«Minecraft» հարթակում ապրիլի 18-ին բացվել է նկարիչ, դիզայներ Միքայել Ծատուրյանի «Libertile» ցուցահանդեսը: Հատուկ այդ միջոցառման համար նա Դոնի պետական տեխնիկական համալսարանի թիմի օգնությամբ պատրաստել է աղյուսի տեսքով ցուցասրահ, իսկ ինտերիերում նկարիչը փորձել է վերստեղծել Դրեյքի «Toosie Slide» երգի տեսահոլովակի առանձնատան շրջակայքը:
Ցուցահանդեսը մեկնարկել է սթենդ-ափ երեկույթով, որի ժամանակ հանդես են եկել Եվգենի Չեբատկովը, Լուկա Խինիկաձեն, Գարիկ Հովհաննիսյանը, Իդրակ Միրզալիզադեն, ինչպես նաեւ բրիտանացի ռեփեր SKEMTA-ն, որը ներկայացրել է «Misha Tsaturyan» սինգլը: Երկրորդ օրը կայացել է միանգամից երկու միջոցառում՝ «Պատմության մեջ առաջին անգամ» նախաբանով. կոմպոզիտոր եւ դաշնակահար Կիրիլ Ռիխտերի դաշնամուրային համերգը, ինչպես նաեւ ներկայացում ԴՊՏՀ փորձարարական թատրոնի 633 ուսանողների հետ:
«Երբ Միշան ինձ առաջարկեց մասնակցել այս նախագծին, առանց վարանելու համաձայնեցի, բայց ավելի շուտ, որպեսզի հեգնանքս արտահայտեմ վերջին շրջանում կազմակերպվող առցանց համերգների եւ ուղիղ եթերների առատության կապակցությամբ: Սակայն ի զարմանս ինձ` համերգը շատ հուզիչ ստացվեց. ես իսկապես զգում էի յուրաքանչյուր հանդիսատեսին: Շատ շնորհակալ եմ բոլորին»,- անկեղծացել է Կիրիլ Ռիխտերը:
Ցուցահանդեսի բացման երկու օրերի ընթացքում «Minecraft» է այցելել ավելի քան հազար օգտատեր, ինչպես նաեւ 500 հազարից ավելի հանդիսատես դիտել է հեռարձակումները «Twitch» եւ «ВКонтакте» սոցցանցերում: Այս թվերը շարունակում են աճել, քանի որ ցուցահանդեսը բաց է շուրջօրյա՝ ներառյալ հանգստյան օրերը, մինչեւ 2020-ի մայիսի 18-ը: Ցուցահանդեսին ներկայացված է ավելի քան 50 աշխատանք՝ յուրօրինակ Libertile հեղինակային աղյուսներ, որոնք հետագայում կտեղափոխվեն ֆիզիկական աշխարհ եւ կներկայացվեն բոլորին ծանոթ ձեւաչափով: Minecraft-ի պատմության մեջ որպես այստեսակ առաջին նախագծի համակարգող հանդես է եկել #DarkART պատկերասրահը:
Նկարիչ Միքայել Ծատուրյանը պատմել է, որ ստացել է հարյուրավոր հղումներ «Սթորի» բաժնում.«Հաճելի է իմանալ, որ բազմաթիվ մարդիկ դիտել են մեր հեռարձակումը»,- ասել է նա:
«Libertile » ցուցահանդեսն այցելելու համար օգտագործեք՝ Minecraft: 1.15.2 տարբերակը, իսկ սերվերի հասցեն է՝ dstu.ru.com
Տեսանյութի հեռարձակումը հասանելի է հետեւյալ հղումով՝ https://yadi.sk/i/xpm0NvDldjNqmQ:
Միքայել Ծատուրյանը (MishaLibertee) 2018 թվականին «Burning Man» ամենամյա փառատոնին ներկայացրել է «Holoquarium» վիրտուալ պատկերասրահը, որում ցուցադրված էին 3D-նկարիչների աշխատանքներն ամբողջ աշխարհից: Իսկ 2019-ին նույն հարթակում նա ներկայացրել է 23 մետրանոց #Slonik-ը, որը նպատակ ուներ ուշադրություն հրավիրել Աֆրիկայում ու Ասիայում փղերի ոչնչացման խնդրին: «Burning Man»-ում հաջողության հասնելուց հետո #Slonik-ը ուղեւորվել է դեպի Կալիֆորնիա՝ Սան Ֆրանցիսկո եւ Լոս Անջելես: Նույն թվականին Միքայելը ստեղծել է մինիմալիստական դիզայնով կենդանական քանդակների մի ամբողջ հավաքածու, որը ներկայացրել է Դուբայի «Artists Playground by Pullman» ցուցահանդեսում: Այնուհետեւ նա իր հավաքածուն ամբողջությամբ ցուցադրել է Մայամիում՝ Pulse Art Fair-ում:
View this post on Instagram
Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը /Bravo.am/
Լուսանկարները՝ կազմակերպիչների
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: