×


«Ինչպե՞ս ապրել». Ջոն Մալկովիչի բազմաթիվ դեմքերը W-ի ֆոտոշարքում եւ նոր դերը, որը կարող է նրան «Օսկար» բերել

W ամսագրի համար դերասան Ջոն Մալկովիչը նկարիչ եւ քանդակագործ Գոշկա Մաչուգայի հետ հետաքրքիր ֆոտոշարք է իրականացրել՝ «ցույց տալով իր բազմաթիվ դեմքերը»։ Իսկ հարցազրույցում նա խորհել է իր 50-ամյա կարիերայի մասին:

Մալկովիչը ռեժիսոր Մարտին Մակդոնայի «Իններորդ վայրի ձին» նոր քաղաքական թրիլերում եւ սեւ կատակերգությունում դերակատարման համար Վենետիկի կինոփառատոնում ճանաչվել է լավագույն դերասան եւ արժանացել Վոլպիի գավաթին։ Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1970-ականների Չիլիում՝ ռազմական հեղաշրջման նախօրեին։ Մասնագետների կարծիքով՝ այս դերակատարման շնորհիվ 72-ամյա դերասանը գալիք «Օսկար»-ի գլխավոր հավակնորդներից մեկը կլինի։



Ֆիլմում Մալկովիչի մարմնավորած հերոսը մահանում է քաղցկեղից։ Կյանքի վերջին շրջանում նա սկսում է ափսոսալ նախկինում կատարած ընտրությունների համար, որոնց հետեւանքով բազմաթիվ անմեղ մարդիկ են մահացել։ «Քրիսը հետ է նայում իր կյանքին ու հասկանում, որ նպատակն ամեն դեպքում չի արդարացնում միջոցները»,- նշել է Մալկովիչը։

Հիշողությունների մշուշոտ հորձանուտում նա հոգեւոր կապ է հաստատում Զատկի կղզու վայրի ձիերի հետ։ Մալկովիչը կարիերայի ընթացքում բազմիցս է աշխատել ձիերի հետ. «Չեմպիոն» ֆիլմում անգամ մարմնավորել է իրական մարզիչ Լյուսիեն Լորենին, բայց, միեւնույն է, այդ կենդանիները նրա համար շարունակում են հանելուկային մնալ։


«Կարող ես ձիու ականջից ընդամենը մի քանի սանտիմետր հեռավորության վրա ամբողջ օրը հրացանից կրակել, եւ նա չի էլ նկատի ու կշարունակի ապրել իր կյանքով։ Բայց եթե չորս մղոն հեռավորությունից տեսնի, թե ինչպես է քամին տարուբերում փոքրիկ պլաստիկ տոպրակը, սարսափահար կլինի ու խելագարի պես կսկսի վազվզել։ Ձիերն ապրում են իրենց սեփական աշխարհում եւ անում այն, ինչ իրենք են ուզում»,- հիացմունքով նկատել է դերասանը։


Նա խոստովանել է, որ անչափ բախտավոր է համարում իրեն, քանի որ ամբողջ կյանքում զբաղվել է սիրելի գործով. «Դա արդեն ինքնին մրցանակ է։ Աշխատել եմ մեծագույն ռեժիսորների՝ Բերտոլուչիի, Անտոնիոնիի, Սփիլբերգի, Ջեյն Քեմփիոնի եւ շատ ուրիշների հետ։ Բայց իսկական նվերը հենց աշխատանքն է։ Մարդկանց մեծ մասն ամբողջ կյանքում զբաղվում է իրեն չհետաքրքրող գործով՝ ընտանիքը պահելու համար։ Կարծում եմ՝ ֆիլմի նպատակն է մարդկանց մղել խորհելու սեփական կյանքի, կատարած ընտրությունների, արածի ու չարածի եւ այն մասին, թե այդ ամենն ինչպես է ազդում իրենց վրա։ Լավ ֆիլմերը, պիեսներն ու վեպերը, արվեստի մեծ գործերն ու հիանալի երաժշտությունը հարցեր են բարձրացնում՝ ի՞նչն է մեզ համար կարեւոր եւ ինչո՞ւ, ինչպե՞ս ապրել»։

Կարդալ ավելին

Quality Sign BW