Դերասան-ամուսիններ Յուրի Իգիթխանյանի եւ Անուշ Սարգսյանի կարանտինը որդիների հետ հետաքրքիր է անցնում: Այս ընթացքում հասցրել են նաեւ տարեդարձ նշել: 30-ամյակի անակնկալների, կորոնավիրուսով պայմանավորված ապրումների մասին եւ այլ թեմաներով զրուցել ենք Անուշի հետ:
«Կարծում էի` հրավառությունն իմ պատվին է»
Չեմ հիշում մի դեպք, երբ իմ ծննդյան օրն անշուք է անցել: Մեր ընտանիքում այդ օրը եւս երեք ծնունդ կա, եւ եթե նույնիսկ ոչինչ ծրագրած չենք եղել, մեծ խնջույք է ստացվել: Քանի որ համընկել է Հաղթանակի եւ Շուշիի ազատագրման օրերի հետ, մեծ եւ շքեղ հրավառությունն անպակաս է եղել: Փոքր տարիքում ոգեւորվում էի՝ կարծելով՝ իմ ծննդյան տոնի առթիվ է (ծիծաղում է,-հեղ.): 29-ամյակս էլ իր տեսակի մեջ յուրօրինակ էր. առաջին անգամ թատրոնում եմ անցկացրել օրս:
«30-ից հետո կյանք կա»
Չնայած կարանտինին՝ ամուսինս եւ տղաներս 30-ամյակս էլ տոնի վերածեցին: Նախօրոք ինչ-որ բան էին քչփչում, ես էլ ձեւացնում էի, թե չեմ նկատում: Փոքր տղաս մի քանի անգամ փորձեց պատմել, բայց խանգարեցին: Հարազատներս ու մտերիմներս էլ ինձ ուշադրությամբ էին շրջապատել. վաղ առավոտից մեր տուն ծաղիկներ էին ուղարկում: Ծնողներս էլ իրենց տանն էին նշում: Ամենակարեւորը՝ այս անգամ միայն անկեղծ մարդիկ են շնորհավորել՝ առանց պարտականությունների եւ ձեւական խոսքերի: Մոմերը փչելիս մի բանի մասին եմ մտածել՝ կյանք կա մեկուսացումից եւ 30-ամյակից հետո(ծիծաղում է,-հեղ.):
Անուշ Սարգսյանը եւ Յուրի Իգիթխանյանը
Պատշգամբային զբոսանքներ
Շատ զգացմունքային մարդ եմ: Վախ, ցավ, անհանգստություն. կարելի է ասել՝ այս օրերին բոլոր հույզերը վերապրել եմ: Ավելի շատ մտահոգվում եմ մեր ավագ սերնդի ներկայացուցիչների համար: Երեխաների համար է շատ բարդ շրջան. մինչ այս բավական ակտիվ կյանքով են ապրել, կարանտինը դժվար հաղթահարեցինք, չնայած՝ արդեն համակերպվել ենք պատշգամբային զբոսանքներին:
«Տղաներս մտերմացել են»
Վերջին օրերին պարբերաբար դուրս ենք գալիս քայլելու՝ շարունակելով խուսափել մարդաշատ վայրերից եւ շփումներից: Սկսել ենք հստակ գծագրված օրակարգով ապրել. մեծ տղաս առավոտյան հայրիկի հետ մարզվում է, հետո խաղի ժամն է, ինչին էլ հաջորդում է դասաժամը: Կարանտինը նաեւ դրական կողմեր ունեցավ. տղաներս շատ մտերմացան, միասին խաղեր են մտածում ու խաղում, հեքիաթներ են բեմադրում: Լավ ընկերներ են դարձել, իրար հասկանում են, երբեմն էլ՝ վիճում: Հենց զգում ենք՝ կռիվը թեժանում է, ամեն մեկս մեկին վերցնում ու մեկուսանում ենք առանձին սենյակում: Վերջին ամիսներին երազանք էր դարձել երեխաների հետ ժամանակ անցկացնելը. իրենք մանկապարտեզ էին գնում, խմբակներ, մենք՝ աշխատանքի: Այժմ ամբողջ օրը միասին ենք, այնքան թխվածք եմ թխել, որ էլ ասելու չէ: Երբեք չէի մտածի, որ կարող եմ թխել, բայց տղաներս ստիպեցին: Երեխաների քնելուց հետո սկսվում է մեր օրը. մի շարք ֆիլմեր, սերիալներ ու ներկայացումներ ենք նայում, գրքեր կարդում, ասեղնագործում եմ: Սպորտն իմ կյանքում չի պակասում. օրը մեկ ժամ մայրիկը գնում է «մարզասրահ» (ծիծաղում է,-հեղ.): Օրը չի բավականացնում, որ անեմ այն ամենն, ինչ իրոք ցանկանում եմ:
Յուրի Իգիթխանյանը՝ որդու հետ
Իրավիճակի ամենացավոտ կողմը
Աշխատանքային դադարը ստեղծված իրավիճակի ամենացավոտ կողմն է, հատկապես սկզբում, երբ ամեն բան այնքան անորոշ էր: Վստահ եմ՝ համավարակի նահանջելուց հետո ամեն բան հունի մեջ է ընկնելու, եւ ամեն ինչ ավելի լավ է լինելու: Միայն ցավում եմ մեր հետաձգված արձակուրդի համար. տեսնենք՝ ամռանն իրավիճակն ինչպես կզարգանա: Արտակարգ դրության ավարտից հետո քաղաքից դուրս ենք գնալու եւ առանց ավելորդ վախերի զբոսնելու բնության գրկում: Վերադառնալու ենք մեր աշխատանքային բուռն առօրյային:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ ընտանիքի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: