×


«Իմ կյանքում ժամանակին բացակայել է ե՛ւ կարիերան, ե՛ւ անձնականը». Ալիս Մելիքսեթյան

Դերասանուհի Ալիս Մելիքսեթյանին վերջին շրջանում հեռուստադիտողը տեսնում է բոլորովին այլ ձեւաչափում. նա Առաջին ալիքի եթերում ամեն օր ներկայացնում է եղանակի տեսությունը: Մեկնաբանի աշխատանքի բարդությունների, անձնական կյանքի, նաեւ հիասթափությունների մասին Ալիսը պատմել է BRAVO.am-ին:

Շնորհակալ է

Իմ օրը սկսվում է Տիրոջը շնորհակալություն հայտնելով՝ գեղեցիկ լուսաբացի համար, այնուհետեւ մայրիկիս գրկել ու համբուրելով: Առավոտյան միանշանակ նախընտրում եմ սուրճը, որը թարմացնում է ուղեղս, իսկ երեկոյան՝ թեյը:

Ալիս Մելիքսեթյանը


Ինքնամփոփ է

Տանը չմեկուսացա, քանի որ աշխատանքս թույլ չէր տալիս. մարտի 9-ից շաբաթական 6 օր գնում եմ աշխատանքի դիմակով եւ Հանրային հեռուստաընկերության տրամադրած տաքսիներով: Ի հեճուկս այս ամենի՝ օրվա ընթացքում հաճախ եմ կարանտինային ժամեր ունենում, քանի որ տեսակով շարունակ վերլուծող, մտածող ու ինքնամփոփ եմ:

Մասամբ ստացվել է

Մեկնաբանի աշխատանքն իմ մի մասն է կազմում: Մինչ այս ամենատարբեր նախագծերում ընդգրկված լինելուս կամ չլինելուս պատճառներից մեկը հենց այն է եղել, որ ի վերջո ունենամ իմ առանձին հաղորդումը. կարծում եմ՝ մասամբ ստացվել է, սակայն ես միշտ ավելիին եմ ձգտում, եւ սա դեռ իմ պատկերացրած Ալիսը չէ: Ես դեռ շատ անելիքներ ունեմ այս կյանքում, իսկ սա եւս մի քայլ է:

«Երբեք ինձ չեմ խնայել»

Հաղորդավարին, դերասանուհուն եւ առհասարակ, մասնագետին առաջին հերթին պետք են բնածին տվյալներ: Եթե բնությունից օժտված ես այդ տվյալով, սակայն ունես փորձի պակաս, ապա այն անպայման գլուխ կբարձրանա: Այնուհետեւ շատ կարեւոր է նաեւ պրոֆեսիոնալ թիմում, իրենց գործը սիրող ու հարգող մարդկանց հետ աշխատելը, երբ բոլորն ամեն ինչ անում են հանուն կադրի, լավ որակի: Յուրաքանչյուր աշխատակից` սկսած հավաքարարից, ով փայլեցնում է հատակը, պետք է իրեն կարեւոր եւ ամբողջ մեխանիզմի մի մասնիկը զգա, որպեսզի եթերում, բեմում լինի որակ եւ արդյունք: Ինքս երբեք չեմ խնայել ինձ, եթե ինչ-որ մի բան անհրաժեշտ է եղել հանուն կադրի որակի ու արդյունքի: Ատում եմ ծուլությունը, անտարբերությունը եւ դիլետանտությունը:

Ալիս Մելիքսեթյանը


Բումերանգի օրենքով

Այսօր մարդիկ կհասկանան՝ ամեն բան չէ, որ իրենց ձեռքերում է, եւ այն, ինչ դու անում ես բնությանը, մարդուն, անպայման վերադառնալու է քեզ. բումերանգի օրենքը տիեզերքում գործում է: Բոլորս տիեզերքի մի մասնիկ ենք եւ պատասխանատու ենք ինչպես արածների, այնպես էլ չարածների համար:

Հոգու գույնը

Իմ հոգու գույնը սպիտակն է. այն պարզության, ճերմակության, հարստության գույն է, եւ ամեն վայրկյան կարող ես ներկել, գունավորել այն երանգով, որով ինքդ ես ցանկանում:

Հիասթափվում է

Հիասթափվում եմ, երբ խաբվում եմ: Երեւի 10-15 տարի է, ինչ չեմ նեղանում ո՛չ մարդկանցից, ո՛չ կյանքից, ո՛չ կրոններից, ո՛չ էլ նախագահներից: Հիասթափվում եմ, որովհետեւ ի սկզբանե միշտ մարդուն արժեւորում եմ՝ անկախ պաշտոնից ու աշխատավարձի չափից: Հետագայում նա կա՛մ կպահի, կա՛մ կավելացնի, կա՛մ էլ կպակասեցնի արժեքը, բայց ես միշտ սկզբում մարդուն տալիս եմ ամենաբարձր գնահատականը: Ունեցել եմ հիասթափություններ կյանքի բոլոր ոլորտներում. ինչքան շատ ունեցել եմ հիացմունք, նույնչափ՝ նաեւ հիասթափություններ: Հիասթափվում եմ անճաշակությունից, էժանագին մտածելակերպից, վատ բառապաշարից, ագրեսիայից:

Ինքնաճանաչողություն

Ընկճվում են թույլերն ու հիմարները, խելացի մարդը երբեք չի ընկճվում, անում է հետեւություններ եւ քայլում է առաջ` հասկանալով սեփական սխալը: Երբ դու վստահ ես քո Աստծո, անելիքներիդ ու գործիդ հարցում՝ երբեք առիթ չես ունենա ընկճվելու, երբեք չես նահանջի ժամանակավոր հիասթափություններից կամ մարդկանց ոչ ադեկվատ, անբարյացակամ կարծիքներից ու մեկնաբանություններից։ Դու պարտավոր ես ճանաչել քո ինչպես դրական, այնպես էլ թույլ ու բացասական կողմերը, որպեսզի մշակես ու շտկես դրանք:

Ներդաշնակ է

Իմ արտաքինին ուսանողական տարիներին ավելի շատ ժամանակ էի տրամադրում, քան՝ հիմա: Այդ ժամանակ ցանկությունն ավելի շատ էր գեղեցիկ ու սիրված լինելու: Տարիների ընթացքում սկսեցի ավելի շատ ուշադրություն դարձնել իմ հետաքրքրություններին: Ինձ հետաքրքրող բաների մասին եմ կարդում, յոգայով եմ զբաղվում: Քիչ եմ մտածում՝ տվյալ պահին շատ գեղեցիկ եմ, թե ոչ այդքան, կարեւորն՝ ինձ լավ ու ներդաշնակ եմ զգում:

Ալիս Մելիքսեթյանը


Տղամարդու իդեալը

Տղամարդը պետք է լինի տղամարդ: Չեմ սիրում տղամարդու հետ խոսել տղամարդու հատկանիշներից, կամ էլ կանանց հետ զրուցել կանանցից: Կարեւորում եմ, որ լինի խելացի, մեծահոգի, իմաստուն, սրամիտ, լավն ու ինձ համար հետաքրքիր:

Սեր է պետք

Հարաբերություններն ամուր պահելու համար միանշանակ սեր է պետք: Եթե կա սեր, ուրեմն՝ միմյանց նկատմամբ կա հարգանք, հետաքրքրություն, պատասխանատվություն, միմյանց վայելելու ունակություն, այլ ոչ թե միմյանց խրատելու, դաստիարակելու, մշակելու, ձեւափոխելու ցանկություն: Երբ սիրում ես, հարմարվելու կարիք չես ունենում, սկսում եք վայելել միմյանց ներկայությունը:

Կընտրի երկուսը

Իմ կյանքում եղել է ժամանակ, որ բացակայել է ե՛ւ կարիերան, ե՛ւ անձնականը: Հիմա կարծում եմ, որ լիարժեք իրավունք ունեմ ունենալ երկուսն էլ. կընտրեի երկուսն էլ:

Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ալիս Մելիքսեթյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW