×


«Երկու ժամ ծիծաղել եմ». Արման Խաչատրյանը՝ «Շիրազի Վարդը» սերիալում իր կերպարի եւ սանրվածքի մասին

Ելենա Արշակյանի «Շիրազի Վարդը» սերիալի դերասանական կազմին է միացել Արման Խաչատրյանը: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանը պատմել է առաջարկի, իր մարմնավորած կերպարի եւ գործընկերների հետ հարաբերությունների մասին:

Նա նշել է, որ թեեւ վերջին շրջանում բացակայում էր էկրաններից, աշխատանքային դադար չի ունեցել.«Դադարել էր իմ եւ հեռուստադիտողի շփումը, սակայն այս ընթացքում համագործակցում էի «Academy Films» ընկերության հետ, որն աշխատում է ամերիկյան սերիալարտադրողների հետ: Ստեղծված իրավիճակի պատճառով մինչեւ օգոստոս դադարեցվել են ամերիկյան սերիալի նկարահանումները, եւ երբ «Շիրազի Վարդ»-ի թիմից ստացա առաջարկը, սիրով համաձայնեցի համատեղել երկու նախագծերը»:

Արման Խաչատրյանը


Արմանը խոստովանել է, որ որոշել էր փոքր-ինչ հանգստանալ, սկզբում անգամ մտածել է հրաժարվել առաջարկից եւ չնկարահանվել.«Սակայն այս թիմի հետ էլի եմ աշխատել, ծանոթ եմ եւ, այնուամենայնիվ, որոշեցի կրկին միանալ իրենց»:

Սերիալում մարմնավորում է Ռոբին.«Ներկայանում եմ՝ որպես Անուշի որդի: Ըստ սցենարի՝ ինձ գտել է հերոսուհին՝ Վարդը, եւ ծանոթացրել մորս հետ: Հետագա զարգացումները դեռ այդքան էլ պարզ չեն, բայց վստահեցնում եմ՝ խոստումնալից են։ Այս կերպարը շատ է տարբերվում նախկինում իմ կերտած բոլոր կերպարներից: Ավելի սառը, ինքնամփոփ, անհասկանալի բնավորություն ունեցող մարդ է: Դեռ ես էլ ամբողջովին չեմ բացահայտել կերպարս. աշխատում եմ այդ ուղղությամբ»։

Նկարահանումներն Արմանի համար անցնում են անմիջական ու դրական մթնոլորտում.«Իհարկե, երբեմն չեն կարող չլինել անհամաձայնություններ, լարված պահեր, բայց դրանք շատ արագ հարթվում են»։

«Շիրազի Վարդը» սերիալի նկարահանումներին


Վստահ է՝ արդյունավետ աշխատելուն նպաստում են հանգստությունն ու լավ տրամադրությունը.«Դա ինձ օգնում է անելիքս ճիշտ ու լավ կատարել։ Բայց թող չթվա, թե ամեն ինչ շատ հեշտ է։ Սա աշխարհի ամենաբարդ մասնագիտությունն է»։

Հեռուստադիտողների մեկնաբանություններից ոգեւորվում է.«Սպասում եմ ցանկացած արձագանքի։ Սանրվածքիս վերաբերող մեկնաբանությունները կարդալուց հետո երկու ժամ ծիծաղում էի: Ի դեպ, սանրվածքս էլ այլ է ու անսովոր»։

Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արման Խաչատրյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին