×


«Արշոն համակերպվել է այդ փաստի հետ». Արշո Հարությունյանի եւ Լուսինե Երնջակյանի ընտանիքը 10 տարեկան է

2010 թվականի ապրիլի 29-ին Երեւանի կամերային թատրոնի ռեժիսորներ Արշո Հարությունյանն ու Լուսինե Երնջակյանը միմյանց հավերժ սիրելու եւ հավատարիմ լինելու խոստում են տվել: Ինչպես BRAVO.am-ի հետ զրույցում նշել Լուսինեն, մինչ օրս ցանկացած դժվարություն սիրով են հաղթահարել:

«Երկուսս էլ դժվարությամբ ենք ինչ-որ ամսաթիվ մտաբերում, եղել են դեպքեր, երբ օրը վերջացել է, նոր հիշել ենք: Նախորդ տարի Արշոն Հայաստանում չէր, երեկոյան զանգեցի եւ մի փոքր նեղացած ձայնով ասացի, որ ողջ օրը սպասել եմ, որ զանգի եւ շնորհավորի՝ մեր ամուսնության օրվա կապակցությամբ, բայց ինքս էլ այդ պահին էի հիշել(ծիծաղում է,-հեղ.): Այս տարի ժամանակին մտաբերեցինք, միգուցե մտազբաղ չէինք դրա համար: Երկուսս էլ իրադարձությունները կարեւորելու բնավորություն չունենք, հասարակ թվացող օրերն ենք փորձում տոն դարձնել եւ հաճույք ստանալ»,-ասել է նա:

Լուսինե Երնջակյանի եւ Արշո Հարությունյանի պսակադրությանը (արխիվային լուսանկար)


Լուսինեն պատմել է, որ արարողությունը չեն տեսանկարահանել, ինչի համար հիմա ափսոսում են.«Ծիծաղելի հարսանիք ենք ունեցել: Ավանդական հավաքույթների կողմանկից չէինք, բայց քանի որ հյուրերը շատ էին, այն ժամանակ «Թատերական» ռեստորան կար, այնտեղ նշեցինք մեր միությունը: Տարոսիկներ էլ չենք ունեցել: Հյուրերի մեծ մասն ընկերներ էին, կենդանի երաժշտություն չկար. դիջեյ էր: Օրն այնքան ուրախ անցավ, որ սեղանները մինչեւ վերջ լեցուն էին: Նույն գիշերը պետք է մեղրամսի մեկնեիք, հասանք օդանավակայան, նոր զգացինք, որ քաղցած ենք. սրճարանում հաց կերանք (ծիծաղում է,-հեղ.)»:

Բոլոր հարցերում իրար թեւ ու թիկունք են.«Ամենամեծ հաղթանակն ու ձեռքբերումն այն է, որ կարողացել ենք իրար լսել, հասկանալ, հարգել, գիտակցել ենք, որ յուրաքանչյուր վեճի մեջ պետք է գտնել պատճառն ու հարթել այն: Մենք սիրով ենք հաղթահարել բոլոր դժվարությունները, ինչի շնորհիվ էլ խնդիրեները շատ արագ մոռացվել են: Ես ավելի ներողամիտ եմ, չնայած՝ Արշոն էլ չի ընկնում ձեւականությունների հետեւից. երբ մեկս հաշտեցման քայլ է անում, մյուսի կողմից առարկություն չի լինում: Կենցաղային հարցերում էլ բավական ներդաշնակ զույգ ենք: Մեկս մյուսի թույլ եւ ուժեղ կողմերը լավ գիտենք: Արշոն համակերպվել է այն փաստի հետ, որ շատ վատ խոհարար եմ, ու բավարարվում է նրանով, ինչ մատուցում եմ: Անկեղծ կլինեմ՝ ինքն էլ ամենեւին տան տղամարդ չէ. փչացած իրերը չի վերանորոգում, ես էլ դրա հետ եմ հարմարվել (ծիծաղում է,-հեղ.): Այդ հարցերը կռվի թեմա չեն դառնում. կենցաղը չենք դարձնում առաջնային եւ փորձում ենք հնարավորինս ուրախ եւ երջանիկ ապրել»:

Արշո Հարությունյանը եւ Լուսինե Երնջակյանը


Ընտանիքը համալրել չեն շտապում.«Ժամանակ առ ժամանակ որոշում եմ, հետո մտափոխվում: Ես էլ եմ միակ երեխա եղել, ու ինձ այդ կարգավիճակը դուր է գալիս, ճիշտ է՝ փոքր տարիքում շատ էի ուզում քույր կամ եղբայր ունենալ, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ այսպես շատ ավելի լավ է: Կրածում եմ՝ Արայիկն էլ ժամանակի ընթացքում մեզ կների իր միայնակ լինելը ու կհասկանա, որ իմ միակն ու անկրկնելին է»:

Արշո Հարությունյանի եւ Լուսինե Երնջակյանի որդին՝ Արան


Խոսել ենք նաեւ համավարակի պատճառով հետաձգված ծրագրերից.«Միասին ապրում ենք, աշխատում, այդ պատճառով ավելի հեշտ ենք հաղթահարում տնային մեկուսացումը, կարողանում ենք ավելի հանգիստ նոր նախագծերի մասին խոսել, քննարկել: Նոր գաղափարներ կան, որոնք պետք է կյանքի կոչվեն: Կամերային թատրոնում նոր ներկայացում ունեինք՝ «Կեսարի խրախճանքը», որի պրեմիերան նախատեսել էինք մարտի 28-29-ին: Երեւի ամռանը նոր կիրականացնենք, եւս երկու նոր ներկայացման վրա ենք աշխատում, եւ համավարակի ավարտից հետո երեք պրեմիերայով կներկայանանք»,- եզրափակել է Լուսինեն:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամարդել է Լուսինե Երջակյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին