Զառա Սահակյանն իր պորտֆոլիոն համալրել է նոր լուսանկարներով: Համավարակի տարածումից առաջ «Women’s Club»-ի համերգային շրջագայություններով Միացյալ Նահանգներ այցելած դերասանուհին խաղաղ օվկիանոսի ափին իրականացրած ֆոտոշարքը տրամադրել է BRAVO.am-ին:
«Մտահղացման հեղինակն իմ վաղեմի ընկեր, լուսանկարիչ Գոգա Ասատրյանն է: Վաղուց էինք ծրագրում նման ֆոտոշարք անել, բայց ամեն անգամ մի բան խանգարում էր: Այս շրջագայության ժամանակ, ինչքան էլ օրակարգս խիտ էր, չկարողացա մերժել: Մեկնելուցս ժամեր առաջ ենք գնացել օվկիանոսի ափ, արտակարգ պայմաններում ենք աշխատել՝ քամիր էր, ցուրտ, բոլորը տաք հագուստով էին, ես՝ բարակ զգեստով: Չէի պատկերացնում, որ այսպիսի արդյունք կստանանք»,- պատմել է Զառան:
Զառա Սահակյանը
Դերասանուհին մտաբերել է իր առաջին ֆոտոշարքը.«Լուսանկարվել այդքան էլ չեմ սիրում, չեմ կարողանում տրամադրվել ու հատուկ պատրաստվել: Երբեմն ընկերներս են ստիպում լուսանկարահանվել: Առաջին շարքս շատ տարիներ առաջ եմ իրականացրել՝ «32 ատամ» նախագծի շրջանակում: Հումորային եւ թեթեւ լուսանկարներ էին»:
Զառա Սահակյանը
Զառան նշել է, որ Հայաստան են վերադարձել այն ժամանակ, երբ դեռ արտակարգ դրություն հայտարարված չէր.«Մեր պրոդյուսերի որոշմամբ՝ տուն վարձակալեցինք եւ մեկուսացանք՝ փորձելով չվնասել մեր ընտանիքի անդամներին եւ մտերիմներին: Բավական թեթեւ անցավ այդ 14 օրը՝ չհաշված, որ երկու ամիս չէի տեսել տղայիս, շատ էի կարոտել: Մեր տանը խուճապային տրամադրություն չկա: Օգտվելով առիթից՝ տնային գործերով եմ զբաղվում: Տեւական բացակայությունս տղայիս դասերի վրա բացասական է անդրադարձել, փորձում ենք լրացնել բացը՝ միասին պարապելով: Այնքան ծիծաղելի է՝ հեռավար դասերը վերջանում են, գնում եմ եւ նրան հյուրասենյակից բերում խոհանոց: Համոզված եմ՝ շատերս գործեր ունեինք, որոնց համար նախկինում ժամանակ չէինք գտնում, հիմա լավ առիթ է այդ ամենով զբաղվելու համար: Մաքրություն եմ անում, զգեստապահարանս եմ դասավորում: Ամուսինս էլ ոչ մի հարցում չի օգնում:). ամեն բան միայնակ եմ անում»:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Գոգա Ասատրյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: