծում է` շատ կարեւոր է այս օրերին մնալ տանն ու նվազեցնել վարակման ռիսկը:

Արուսիկ Մկրտչյանի որդիները



Ինչ վերաբերում է ֆեյսբուքյան ուղիղ եթերին, ապա Արուսիկը խոստովանում է, որ դիջեյական աշխատանքն իր ամենասիրելի նախասիրություններից մեկն է, եւ այս օրերին չէր կարող չանդրադառնալ դրան.«Դե, քանի որ պիտի ուտելու որեւէ բան պատրաստեի, որոշեցի նվագելուն զուգահեռ անել: Իհարկե, շատ բարդ բան պատրաստել չէի կարող, որովհետեւ մեծ ուշադրություն կպահանջվեր, փորձեցի կարտոֆիլ տապակել (ժպտում է,- հեղ.): Իհարկե, այնքան էլ առողջարար ուտեստ չէ, եւ մենք շատ հազվադեպ ենք տապակած կարտոֆիլ ուտում, բայց այնուամենայնիվ, երբեմն կարելի է: Ու քանի որ տանն ամենահարմար վայրը խոհանոցն էր՝ դիջեյական վահանակը տեղադրելու համար, որոշեցի այդ երկու գործողությունները համադրել»:


Նա որոշել է շարունակել ուղիղ եթերներում նվագել-պատրաստելու գործընթացը, եւ այն մարդիկ, ովքեր կցանկանան երեկոյան հաուս ոճի երաժշտություն լսել, կարող են հետեւել իր էջին.«Կփորձեմ էլի ոչ շատ բարդ ուտելիքներ պատրաստել եւ այդ գործընթացը համադրել տարբեր ժանրերի երաժշտություն նվագելու հետ»: Նրանից կեսկատակ հետաքրքրվեցինք՝ իսկ հարեւանները չե՞ն բողոքում երաժշտության ձայնի պատճառով, բայց Արուսիկն ասաց, որ ադեկվատ հարեւաններ ունի. «Չեն դժգոհում: Այդ առումով բախտս բերել է»:



Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/

Լուսանկարները տրամադրել է Արուսիկ Մկրտրյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին