×


«Ամուսինս ասում է՝ ավելի լավ է՝ վրան ծիծաղեն, քան վարակ տուն բերի». Գոհար Հարությունյան

Գոհար Հարությունյանն իր բազմանդամ ընտանիքի հետ մեկուսացել է երեւանամերձ իրենց առանձնատանը: Երկրում հաստատված արտակարգ դրության պայմաններում էլ նրանք նշել են ավագ դստեր՝ Մելինեի 12-ամյակը: Գոհարը BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է առօրյա դժվարությունների, նաեւ վախերի մասին:


«Մելինեն մեծ է, ինչ-որ չափով գիտակցում է պահի լրջությունն ու շատ չնեղսրտեց առանց հյուրերի տոնական օր կազմակերպելու մեր առաջարկից: Բազմանդամ ընտանիք ենք, ամեն մեկս մեր հերթին փորձեցինք նրա համար հաճելի հիշողություններ ապահովել: Մայքլ Ջեքսոնի արվեստի սիրահար է. փոփ-արքայի լուսանկարով տորթ էինք պատվիրել, նաեւ իր շապիկին տպագրել, շատ ուրախացավ: Ընկերուհին ու տատիկն էին մեզ հյուր եկել: Մյուս ընկերներն էլ տեսազանգով էին անակնկալ մատուցել: Մի խոսքով՝ մեկուսացման պայմաններում հնարավորինս ուրախ ու հիշարժան օր անցկացրինք»,- պատմել է գեղեցկուհին:

Մելինեն



Նա խոստովանել է, որ դուստրը չի հավատում, որ Մայքլ Ջեքսոնը մահացել է.«Շատ տարված է նրանով, երազում է տեսնելու եւ միասին երգելու մասին: Տորթի մոմերը փչելիս էլ այդ երազաքն է մտապահել, որը, ցավոք, չենք կարող իրականացնել: Սա էլ մի տարիք է, դեռահաս աղջնակի երազանքներ են, որոնք ժամանակի ընթացքում կփոխվեն»:


Օրեր անց էլ Գոհարի միջնեկ աղջկա՝ Բիայնայի ծննդյան օրն է.«Նրա պարագայում դժվար է լինելու. շատ է ուզում, որ ընկերները մեզ հյուր գան, դեռ փորձում ենք բացատրել մեծ խնջույք չկազմակերպելու պատճառը, տեսնենք՝ ինչպես կընդունի»:

Գոհար Հարությունյանը՝ երեխաների հետ



Տնից չեն բացակայում.«Մուտքն ու ելքն արգելված է, ինքս էլ ոչ մի տեղ չեմ գնում: Տան համար անհրաժեշտ գնումներով ամուսինս է զբաղվում, այն էլ՝ շաբաթը մեկ անգամ՝ հատուկ հանդերձանքով: Օրեր առաջ, երբ գնումների էր գնում, հատուկ հագուստ, ակնոց, ձեռնոց եւ դիմակ տվեցի, ինձ թվում էր՝ ավտոմեքենայի մեջ կհանի, բայց տուն եկավ նույն կերպ: Ասում է՝ ավելի լավ է՝ վրան ծիծաղեն, քան վարակ տուն բերի»:


Երեխաները հաճախ են սրտնեղում.«Ամեն օր նրանց բացատրում եմ, թե ինչ է կատարվում աշխարհում: Պատմում եմ Արցախյան շարժման տարիների մասին, որ մենք էլ ենք մեկուսացման մեջ եղել, այն էլ՝ ավելի վատ պայմաններում, որ լույս չենք ունեցել, հեռախոս, համակարգիչ, բայց կարողացել ենք հաղթահարել եւ չտրտնջալ, հիմա իրենց հերթն է: Ցավոք, ասածներիս ազդեցությունը կարճ է տեւում: Բախտս բերել է, որ մեր տունը քաղաքից դուրս է, գեղեցիկ բակ ունենք, որտեղ ավելի հաճելի է կազամերպել մեկուսացումն ու մաքուր օդ շնչել»:

Գոհար Հարությունյանի դուստրը



Գիտակցում է, որ առանց երեխաների ավելի ձանձրալի կլիներ.«Հինգ բալիկի հետ ամբողջ օրը տանը մենակ մնալը, մեծ տան մաքրությամբ, ուտելիք պատրաստելով զբաղվելը, ինչ խոսք, շատ դժվար է: Տանն աղմուկը շատ է, հոգնեցող, պահի տակ նեղվում եմ, բայց ընդունում, որ այսպես ավելի հետաքրքիր է: Աղջիկներս շատ են օգնում ինձ մաքրության հարցում, նույնիսկ երկու տարեկան ձագուկներս շորը վերցնում են եւ տան փոշիները մաքրում: Դայակներ եւ տան աշխատող այս օրերին չունեմ, չեմ ուզում ելումուտը շատ լինի»:


Պարզվում է՝ ամիսներ առաջ ընտանիքի բոլոր անդամները H1N1-ով էին վարակվել. «Նույնիսկ հիվանդանոց պառկեցինք: Միայն ես էի առողջ եւ խնամում էի բոլորին: Շատ եմ վախենում, որ կարող է ես էլ վարակվեմ, այդ ժամանակ ո՞վ հոգ կտանի երեխաներիս ու իմ մասին, ճիշտ է՝ մայրս ցանկացած պարագայում մեր կողքին է, բայց չեմ ցանկանա նրա կյանքը վտանգել»,- եզրափակել է Գահարը:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/

Լուսանկարները՝ Գոհար Հարությունյանի արխիվից եւ BRAVO.am-ի
Գլխավոր լուսանկարը՝ Tert.am Life-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին