Լոս Անջելեսի կոմիքսների փառատոնի (L.A. Comic Con) ժամանակ Նիկոլաս Քեյջը կատակել է, թե այժմ անօթեւան է։ Դերասանը պատմել է, որ ստիպված է հյուրանոցներում ապրել, քանի որ Մալիբուում գտնվող նրա՝ 10.5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատան մոտ փլուզման հետեւանքով հսկայական փոս է առաջացել։
«Հիմա մի տեսակ անօթեւան եմ։ Մալիբուում իմ տան հետ ինչ-որ բան է պատահել»,- Հելոուինի օրն ասել է Քեյջը՝ ափսոսանք հայտնելով, որ չի կարողանա տանը դիմավորել քաղցրավենիք խնդրելու եկած փոքրիկ հյուրերին, որոնց մեծ սիրով կընդուներ:
Դերասանն ավելացրել է, որ միջոցառումից հետո մտադիր է 4-ամյա դստեր՝ Ավգուստա Ֆրանչեսկայի հետ զբոսնել Սանտա Մոնիկայում, ապա դիտել Սթենլի Կուբրիկի «Փայլատակում» ֆիլմը։
62-ամյա Քեյջն ամուսնացած է 31-ամյա Ռիկո Շիբատեի հետ։ Զույգը ծանոթացել է 2019 թվականին Ճապոնիայում՝ «Ուրվականների երկրի բանտարկյալները» ֆիլմի նկարահանման հրապարակում։ Համավարակի ընթացքում նրանք նշանադրվել են FaceTime-ի միջոցով, իսկ 2021 թվականին ամուսնացել Լաս Վեգասում։ 2022 թվականի սեպտեմբերին ծնվել է նրանց դուստրը՝ Ավգուստա Ֆրանչեսկան։
Նախկինում դերասանն ամուսնացած է եղել չորս անգամ եւ երկու որդի ունի:


×
103





