×


«Մեր երազելի խնջույքը չէր». Մերի Ներսիսյանի դստեր 4-ամյակն ու Մամիկոն Սիմոնյանի անակնկալ այցը

Գոռ Պետրոսյանի եւ Մերի Ներսիսյանի ընտանիքը խստորեն հետեւեում է հակահամաճարակային կանոններին: Հաղորդավարուհին BRAVO.am-ին ասել է, որ մեկ ամսից ավելի չի տեսակցել ծնողներին, ընկերներին եւ մտերիմներին շատ է կարոտել, բայց վարակի տարածման շղթան կոտրելու համար չեն հանդիպում: Օրեր առաջ նրանց միջնեկ դուստրը՝ Սառան, դարձել է 4 տարեկան, այդ առիթով նույնպես ծնողները մեծ խնջույք չեն կազմակերպել:

«Այս օրերին մխիթարող միտքն այն է, որ Covid-19-ի առաջացրած խնդիրներին դու ու քո ընտանիքը միայնակ չեք բախվում, այլ՝ աշխարհի տարբեր ծայրերում ապրող միլիոնավոր մարդիկ: Համավարակի առաջին օրերին կար մտավախություն, անհանգստություն, հատկապես, որ ստիպված էի շարունակել աշխատել: Մտահոգվում էի, որ կարող եմ վարակվել ու վարակել ընտանիքիս: Մենք հետեւում ենք սահմանված բոլոր կանոններին: Մեկ ամսից ավելի ծնողներիս չեմ տեսել: Հարազատներիս, ընկերներիս անսահման կարոտել եմ, բայց շփման շրջանակը նվազագույնի ենք հասցրել»,- ասել է Մերին:

Սառայի տարեդարձին


Բազմազավակ ծնողներն ամեն բան անում են երեխաների օրը հետաքրքիր դարձնելու համար.«Փորձում ենք այլընտրանքներ գտնել: Երեխաների օրը լցնելու բազմաթիվ միջոցներ ենք ստեղծում՝ սովորական խաղերից սկսած ջրային զվարճություններով վերջացրած: Ամեն շաբաթ քաղաքից դուրս ենք գնում՝ խուսափելով մարդաշատ վայրերից: Երեխաներիս այնքան ենք ասել՝ պետք է այլ բալիկների հետ չշփվել, մարդաշատ վայրեր չգնալ, որ երբ երեխա են տեսնում, մի կողմ են փախչում: Գիտեմ, որ սա նորմալ չէ, հուսով եմ՝ ժամանակավոր է»:

Խոսել ենք նաեւ չեղարկված ծրագրերից.«Երեխաները քիչ թե շատ մեծացել են, այս տարի վերջապես պլանավորել էինք հանգիստն անցկացնել Հայաստանի սահմաններից դուրս: Մեր ծրագրերը ջուրն ընկան: Երկարատեւ արձակուրդ այս տարի չենք կազմակերպի. որոշել ենք հանգստյան բոլոր օրերին հետաքրքիր որեւէ բան կազմակերպել: Հայաստանում բացահայտում ենք նոր վայրեր: Ես ու Գոռը դեռ տարվա սկզբին սիրում ենք գոնե մոտավոր ծրագրել մեր անելիքները: Բնականաբար, մի շարք գործեր չկարողացանաք ու դեռ չենք կարողանա իրականացնել: Չենք հուսալքվում, հավատում ենք, որ ամեն բան առջեւում է ու շատ լավ է լինելու: Կորոնավիրուսը մեզ գարուն ու ամառ է պարտք, ինչ խոսք, իմ ամենասիրելի երկու եղանակը ամբողջությամբ վայելել չստացվեց, բայց երբ տեսնում ես, թե մարդիկ այս վիրուսի պատճառով ինչ խնդիրների են բախվում, կան ընտանիքներ, որոնք հարազատ են կորցրել, հասկանում ես՝ դժգոհել պետք չէ, պետք է ուղղակի գիտակցել, որ ամեն բան ժամանակավոր է, եւ որ համավարակին հաղթելու գործում կարեւոր է մեզնից յուրաքանչյուրի վարքագիծն ու սրտացավությունը»:

Մամիկոն Սիմոնյանը՝ Սառայի հետ


Արտակարգ դրության օրերին նշել են Սառայի 4-րդ տարեդարձը.«Մեր ու իր երազելի խնջույքը չէր, բայց կարեւորը երեխայի ապրումներն են ու այն դրական լիցքերը, որ ստանում է ծննդյան տոնից: Մենք կարողացանաք ապահովել այդ ամբողջն՝ առանց խնջույքի: Տոնին մասնակցեց մայրս ու եղբորս ընտանիքը, երեխաներիս կնքահայրը՝ Մամիկոն Սիմոնյանն էլ անակնակալ կերպով միացավ մեզ ու շնորհավորեց իր սանիկին: Միասին գնացինք այգի, որտեղ Սառայի սիրելի հերոսուհին էր մեզ սպասում: Առանց խաղերի, միջոցառումների, բայց շատ ուրախ ու սիրուն օր անցկացրինք»,-եզրափակել է Մերին:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մերի Ներսիսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին