×


«Չեմ տխրում եւ սրտնեղում». Նարեկ Հայկազյանի 36-ամյակն ու կեսգիշերային հյուրերը


Նարեկ Հայկազյանն այսօր՝ մայիսի 30-ին, նշում է 36-ամյակը: BRAVO.am-ի հետ զրույցում Սունդուկյանի անվան թատրոնի դերասանը մտաբերել է հիշարժան տարեդարձն ու խոսել ձեռքբերումների մասին:

«Համավարակի տարածման պատճառով այս անգամ հավաքույթ չենք կազմակերպի: Չեմ տխրում ու սրտնեղում: Ուղիղ կեսգիշերին հյուրեր ունեինք, լավ ժամանակ անցկացրինք: Օրվա ընթացում էլ մենակ չենք մնա. սակավաթիվ այցելուներ կունենանք: 37-ամյակիս առթիվ, եթե խանգարող ոչ մի հանգամանք չլինի, մեծ խնջույք կկազմակերպենք ու կլրացնենք բացը: Բացի այդ, 7-ն իմ սիրելի թիվն է»,- ասել է նա:

Նարեկ Հայկազյանը եւ Ծովինար Մարտիրոսյանը


Հոբելյարը խոստովանել է, որ ամեն տարի ծննդյան օրը տրամադրության անկում է ունենում.«Միշտ շատ ուրախ ենք տոնել, բայց ես ավելի թախծոտ եմ լինում. չեմ կարող բացատրել՝ ինչով է պայմանավորված: Ինչ խոսք, ամփոփում եմ ապրածս տարիները, բայց երբեք հետ չեմ նայում ու չեմ զղջում արածիս կամ չարածիս համար: Ամենամեծ ձեռքբերումս ընտանիքս է, բացթողումների մասին չեմ էլ մտածում. առանց դրանց կյանքն անհետաքրքիր ու միապաղաղ կլիներ: Այն, ինչ դեռ չեմ արել, ապագայում կիրականացնեմ»:

Նարեկն առանձնացրել է 29-ամյակը.«Խնջույք չէինք ծրագրել, սակայն կինս՝ Ծովինարը, անակնկալ մատուցեց: Գործընկերներիցս մեկը զանգահարեց ու ասաց, որ մի նախագծի համար կազմակերպիչները հանդիպում են խնդրել: Վերջիններիս փոխարեն ռեստորանում ընկերներս ու մտերիմներս էին ինձ սպասում: Վառվեցին լույսերն ու սկսվեց քեֆը»:

Տորթի մոմերը փչելիս նյութական ցանկություններ չի մտապահում.«Առհասարակ, երազկոտ մարդ չեմ: Իմ առջեւ նպատակներ եմ դնում եւ փորձում եմ ամեն կերպ իրականություն դարձնել: Ուզում եմ միշտ առողջ լինենք, դա է ամենակարեւորը, մնացած ամեն ինչ ձեռքբերովի է»:

Նարեկ Հայկազյանը՝ երեխաների հետ


Դերասանների ընտանիքը հետեւում է տանը մնալու հորդորներին.«Փորձել ենք այս օրերին չխախտել օրենքները: Ամենաշատը երեխաներս են ուրախացել. վաղուց նրանց հետ այսքան ժամանակ չէինք անցկացրել: Ճիշտ է՝ կարեւոր գործեր կային, որ անժամկետ հետաձգվել են, բայց ամեն ինչ դեռ առջեւում է: Համավարակն էլ իր դրական կողմն ունեցավ. մեզ ավելի կապեց մեր ընտանիքներին»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Նարեկ Հայկազյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին