Ժաննա Վելիցյանը երեկ դարձել է 26 տարեկան: Այս շրջանում «Սիրուն Սոնա» սերիալում նկարահանվող դերասանուհին մեզ հետ զրույցում պատմել է տոնական օրվա մասին, նաեւ խոսել մանկության տարիների դժվարություններից:
«Մայիսի 19-ի ուշ երեկոյան, երբ շատ հոգնած էի եւ պատրաստվում էի քնել, ընկերներս մեր տուն եկան, հայտարարեցին, որ ուզում են սուրճ խմել ու գնալ: Կեսգիշերին, բնականաբար, տարեդարձս իրենց հետ դիմավորեցի: Իրոք չէի սպասում: Առաջին շնորհավորանքները ստացա նրանցից եւ ընտանիքիս անդամներից միաժամանակ: Լավ իմաստով այս տարեդարձս տարբերվեց. նախկինում ընկերներս երբեք նման բան չէին արել. երեւի կարանտինը լավ է ազդել նրանց վրա:)»,-ասել է Ժաննան:
Ժաննա Վելիցյանը
Դերասանուհին 26-ամյակի օրը նոր լուսանկար էր տեղադրել ֆեյսբուքյան իր էջում, որն ուղեկցվում էր Հասմիկ Սիմոնյանի հեղինակած տողերով.«Այս տարեդարձիս շատ հակասական զգացողություններ եմ ունեցել, չգիտեմ պատճառը. գուցե տարիքի հետ է կապված, գուցե կարանտինի, քանի որ այն իմ կյանքում շատ բան փոխեց, իմ մտածելակերպի, զգացողությունների, աշխարհայացքի մեջ: Ի վերջո հասկանում ես, որ միակ մարդը, ով երբեք ու ոչ մի դեպքում քո կյանքից չի հեռանա՝ մայրդ է. դրա համար էի վերցրել այդ տողերը: Իսկապես, երբեք կասկած չեմ ունեցել, որ միակ մարդը, որին կարող եմ մինչեւ վերջ վստահել, ով երբեք չի դավաճանի, կլսի ինձ եւ համբերատար կտանի բոլոր դժվարություններս, մայրս է»:
Ժաննան խոստովանել է, որ երազկոտ է.«Երազանքներ շատ ունեմ: Անկեղծ կլինեմ եւ կասեմ, որ կարանտինի պատճառով շատ էի կոտրվել: Անգամ մտքիցս թռել էր՝ ես ով եմ, ինչով եմ զբաղվել մինչեւ այս: Մի պահ շատ էի հուսահատվել, ոչինչ չէր ոգեւորում, մոռացել էի բոլոր երազանքներիս մասին: Երբ հարցնում էին՝ ինչ ես անելու հետո, չէի կարողանում պատասխանել: Փառք Աստծո, հիմա հաղթահարել եմ այդ շրջանը եւ բնականոն կյանքով եմ ապրում»:
Ժաննա Վելիցյանը
Դերասանուհու հետ խոսել ենք նաեւ փոքր տարիքում ունեցած դժվարությունների մասին.«Չորս տարեկանից ծնողներիցս հեռու եմ ապրել՝ տատիկիս եւ մորաքրոջս հետ, գնացել եմ մանկապարտեզ, հետո դպրոց... Այդ տարիքում իմ միակ երազանքն այն էր, որ ապրեմ ընտանիքիս հետ, բայց այդ մասին չեմ բարձրաձայնել: Միշտ զգացել եմ իմ եղբայրների եւ ծնողների կարիքը: Չեմ ցանկանա շատ մանրամասնել, ուղղակի մի էտապ է եղել մեր ընտանիքում, երբ տատիկս շատ վատ վիճակում էր, երեխաներին չէին կարողանում շատ ուշադրություն դարձնել, եւ որոշեցին ինձ մորական տատիկիս հետ ապրելու ուղարկել, մինչեւ կրքերը կհանդարտվեին: Բայց դա մոտավորապես 6-7 տարի ձգվեց, եւ իմ երազանքը դարձավ ընտանիքիս հետ ապրելը»,-եզրափակել է նա:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Միլեն Մանուկյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: