Թեեւ «Փափուկ խաղալիք» սիթքոմը դեռ եթերում է, նկարահանումներն արդեն ավարտվել են: Մեծ ընտանիք դարձած նկարահանող խումբը՝ տեխնիկական անձնակազմից մինչեւ դերասաններ, սիրով, ջերմությամբ ու մի քիչ էլ հուզմունքով ամփոփել են աշխատանքը միմյանց հետ:
Սիթքոմի երիտասարդ դերասանուհի Իլոնա Մկրտչյանը BRAVO.am-ի հետ զրույցում կիսվել է վերջին նկարահանումների ապրումներով, նախագծի ու գործընկերների մասին տպավորություններով:
Իլոնա Մկրտչյանը, Անուշիկ Առաքելյանը եւ Մկրտիչ Արզումանյանը
Աշխատանքային ընթացքն, ըստ դերասանուհու, առանձնացել է ոչ այնքան հաճելի հանգամանքներով.«Բայց մենք նաեւ գիտակցում էինք, որ այս դժվար ժամանակներում պարտավոր ենք մարդկանց մի քիչ թեթեւություն եւ ժպիտ պարգեւել: Յուրաքանչյուր վատ իրողության մեջ, երեւի, կարող ենք լավը տեսնել. նման պայմաններում աշխատելն էլ ինչ-որ հետաքրքրություն ուներ. բոլորս ավելի սրտացավ էինք դիմացինի առողջության համար եւ իրար վստահելով էլ կարողացանք նկարահանումներն ավարտին հասցնել: Կարծում եմ՝ մեր ողջ անձնակազմը դեռ երկար է հիշելու այս փորձը:
Խոսելով վերջին նկարահանումների մասին՝ պետք է ասեմ, որ բոլորս շատ հուզված էինք: Այս մի քանի ամիսների ընթացքում այնքան էինք մտերմացել, որ բաժանումը դժվար եղավ:
Նկարահանումներից հետո փոքրիկ հավաքույթ ունեցանք, ու վերջում, կարծես, ոչ ոք չէր ցանկանում տուն գնալ (ծիծաղում է,-հեղ.): Քանի որ ես շատ էմոցիոնալ եմ, անգամ չկարողացա արցունքներս զսպել»:
Իլոնա Մկրտչյանը
Իլոնայի խոսքով՝ շատ երջանիկ է, որ ոլորտում առաջին փորձը կայացավ հենց «Փափուկ խաղալիք»-ի անձնակազմի հետ.«Միշտ հետեւել եմ այս անձնակազմի դերասաններին էկրանից այն կողմ եւ երբեք չեմ պատկերացրել, որ մի օր կլինեմ նրանց կողքին, կխաղամ նրանց հետ. սա շատ հաճելի զգացողություն է: Իսկապես շատ բան եմ սովորել բոլորից: Բազմիցս նշել եմ, որ մեր սիթքոմի փորձառու եւ ոլորտում կայացած դերասանները շատ են օգնել ու աջակցել մեզ՝ սկսնակներիս, ինչի համար երախտապարտ եմ նրանց, եւ աշխատանքը նրանց հետ, վստահ եմ, որ կառանձնանա իմ հետագա ողջ գործունեության մեջ»:
Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Իլոնա Մկրտչյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: