×


«Նոր երգ ասա՝ լսեմ». Համասյան, Լեդի Գագա, Սնուփ Դոգ, Իգլեսիաս, Բաստա, Բի-2

Ի՞նչ երգ լսել, եթե արդեն հոգնել ես սմարթֆոնիդ չթարմացվող երգացանկից կամ նոր թողարկված երգերի բազմազանության մեջ չես գտնում ճաշակիդ ու տրամադրությանդ համապատասխան որեւէ գործ: BRAVO.am-ը ներկայացնում է անցնող շաբաթվա նոր ու հետաքրքիր երգերը, տեսահոլովակները, որոնք ոճային ու ժանրային առումով տարբերվում են միմյանցից: Այդպիսով դուք կկարողանաք առանձնացնել ձեր նախընտրելի երգերն ու դրանցից մի քանիսն ավելացնել սիրելի փլեյլիսթում:

Տիգրան Համասյան - «Levitation 21»

Սկսենք Տիգրան Համասյանի նոր տեսահոլովակից, որը ջազ-դաշնակահարը ներկայացրել է «Levitation 21» ստեղծագործության հիման վրա: Այն ընդգրկված է լինելու երաժշտի նոր` «The Call Within» ալբոմում, որը պաշտոնապես թողարկվելու է այս տարվա օգոստոսի 28-ին: Համասյանն իր էջում հայտնել է, որ համերգային շրջագայության է պատրաստվում՝ ներկայացնելու նոր ստեղծագործությունները: Երկրպագուներին մնում է սպասել եւ հուսալ, որ կորոնավիրուսը չի խոչընդոտի այդ համերգների կայացմանը:



Լեդի Գագա, Blackpink - «Sour Candy»

Ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի պարային նոր հիթի` «Sour Candy»-ի ձայնագրությանը մասնակցել է նաեւ հարավկորեական «Blackpink» խումբը: Գագայի եւ K-pop խմբի համագործակցության մասին հայտնի էր դարձել դեռեւս այս տարվա մարտին: Այդ ժամանակ երգչուհին ասել էր՝ իրեն շատ է դուր եկել, որ «Blackpink»-ի անդամները կորեերեն լեզվով են գրել երգի մի հատվածը: «Sour Candy»-ն ընդգրկված է Լեդի Գագայի նոր՝ «Chromatica» ալբոմում, որում կա 16 երգ, այդ թվում՝ «Stupid Love»-ը եւ «Rain On Me»-ն` Արիանա Գրանդեի հետ:



Tones and I - «Ur So F**king Cool»

Ավստրալացի երգչուհի Tones and I-ը, որ նախորդ տարի համաշխարհային մեծ ճանաչում ձեռք բերեց «Dance Monkey» երգի շնորհիվ, երեկ ներկայացրել է իր նոր տեսահոլովակը` «Ur So F**king Cool» երգի հիման վրա: Նոր սինգլում երգչուհի-պրոդյուսերը ներկայացնում է, թե մարդիկ որքան մեծ ջանքեր են գործադրում ավելի լավը երեւալու համար` կախվածություն ունենալով սոցիալական մեդիայից: Այդպիսով նա հոլովակում հանդես է գալիս արտասովոր կերպարների մի ամբողջ շարքով:



Anuel AA, Էնրիկե Իգլեսիաս - «Fútbol y Rumba»

Պուերտոռիկացի հայտնի ռեփեր Anuel AA-ը ներկայացրել է իր նոր՝ «Emmanuel» ալբոմը, որում ընդգրկված է նաեւ զուգերգ Էնրիկե Իգլեսիասի հետ: Օրերս թողարկվեց նաեւ նրանց համատեղ «Fútbol y Rumba» երգի տեսահոլովակը, որում նկարահանվել են այնպիսի հայտնի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են՝ Լիոնել Մեսսին, Սերխիո Ռամոսը, Լուիս Սուարեսը եւ այլք:



Սնուփ Դոգ - «I Wanna Go Outside»

Շատերի նման Սնուփ Դոգն էլ արդեն բավական հոգնել է շարունակվող կարանտինից: Ռեփերը որոշել է բոլորի հետ կիսվել իր մտքերով եւ թողարկել է նոր տեսահոլովակ՝ «I Wanna Go Outside» սինգլի հիման վրա: Երգում Սնուփն ասում է, որ ցանկանում է վերադառնալ նախկին կյանքին՝ քայլել փողոցում, հանգստանալ լողափին, համերգներով հանդես գալ, լավ ժամանակ անցկացնել ընկերների ու հարազատների հետ, ինչպես նաեւ իր սիրելի կադիլլակով շրջել Լոս Անջելեսում:



Էլլի Գոլդինգ - «Power»

Բրիտանացի երգչուհի Էլլի Գոլդինգը նոր՝ «Power» երգի տեսահոլովակը մեծ մասամբ նկարահանել է հենց իր սմարթֆոնով: Այդ պատճառով էլ այն ավելի շատ սիրողական տեսանյութ է հիշեցնում: Ի դեպ, երկրպագուներից շատերը մեկնաբանություններում նկատել են, որ նման գեղեցիկ երգին այնքան էլ չի համապատասխանում այդպիսի «էժանագին» տեսահոլովակը:



Բիլի Այլիշ - «Not My Responsibility»

Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշն այս անգամ ներկայացել է ոչ թե երաժշտական նորությամբ, այլ կարճամետրաժ ֆիլմով: Իր յութուբյան ալիքում նա հրապարակել է մոտ 4 րոպե տեւողությամբ տեսանյութ՝ «Իմ պատասխանատվությունը չէ» վերնագրով՝ դիմելով իրեն քննադատողներին: Հինգ «Գրեմմի» մրցանակի արժանացած երգչուհուն հաճախ քննադատում են նրա համար, որ մշտապես ներկայանում է չափազանց լայն հագուստով՝ թաքցնելով արտաքինը: Տեսահոլովակը նկարահանել է Բիլի Այլիշն՝ իր համաշխարհային շրջագայության համար, եւ առաջին անգամ ցուցադրվել է մարտի սկզբին՝ Մայամիում կայացած համերգի ժամանակ: Այժմ ֆիլմը հասանելի է համացանցում: «Դուք երբեք չեք տեսել իմ մարմինը: Բայց ամեն դեպքում գնահատում եք ինձ: Ինչո՞ւ: Դուք մարդկանց մասին ենթադրություններ եք անում՝ ելնելով նրանց կազմվածքից: Ինձ վրա շատ հագուստ կլինի, թե քիչ՝ ի՞նչ կարեւոր է: Ի՞նչ նշանակություն ունի»,- ասում է Բիլին:



Բի-2 - «Депрессия»

Ռուսական «Բի-2» ռոք-խմբի անդամները ներկայացրել են իրենց նոր՝ «Депрессия» երգի տեսահոլովակը, որը նկարահանվել է ինքնամեկուսացման պայմաններում: Ինչպես պարզվում է, երաժշտությունը գրվել է դեռեւս 2019-ի սեպտեմբերին, սակայն երգի խոսքերն ու պրեմիերայի օրը համընկել են ստեղծված իրավիճակի հետ: Երաժիշտները պատմել են, որ ամենաբարդը եղել են նկարահանումները, քանի որ ստիպված են եղել յուրաքանչյուրի հատվածն առանձին նկարել: Հոլովակին յուրօրինակ տրամադրություն են հաղորդում նաեւ անիմացիոն կադրերը, որոնք ստեղծվել են ոչ թե համակարգչով, այլ՝ ձեռքով:

 

Զիվերտ եւ Niletto - «Fly 2»

Ռուս փոփ-երգչուհի Զիվերտը նոր զուգերգով է հանդես եկել «Любимка» հիթի հեղինակ Niletto-ի հետ՝ ներկայացնելով իրենց «Fly 2» երգի տեսահոլովակը: Ի դեպ, այս երգն ընդգրկված է եղել Զիվերտի «Vinyl #1» ալբոմում, սակայն արժանի ուշադրության չէր արժանացել այնպիսի հիթային երգերի կողքին, ինչպիսիք, օրինակ, «Credo»-ն կամ «Beverly Hills»-ն էին: Այդ պատճառով երգչուհին որոշել է երկրորդ կյանք տալ երգին` կատարելով երիտասարդ ռեփերի հետ:



Բաստա - «Каждый перед Богом наг»

Ռուս հայտնի երաժիշտ, ռեփեր Բաստան իր երկրպագուներին ուրախացրել է նոր երգով, որը գրել է Իոսիֆ Բրոդսկու բանաստեղծության հիման վրա: Իր նոր՝ «Каждый перед Богом наг» երգում Բաստան ասում է, որ Աստված յուրաքանչյուր մարդու ներսում է: Այսպիսով նա որոշել է մասնակցել «Դուրս մի՛ արի սենյակից» խորագրով մարաթոնին՝ նվիրված Բրոդսկու ծննդյան օրվան: Մայիսի 24-ին մեծ բանաստեղծը կդառնար 80 տարեկան:



Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին