Երեկ՝ ապրիլի 21-ի կեսօրին, ծնվել է Հասմիկ Կարապետյանի երկրորդ երեխան: Երգչուհին ամուսնուն որդի է պարգեւել: Զգացողությունների ու հույզերի մասին Հասմիկն առաջինը պատմել է BRAVO.am-ին:
«Աստծո կամքով այսօր լույս աշխարհ եկավ մեր որդին: Տղայիս քաշը 2.960 գրամ է, իսկ հասակը՝ 48 սմ: Այսօր երկրորդ անգամ համոզվեցի, որ մայր լինելն իսկապես հրաշք է: Հիմա շատ ավելի ներդաշնակ եմ ինձ զգում, չկան վախեր, որպես մայր՝ արդեն փորձառու եմ եւ վայելելու եմ ամեն վայրկյանը: Երբ դուստրս ծնվեց, այլ զգացողություններ ունեի: Ունենալով որդի՝ այսօր ինձ առավել ուժեղ եմ զգում»:
Երգչուհին նշեց, որ ամուսինն անչափ հուզված է.«Շանթը երազում էր որդի ունենալ, որովհետեւ նրա համար մեկ երեխան շատ քիչ է: Ամուսինս կարծում է, որ լիարժեք ընտանիքում պետք է լինեն մեկից ավելի երեխաներ»:
Հասմիկ Կարապետյանը՝ դստեր հետ
Հասմիկն ասաց, որ տղայի անվան հարցում դեռ վերջնական որոշում չունեն. «Կա մի քանի անուն, դեռ մտածում ենք: Էականն ու կարեւորն այն է, որ առողջ բալիկ է ծնվել: Յուրաքանչյուր հայր ու մայր ցանկալի է, որ երկու սեռի երեխա էլ ունենան, քանի որ զգացողությունները շատ տարբեր են: Իսկ մեր փոքրիկ տղան շատ համովիկ ու քաղցրիկ է: Հիմա իսկապես վայելում ենք ամեն պահը: Շատ ուրախ եմ, որ Տաթեւս մենակ չի լինի այլեւս: Մենք որպես ծնողներ շատ նրբանկատորեն ենք վերաբերվելու Տաթեւին. նա պետք է նույն սերն ու հոգատարությունը տեսնի մեզնից եւ հասկանա, որ փոքրիկ եղբորն իր համար ենք ունեցել»:
Շնորհավորում ենք Հասմիկին եւ Շանթին՝ նորածին տղային եւ բոլոր երեխաներին մաղթելով առողջ ու անհոգ մանկություն:
Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Հասմիկ Կարապետյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: