×


Գոհար Ավետիսյան. «Դադարել եմ ինձ մեղադրել, որ 24 ժամ երեխայիս կողքին չեմ»

Գոհար Ավետիսյանի կյանքում այս տարին առանձնահատուկ է. իրականացել է ֆիլմում նկարահանվելու նրա մանկության երազանքը։ Ինչպե՞ս է համատեղում աշխատանքն ու մայրությունը, ի՞նչ է զգում Հայաստան վերադառնալիս եւ արդյոք առաջիկայում ցանկանո՞ւմ է հարսի զգեստ հագնել, նա պատմել է Bravo.am-ին։

- Շատ փոքր տարիքում ընտանիքով տեղափոխվել եք Ռուսաստան, որտեղ հետագայում ինքնուրույն կերտել եք Ձեզ եւ ստեղծել Ձեր անվանական բրենդը։ Ի՞նչն է օգնել հաջողության հասնել։

- Սկզբում շատ վախենալու եւ բարդ էր։ Դիմահարդարման ոլորտում ճանաչում ձեռք բերեցի իմ ստեղծագործական մոտեցման եւ հմտությունների շնորհիվ։ Այն սիրել եմ դեռ մանկուց, եւ հենց այդ պատճառով բոլոր աղջիկներին ու կանանց կմաղթեմ ու խորհուրդ կտամ զբաղվել նրանով, ինչ սիրում են։ Եթե սիրում են մարդկանց գեղեցկացնել, թող դա անեն, եթե սիրում են համեղ պատրաստել, թող զարգանան այդ ուղղությամբ։ Յուրաքանչյուր մարդ պետք է սովորի իր սիրելի զբաղմունքը նախ հոբբիի, ապա եկամուտ բերող աշխատանքի վերածել։ Երբ զբաղվում ես սիրելի գործով, մոռանում ես վախերի եւ դժվարությունների մասին։


- Դուք որդի ունեք՝ Գասպարը։ Հե՞շտ է համատեղել մայրությունը, ակտիվ մասնագիտական գործունեությունն ու հանրային կյանքը։

- Ես դադարել եմ ինձ մեղադրել այն բանի համար, որ 24 ժամ երեխայիս կողքին չեմ։ Երբ նորածին էր, այս առումով շատ էի անհանգստանում, ինձ թվում էր՝ լավ մայր չեմ։ Բայց հետո հասկացա, որ ամեն մայր իր ձեւով է սիրում երեխային։ Այն ժամերը, որ միասին ենք անցկացնում, առավելագույնս նվիրում եմ նրան՝ նրա հետաքրքրություններին ու նախասիրություններին։ Մայրը կարող է 24 ժամ երեխայի կողքին լինել, բայց ամբողջ ընթացքում բղավել նրա վրա, մինչդեռ միասին անցկացրած ավելի կարճ ժամանակը կարող է շատ ավելի արդյունավետ ու արժեքավոր լինել։

- Հայաստան հաճախ եք գալիս։ Մշտական բնակության տեղափոխվելու պլաններ չկա՞ն:

- Հայաստան վերադառնալիս ամեն անգամ հոգումս յուրահատուկ զգացողություն է առաջանում։ Ինչպես ասում են՝ «պապայի տուն եմ եկել»։ Ծնվել եմ Մարտունու Լիճք գյուղում։ Շատ կապված եմ հայրենիքիս հետ ու շատ եմ սիրում, սակայն մշտական բնակության տեղափոխվելու մասին դեռ չեմ մտածում։ Աստված տա՝ այստեղ էլ իմ անկյունն ունենամ, բայց այս պահին իմ տունն ու աշխատանքը Մոսկվայում են։


- Գոհա՛ր, այս տարի առաջին անգամ նկարահանվեցիք ֆիլմում։ Ինչպե՞ս ստացաք առաջարկը։

- Ֆիլմում նկարահանվելը մանկությանս երազանքներից մեկն է եղել, բայց չէի պատկերացնում, որ այն երբեւէ կիրականանա։ Երբ ծանոթներս ասացին, որ ֆիլմի նկարահանման համար ինձ են փնտրում, շատ զարմացա, սկզբում նույնիսկ չէի հավատում։ Ճշտող հարցեր էի տալիս՝ արդյոք ճի՞շտ եմ հասկացել, որ պետք է նկարահանվեմ գեղարվեստական ֆիլմում։ Պարզվեց՝ այո։ Միանգամից համաձայնեցի։ Սա այն դեպքերից էր, երբ նույնիսկ հոնորարն ինձ համար կարեւոր չէր, այլ այն գաղափարը, որ կխաղամ ֆիլմում։ Իմ կերպարում եմ հանդես եկել: 

- Ինչպիսի՞ն էր նկարահանման ընթացքը։ Դժվա՞ր է դերասանի աշխատանքը։

- Կողքից ամեն ինչ կարող է հեշտ թվալ, բայց օրական մոտ 15 ժամ տեւող նկարահանումները, նոր ու անսովոր միջավայրը բավական բարդ էին։ Բայց գործընթացն ինձ շատ դուր եկավ։ Ինձ համար սովորական չէ այդքան խառը գրաֆիկը, ու մենք միշտ շատ սուրճ էինք խմում։ Իմ կարծիքով՝ արդյունքում այնքան ուրախ կատակերգություն է ստացվել, որ չծիծաղելն անհնար է։ Նկարահանման մոտ 20 օր եմ ունեցել, եւ ողջ ընթացքում շատ ենք ծիծաղել։ Նկարահանումներն անցել են շատ հայկական, ուրախ ու ջերմ մթնոլորտում։

- Կցանկանայի՞ք շարունակել նկարահանվել ֆիլմերում:

- Մեծ հաճույքով։ Եթե նման առաջարկներ լինեն, անպայման կդիտարկեմ։


- Շատերը սպասում էին, որ «Մեկ in Մեկ»-ի պրեմիերային կներկայանաք հարսի զգեստով՝ համահունչ միջոցառման հարսանեկան ոճին, բայց Դուք բոլորին անակնկալ մատուցեցիք։ Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր ընտրությունը։

- Այո՛, ֆիլմի պաստառին եւս հարսի զգեստով եմ։ Սկզբում ես էլ էի մտածում պրեմիերային հարսանեկան զգեստով ներկայանալ՝ հաշվի առնելով ֆիլմի վերջաբանը, բայց հետո մտափոխվեցի։ Հարսանեկան զգեստ կհագնեմ իմ իրական հարսանիքի օրը։ Կամուսնանա՞մ առաջիկայում, թե՞ ոչ, դեռ չգիտեմ (ծիծաղում է,- հեղ.), բայց այդ զգեստը պարզապես փորձում էի։ Քանի որ իմ կյանքի առաջին ֆիլմի պրեմիերան էր, որոշեցի ներկայանալ Օսկարի արձանիկը հիշեցնող զգեստով։

Զրուցեց Արմինե Բրսոյանը
Լուսանկաները՝ Գոհար Ավետիսյանի ինստագրամյան էջից

Կարդալ ավելին

Quality Sign BW