×


«Երկուսիս համար էլ բացահայտում էր»․ Ալլա Սահակյանի նոր ֆոտոշարքի հեղինակը Գարի Քյոսայանն է

Ավելի մոտ լինել բնությանը, նոր վայրեր բացահայտել, ավելի մեծ էներգիա ու դրական լիցքեր ստանալ՝ նորովի ստեղծագործելու եւ ոգեշնչվելու համար։ Հենց այս նպատակով էլ դերասանուհի, երգչուհի Ալլա Սահակյանն ամուսնու՝ ջազ-դաշնակահար եւ կոմպոզիտոր Գարի Քյոսայանի հետ օրերս գնացել է Արագածոտնի մարզի Չքնաղ գյուղ՝ երիցուկների դաշտում լուսանկարվելու եւ նոր կինոնախագծի համար գեղեցիկ կադրեր ստանալու։ Խոստովանում է, որ թեեւ հաճախ են շրջում Հայաստանի տարբեր վայրերում, բայց Չքնաղն իրենց համար բացահայտում էր․ նախկինում երբեք չէին եղել ու նման հեքիաթային վայր չէին տեսել մեր երկրում։ Ի դեպ, Ալլա Սահակյանի նոր ֆոտոշարքի հեղինակն ինքը՝ Գարի Քյոսայանն է: Այդ լուսանկարները դերասանուհին տրամադրել է BRAVO.am-ին՝ պատմելով իրենց ստեղծագործական ծրագրերի ու թատերական նորությունների մասին։

Ալլա Սահակյանը


«Սովորաբար իմ սիրելի լուսանկարիչների հետ եմ ֆոտոշարքեր իրականացնում՝ ի դեմս Խանդութ Պարույրյանի։ Բայց քանի որ կորոնավիրուսը շարունակում է տարածվել, հարկադրված ենք չհանդիպել, խնայել մեզ եւ մեր շրջապատի մարդկանց։ Այդպես թեմային բնորոշ զգեստ մոդելավորեցի, եւ գնացինք նախապես որոշված վայրը։ Իրականում շատ եմ ներշնչվում բնությունից հենց թեկուզ զգեստներ մոդելավորելիս, ստեղծագործելիս։ Կարծես բնության արտացոլանքն է, երբ այդ կատարելությանը մոտ ինչ-որ բան ես փորձում ստեղծել»,- նշեց դերասանուհին։

Ալլա Սահակյանը պատմեց, որ ընտանիքով սիրում են հաճախ ճամփորդել, շրջել տարբեր գյուղերում, քաղաքներում, ուսումնասիրել ու լուսանկարել հին, կիսավեր եկեղեցիներն ու այլ կառույցները եւ հետո այդ ամենը նկարել նաեւ վրձնով։ Կարանտինային սահմանափակումներն էլ կարծես խոչընդոտ չեն հանդիսանում այս հարցում, քանի որ շարունակում են հնարավորության դեպքում բնությանն ավելի մոտ լինել․«Գարին էլ կամաց-կամաց պրոֆեսիոնալ է դառնում լուսանկարելու հարցում (ժպտում է,- հեղ․)։ Հուսով եմ՝ մոտ ապագայում մի լավ ֆոտոխցիկ կունենանք, քանի որ աղջիկս՝ Մարիան էլ է սիրում լուսանկարել։ Կարծում եմ՝ այս անգամ էլ նկարները շատ գեղեցիկ են ստացվել։ Չքնաղ գյուղն ու այնտեղի երիցուկների դաշտը բացահայտում էին թե՛ ինձ, եւ թե՛ Գարիի համար»։

Ալլա Սահակյանը


Նա նշեց, որ այդ փոքրիկ ուղեւորության ընթացքում հասցրել է նաեւ նկարահանումներ իրականացրել Համազգային թատրոնի նոր կինոնախագծի համար.«Վարշամ Գեւորգյանը նոր ֆիլմ է նկարահանում, որի հիմքում Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վիպակն է։ Այդ նախագծի շրջանակում մեր թատրոնի դերասաններից յուրաքանչյուրը հետաքրքիր կադրեր է նկարահանում ինքնամեկուսացման պայմաններում, այսինքն՝ ինքն է իր հատվածի ե՛ւ ռեժիսորը, ե՛ւ դերասանը, ե՛ւ օպերատորը, ե՛ւ ամեն ինչը։ Իհարկե, այդ ամենն ուղղորդվում է գլխավոր ռեժիսորի կողմից։ Շատ հետաքրքիր նախագիծ է, որի պրեմիերան առաջիկա մեկ ամսվա ընթացքում կլինի։ Ինքս էլ սկզբում դժվարանում էի, բայց հետո մեր պատշգամբում տեսախցիկ տեղադրեցի եւ տեղի ունեցող բոլոր բնական երեւույթները նկարեցի՝ անձրեւ, քամի, կարկուտ, կայծակ, ծիածան, թռչունների երամները... Իհարկե, տանը եւ բնության մեջ հետաքրքիր այլ կադրեր էլ եմ ստացել. շատ զարմանալի տեսարաններ կան։ Հիշում եմ՝ մի անգամ ծաղկած ծառերի կադրերը կորել էին, եւ այդ ժամանակ արդեն ծաղկած ծառեր չկային։ Ստիպված այնքան շրջեցի, որ վերջը հասկացա՝ միակ ծաղկած ծառն այդ պահին Ազգային ժողովի մուտքի մոտի ծառն էր։ Գնացի, նկարեցի ու շատ էի ուրախացել»։

Ալլա Սահակյանը


Ալլա Սահակյանն ասաց, որ Համազգային թատրոնն այս ընթացքում ակտիվորեն աշխատում է նոր նախագծերի ու ներկայացումների վրա, նույնիսկ առցանց փորձեր են իրականացնում, երբ հանդիպելու հնարավորություն չի լինում. «Այն, որ մենք թատրոնում անդադար ստեղծագործում ենք, նոր նախագծեր ենք մտածում, իրագործում, նաեւ Նարինկայի (Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը,- հեղ․) շնորհիվ է, որովհետեւ նա է ոգեշնչում, նա է տալիս այդ հնարավորությունը, որ մենք ստեղծագործենք։ Շատ կարեւոր է, երբ թատրունում կա գաղափարներին տեր կանգնողը, որովհետեւ դերասանների մեջ շատ նոր մտքեր են ծնվում, այդ ամենին պետք է հետեւել, ճիշտ ուղու վրա դնել ու թողնել, որ ստեղծագործի»։

Դերասանուհին, ով նաեւ որպես երգչուհի ակտիվորեն ընդգրկված է երաժշտական նախագծերում, նշեց՝ այս ընթացքում իրենք էլ Գարի Քյոսայանի հետ ստեղծագործում են ու նոր ծրագրերի վրա աշխատում.«Սպասում ենք կորոնավիրուսի նահանջելուն. ընդհատված համերգների շարք ունենք, որ պետք է անենք, անընդհատ օրը տեղափոխվում է հասկանալի պատճառներով։ Հուսանք՝ շուտով ամեն ինչ կվերադառնա իր բնականոն հունին։ Թատրոնում էլ շատ հետաքրքիր նոր նախագիծ է մշակվում, ես էլ անհամբերությամբ սպասում եմ, որ մասնակցեմ այդ ներկայացմանը»։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ալլա Սահակյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին