×


Ամերիկացի ուսանողների հայաստանյան արկածների մասին սերիալը հավակնում է «Էմմիի»

Ռեժիսոր եւ պրոդյուսեր Սերգեյ Սարկիսովի «Չարի հպումը» («Evil Touch») միստիկական մինի-սերիալը, որ պատմում է ամերիկացի ուսանողների՝ Հայաստան ուղեւորության մասին, ընդգրկվել է ցերեկային հեռուստածրագրերի համար «Էմմի» մրցանակաբաշխության հավակնորդների կարճ ցուցակում: Այս մասին «ՏԱՍՍ» գործակալությանը հայտնել են «Բլից ֆիլմ» ընկերությունից, որն էլ զբաղվում է սերիալի արտադրությամբ:

Սերիալի ստեղծմանը մասնակցել են նաեւ ամերիկայն «Associated Television» եւ հայկական «Academy Films» ընկերությունները: Հաղորդագրությունում նշվում է, որ «Չարի հպումը» միստիկական սերիալը նկարահանվել է Հայաստանի տարածքում՝ ամերիկյան հեռուստատեսության համար՝ մասնակցությամբ հայ, ամերիկացի եւ բրիտանացի դերասանների, ինչպես նաեւ ռուսական նկարահանող խմբի:

Կադրը՝ «Չարի հպումը» ֆիլմից


«Ֆիլմի ստեղծումը նպաստել է, որ արտասահմացի կինոգործիչները գնահատեն Հայաստանում կինոարտադրության ներուժը, հստակեցնեն գնային քաղաքականությունը, մասնագիտական մակարդակը եւ ծանոթանան կինոարտադրության համար տարաբնույթ վայրերին»,- ասել է Սերգեյ Սարկիսովը:

Ըստ սերիալի սյուժեի՝ ամերիկացի ուսանողներն իրենց ուղեւորության ժամանակ պատահաբար հայտնվում են հայկական խուլ գյուղում: Ստիպված լինելով այնտեղ գիշերել՝ նրանք շուտով հասկանում են, որ տեղը վտանգավոր է. հենց այդտեղ է գտնվում այն զնդանը, որի մեջ դարերով փակված է եղել «չար ոգին»:

«Չարի հպումը» ֆիլմի նկարահանումներին


«Էմմի» մրցանակաբաշխության հավակնորդների եւ դափնեկիրների ցուցակը կազմակերպիչները հստակեցնելու են մինչեւ ապրիլի 26-ը: Պարգեւատրման արարողությունը հետաձգվել է անորոշ ժամանակով՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով: Այն պետք է կայանար 2020 թվականի հունիսին:

Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ blitzfilms.com-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին