Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը բացել է իր կուլիսներն ու Հայաստանի վաստակավոր արտիստ Արմեն Մարությանի հետ ցույց է տալիս իր լեգենդների անցած ուղին:
Մարությանը նոստալգիկ ու հուշերով լի երեկոյի ընթացքում պատմում է իր կարիերայի ընթացքում հանդիպած հայ մեծերի մասին, որոնց հետ աշխատելու կամ ծանոթանալու բախտ է վիճակվել: Յուրահատուկ մանրամասներ կիմանաք Վարդան Աճեմյանի, Ավետ Ավետիսյանի, Վիլյամ Սարոյանի, Մհեր Մկրտչյանի, Մետաքսյա Սիմոնյանի, Արմեն Խոստիկյանի, Սոս Սարգսյանի, Վահե Շահվերդյանի ու այլ մեծերի բեմական, երբեմն նաեւ անձնական կյանքի մասին:
Դերասանն անդրադառնում է նաեւ կնոջը՝ Հայաստանի վաստակավոր արտիստ Ալլա Վարդանյանին, եւ ընկերոջը՝ մեկ այլ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանին։
«Այս մարդկանց մասին ֆիլմեր են նկարվել, բայց այն ամենի մասին, ինչ ես եմ պատմելու, հաստատ ոչինչ չգիտեք։ Երբ հանդիսատեսը հեռանում է, եւ լույսերը մարում են, կուլիսներում սկսվում է թատրոնի իրական կյանքը։ Երկար տարիներ Սունդուկյանում եմ ու լսել եմ հանճարեղ դերասանների կատակները, տեսել նրանց վեճերն ու հաշտությունները: Ու մի շատ կարեւոր բան եմ հասկացել՝ մեծությունները ծնվում են ոչ միայն բեմի վրա, այլ նաեւ՝ կուլիսներում»,- այս խոսքերով է իր ելույթը սկսել դերասանը:
«Լեգենդների կուլիսներում» հանդիպում-երեկոն ավելի ջերմ ու տարբերվող են դարձնում Կարեն Գրիգորյանի ջազ եռյակն ու ծաղրանկարիչ, նկարազարդող Վրեժ Քասունին, որը հենց ներկաների աչքի առաջ պատկերում է բոլոր այն հերոսներին, որոնց մասին պատմում է Մարությանը:
Մինչ ներկայացման սկսվելը դերասանը Bravo.am-ին հյուրընկալեց իր հարդասենյակում ու պատմեց ներկայացման գաղափարի մասին: Սունդուկյանում սպասվող միջոցառումից առաջ թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նրան առաջարկել է մենախոսությամբ հանդես գալ:
«Պատասխանեցի. «Իհարկե, կանեմ: Այնքան դերեր եմ խաղացել, կարող եմ որեւէ մենախոսություն ասել, օրինակ՝ Համլետի կամ Լիր արքայի, նույնիսկ չխաղացած դերերից կիսվել»։ Հետո մտածեցի՝ չգիտեմ, թե հանդիսատեսն ինչ կհավանի, ու առաջարկեցի հումորային պատմություններ պատմել իմ ու ընկերներիս՝ Ֆրունզիկի, Խոստիկյանի, Խորեն Աբրահամյանի կյանքից։ Մտահղացումը հավանեց: Մի երկու բան պատմեցի, դահլիճը հավանեց ու շատ ծիծաղեց: Երեկոյան Մկրտչյանից զանգ ստացա. «Գիտես՝ ինչ, Արմեն, քո ելույթից հետո մտածում եմ՝ կարող ես ներկայացում խաղալ: Նման պատմություններ շա՞տ ունես»։ Դե, մի կյանք խաղացել են թատրոնում, իհարկե, կարող էի»,- նշել է Մարությանը:
Այդպես էլ որոշվել է սցենար գրել ու այդ պատմությունների հիման վրա ներկայացում բեմադրել, որի աշխատանքներով զբաղվել է Սամսոն Մովսեսյանը. «Նա էլ քեզ պես ձայնագրիչը միացրեց, ու մոտ 2,5 ժամ ինչ հիշեցի, պատմեցի: Հետագայում այդ զրույցի հիման վրա սցենար գրվեց ու հետաքրքիր ներկայացում ստացվեց: Ամբողջը թատրոնի մեծերի ու հանճարների մասին է, ինչին ես եմ ականատես եղել ու ինձ են պատմել: Սցենարն այնպես գրեցինք, որ իմաստ ունենա ու պարզապես հանաք չդառնա: Այդ հանճարները բեմից դուրս էլ մեծություն էին ու զարմանահրաշ մարդիկ: Նրանք Աստծո կողմից էին ընտրված։ Միայն այդպիսի մարդիկ կարող են բեմի վրա փայլել, որոնց ի վերուստ է այդ առաքելությունը տրված»։
Արմեն Մարությանը սովորել է Վարդան Աճեմյանի արվեստանոցում, ապա 54 տարի շարունակ աշխատել Սունդուկյանի անվան թատրոնում՝ մարմնավորելով 100-ից ավելի դերեր: Հպարտությամբ նշում է, որ խաղացել է Մկրտչյանի, Աբրահամյանի, Սարգսյանի, Վարդուհի Վարդերեսյանի ու էլի շատ մեծերի հետ: Նրա խաղացանկում առանձնահատուկ նշանակություն ունեն Էլիզբարովը («Պատվի համար»), Բարոնը («Հատակում»), Զիմզիմովը («Պեպո»), վանահայրը («Հին աստվածներ»), Ջոն արքան («Ջոն արքա»), Գոյան («Գոյա»), Հայր Մարդպետը («Արշակ թագավոր») եւ այլն։
«Մեր շատ մեծերի հետ եմ բեմում եղել ու նրանց կողքին եմ կարողացել դառնալ դերասան: Ներկայացման մեջ ասում եմ. «Մի քիչ էլ իմ մասին եմ պատմում, որովհետեւ դու կազմված ես նաեւ այն մարդկանցից, որոնց կողքին անցել է քո կյանքը»: Իսկ ես սկսել եմ Աճեմյանից ու հասել մինչեւ այսօրվա ռեժիսորը: Տարիների ընթացքում շատ բան ես սովորում, եթե, իհարկե, խելք ունես: Եթե չունես, նույնն ես մնալու: Շատերին եմ հանդիպել, որոնք մեծանալով իմաստնացել են, բայց նաեւ տեսել այնպիսիններին, որոնք ավելի են հիմարացել: Ապշելու բան է. ոչինչ չեն վերցրել կյանքից, շրջապատից, հայրենիքից, երկրից, ընկերոջից։ Եվ ներկայացումը նաեւ դրա մասին է»,- անկեղծացել է Մարությանը:
Նրա ամենամեծ ցանկությունն այն է, որ թատերական արվեստը Հայաստանում չմեռնի: Կարծում է՝ ամեն ազգ չէ, որ լավ թատրոն ունի, իսկ հայկականը լավագույններից մեկն է համարում: Հանդես է եկել աշխարհով մեկ ու Լոնդոնում նրա Ջոն արքան բարձր գնահատականի է արժանացել: Մարությանի խոսքով՝ հիմա էլ բազմաթիվ թատրոններ շարունակում են պահել լավագույն ավանդույթները.
«Միայն մեր թատրոնը նկատի չունեմ, շատերը՝ Տիկնիկայինը, Պատանի հանդիսատեսի թատրոնը, Պարոնյանը, Համազգայինը, նշաձողը բավական բարձր են պահում, ինչի համար շատ եմ հպարտանում»:
Երբ փորձում եմ պարզել, թե բեմից հնչող պատմություններից որն է իր համար ամենաթանկն ու հարազատը, Մարությանը պատասխանում է. «Չապլինը դստերն ուղղված իր հայտնի նամակում ասում է. «Ջերալդինա, եթե գա այն պահը, երբ դու քեզ վեր կզգաս հասարակությունից, անմիջապես թող բեմը: Նստիր առաջին իսկ պատահած տաքսին, գնա Փարիզի արվարձաններն ու տես, թե ինչպես են ապրում սովորական մարդիկ»: Հիմա քեզ ուզում եմ ասել. «Նայիր ներկայացումը, Ջերալդինա, եւ ամեն ինչ կտպավորվի քո մեջ: Կասես՝ որքան ճիշտ էր Մարությանը»: Դու իմ հին ընկերն ես: Առհասարակ սիրում եմ լրագրողների հետ շփվել: Բաներ կան, որոնց մասին ես չգիտեմ, ձեր գրելու արդյունքում եմ իմանում: «Ի՜նչ հետաքրքիր է»,-մտածում եմ։ Եվ միամիտ են ու խելք չունեն այն մարդիկ, որոնք խուսանավում են ձեզ պես մարդկանցից: Մինչդեռ պետք է իրար կողքի ապրենք։ Մենք անգամ ամենադաժան քննադատներին պիտի մոտ լինենք, որ հասկանանք՝ ճիշտ ենք անում, թե ոչ: Ռեժիսուրան էլ ծնվեց այն պատճառով, որ կողքից դերասանի աշխատանքին հետեւող այլ աչք լինի: Միշտ ռեժիսորին ասում եմ. «Ես չէ, որ դահլիճից ինձ տեսնում եմ, դու ես տեսնում»: Չնայած՝ միշտ բարձր եմ գնահատում այն դերասաններին, որոնք կարողանում են իրենց կողքից հետեւել, մի քիչ էլ ես եմ կարողանում փորձի եւ կանխազգացման շնորհիվ»:
Սակայն մեր անկեղծ զրույցը դրանով չի ավարտվում։ Մարությանը եւս մի կարեւոր գաղտնիք է բացահայտում, եւ ոչինչ, որ շատերը կարող են համարել, թե «արդեն խելքը գցել է», դերասանն ասում է, որ կյանքի ամենաորոշիչ պահերին թիկունքում լսում է իր ընկերների ձայները։
«Մեկ-մեկ սխալ բան անելիս, երբ ռեժիսորը չի նկատում, հետեւից Ֆրունզիկ Մկրտչյանը հանկարծ ասում է. «Մի, մի արա, այ տղա, էդ հիմար բանը մի արա» (ասում է Մկրտչյանի ձայնով,-հեղ.): Կամ Խորեն Աբրահամյանը նկատում է. «Այ, ես էլ այդպես կանեի»։ Սոս Սարգսյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Վարդուհի Վարդերեսյանը միշտ պետք է քեզ հետ լինեն: Եթե այսօրվա երիտասարդի հետ չեմ, լավ չի խաղա, մեծամիտ չեմ, պարզապես այդպես է։ Մեծ մարդ եմ՝ համարյա 75 տարեկան, բայց ինձ համար կարեւոր է, թե Ֆրունզն ինչ կասի։ Նման շատ բաներ կան մեր բարդ, բայց միաժամանակ հետաքրքիր գործում: Մեկ էլ որեւէ բան չես կարողանում անել ու արվեստի աստվածը վերեւից քեզ հուշում է՝ ինչպես անել: Հետո մտածում ես՝ յարաբ այս ո՞վ ասաց, ո՞նց եղավ»։
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի


×
263





