Երգչուհի Մաշա Մնջոյանը շարունակում է պայքարն «Ավստրալիայի ձայնը» նախագծում: «Կույր լսումներ» փուլում ժյուրիի բոլոր անդամների համակրանքը նվաճած Մաշան որպես մարզիչ ընտրեց հանրահայտ երգչուհի Քելլի Ռոուլանդին: «Մենամարտ» փուլում Ռոուլանդը նախապատվությունը տվեց նրա մրցակցին, սակայն Մաշան դուրս չմնաց նախագծից, քանի որ նրան «գողացավ» ժյուրիի մյուս անդամը՝ անգլիացի երաժիշտ Բոյ Ջորջը:
Նախագծի «Playoff» փուլում Մաշան ներկայացավ Ուիթնի Հյուսթոնի «I Have Nothing» երգով` ելույթը սկսելով հայերենով: «Ես այնքան հուզված էի, որ հնարավորություն ստացա երգել իմ հոգու լեզվով՝ հայերենով, այս բազմամշակույթ եւ հյուրընկալ երկրում՝ Ավստրալիայում»,-խոստովանել էր երգչուհին:
BRAVO.am-ի հետ նոր զրույցում Մաշան կիսվել է մրցակցության ամենաթեժ պահերին իր ունեցած ապրումներով:
Երգչուհու խոսքով՝ «Մենամարտ» փուլում Քելլիի որոշումը չի ազդել իր տրամադրության եւ տրամադրվածության վրա.«Իմ առաջին մարզչի՝ Քելլի Ռոուլանդի ընտրությունն ինձ, իհարկե, չի տխրեցրել, քանի դեռ ես նախագծում եմ (ժպիտ): Այստեղ ես մրցում եմ անչափ տաղանդավոր եւ յուրահատուկ արտիստների հետ։ Վայելում եմ ամբողջ ընթացքն ու աշխատանքը լավագույն մասնագետների եւ շփումը նոր մարդկանց հետ»:
Քելլի Ռոուլանդի թիմը
Մաշան նշել է, որ հատկապես գնահատում է այն ժամանակը, որն անցկացնում է՝ աշխատելով մարզիչ Բոյ Ջորջի հետ.«Նա ինքնատիպ ու յուրօրինակ արտիստ է. շատ դրական, բայց եւ շատ լուրջ ու խոր: Ջորջի երկար տարիների փորձն ու գործունեությունը շատ լիքն է ու հարուստ: Երջանիկ եմ, որ նրա թիմում եմ ու հնարավորություն ունեմ աշխատել հենց իր հետ»:
Մաշա Մնջոյանի հետ մեր նախորդ հարցազրույցը կարդացեք այստեղ:
Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ «Ավստրալիայի ձայն»-ի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: