×


«Նոր երգ ասա՝ լսեմ»․ MVF բենդ, Քանյե Ուեսթ, The Weeknd, Դեւիդ Գիլմոր, Ֆեդուկ

Ի՞նչ երգ լսել, եթե արդեն հոգնել ես սմարթֆոնիդ չթարմացվող երգացանկից կամ նոր թողարկված երգերի բազմազանության մեջ չես գտնում ճաշակիդ ու տրամադրությանդ համապատասխան որեւէ գործ: BRAVO.am-ը ներկայացնում է անցնող շաբաթվա նոր ու հետաքրքիր երգերը, տեսահոլովակները, որոնք ոճային ու ժանրային առումով տարբերվում են միմյանցից: Այդպիսով դուք կկարողանաք առանձնացնել ձեր նախընտրելի երգերն ու դրանցից մի քանիսն ավելացնել սիրելի փլեյլիսթում:

MVF բենդ - «Մախմուր աղջիկ»

«Մախմուր աղջիկը» նոր մեկնաբանություն ունի։ Հայկական ամենասիրված երգերից մեկն այս անգամ նոր կատարմամբ ու տեսահոլովակով է ներկայացրել «MVF Band»-ը։ Վոկալիստ եւ թառահար Միքայել Ոսկանյանն այդ առիթով իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ փորձել են շատ նուրբ մոտենալ գործիքավորմանը, չնայած՝ ստանդարտներից դուրս հարմոնիկ լուծումներ են տվել ու, չփոխելով բոլորի կողմից սիրված մեղեդային գիծը, նոր կաղապար մշակել.«Տեսահոլովակի գաղափարն ու իրականացումն Ալիկ Սարգսյանինն է, ով մեր կենդանի կատարմամբ երգը լսելուց հետո առաջարկեց նկարել հենց Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը, որը, ցավոք, այդքան էլ շատ այցելու չի ունենում։ Կարծում եմ՝ չքնաղ է նկարել»,- գրել է նա։



«Գողթ» - «Սատուրն»

«Գողթ» հայկական երաժշտական նախագիծը նոր տեսահոլովակ ունի՝ «Սատուրն» երգի հիման վրա։ Նշենք, որ «Գողթը» ստեղծվել է 2015 թվականին։ Նախագծի նպատակն է կոտրել տարբեր գործիքների նկատմամբ ժանրային կարծրատիպերը՝ ներկայացնելով հեղինակային ստեղծագործություններ, որոնցում օգտագործվում են ազգային եւ դասական ձայներ՝ առանց դրանց կաղապարման:



«Հող» - «Ենթադրում եմ»

«Հող» էթնիկ-էլեկտրոնային երաժշտական նախագիծը նոր ստեղծագործություն է ներկայացրել։ «Ենթադրում եմ»՝ այսպես է կոչվում երգը, որի թե՛ երաժշտությունը, եւ թե՛ տեքստն աչքի են ընկնում ինքնատիպ մեկնաբանությամբ, ինչպես այս խմբի նախորդ գործերի դեպքում։



Քանյե Ուեսթ եւ Թրեւիս Սքոթ -  «Wash Us In The Blood»

2020 թվականին աշխարհում տեղի ունեցած իրադարձությունների մասին իր մտքերով է կիսվել ռեփեր Քանյե Ուեսթը՝ Թրեւիս Սքոթի հետ համագործակցությամբ ներկայացնելով «Wash Us In The Blood» (Լվացեք մեզ արյան մեջ) երգի տեսահոլովակը։ Ի դեպ, ռեփերի ավագ դուստրը՝ Նորթը, եւս երեւում է հոլովակի վերջին կադրերում, որտեղ հավաքված մարդիկ ամերիկյան հոգեւոր երգեր են կատարում։



Դեվիդ եւ Ռոմանի Գիլմորներ - «Yes, I Have Ghosts»

«Pink Floyd» խմբի կիթառահար եւ վոկալիստ Դեվիդ Գիլմորը վերջին հինգ տարվա ընթացքում իր առաջին երգն է ներկայացրել, որը գրել է կնոջ՝ Փոլլի Սեմսոնի հեղինակած բանաստեղծության հիման վրա։ Երգը կնոջ նոր աուդիոգրքի՝ «Երազողների թատրոն»-ի համար է։ Գիլմորին ձայնակցում եւ նվագակցում է դուստրը՝ Ռոմանին։ Ահա այսպիսի ընտանեկան համատեղ աշխատանք:):



The Weeknd եւ Doja Cat - «In Your Eyes»

Կանադացի երգիչ The Weeknd-ը ներկայացրել է իր նոր երգի տեսահոլովակը՝ ամերիկացի երգչուհի Doja Cat-ի հետ համագործակցությամբ։ Նրանք իրենց «In Your Eyes» (Քո աչքերում) երգը թողարկել են անիմացիոն գունեղ հոլովակի տեսքով, որը, վստահաբար, տեղ կգտնի այս ամռան ամենաշատ դիտված ու լսված գործերի կողքին։



«Evanescence» - «The Game Is Over»

Ամերիկյան հայտնի «Evanescence» ռոք-խումբը նոր տեսահոլովակ ունի, որը երաժիշտները նկարահանել են իրենց սմարթֆոններով։ «The Game Is Over» (Խաղն ավարտված է)՝ այսպես է կոչվում երգը, որն ընդգրկվելու է աշնանը թողարկվելիք «The Bitter Truth» ալբոմում։

«Այս երգն այն մասին է, թե ինչպիսի սրտխառնոց եմ ունենում այն «դիմակներից», որոնցով մենք ներկայանում ենք ուրիշներին, որպեսզի նրանք հարմարավետ զգան իրենց։ Մեր ներքին զգացողություններն այնքան են տարբերվում այն ամենից, ինչ մենք ցուցադրում ենք՝ փորձելով համապատասխանել ընդունված չափանիշներին, որպեսզի չափազանց տարօրինակ չթվանք»,- ասել է խմբի համահիմնադիր եւ վոկալիստ Էմի Լին։ Նա նաեւ նշել է, որ սա խոստում է ինքն իրեն՝ լինել ավելի իրական․«Սա նաեւ աղոթք է այն մասին, որ դառնանք ավելի լավը եւ մեզ չզգանք այդքան շփոթված ու վիրավորված»։



Ջեսի Ուեր -  «Soul Control»

Բրիտանացի երգչուհի Ջեսի Ուերը պարային տեսահոլովակ է ներկայացրել՝ «Soul Control» երգի հիման վրա։ Այն ընդգրկված է երգչուհու նոր՝ «What’s Your Pleasure?» ալբոմում, որը թողարկվել է նախորդ ամիս։ Երկրպագուներից շատերը մեկնաբանություններում նկատել են, որ Ջեսին հոլովակ է ներկայացրել ալբոմի լավագույն երգի հիման վրա։



Վիկտորյա Մոնե, Խալիդ եւ SG Lewis - «Experience»

Եվս մեկ պարային տեսահոլովակ Վիկտորյա Մոնեից։ Ամերիկացի երգչուհին ներկայացրել է իր «Experience» երգի տեսահոլովակը, որն աչքի է ընկնում դիսկո պարերով։ Երգի ձայնագրությանը մասնակցել են նաեւ ամերիկացի երգիչ, հեղինակ-կատարող Խալիդը եւ բրիտանացի պրոդյուսեր SG Lewis-ը։ Երգն ընդգրկվելու է Վիկտորյայի նոր՝ «Jaguar» երաժշտական նախագծում, որի պրեմիերան նախատեսված է հուլիսի 31-ին։



FEDUK - «Останься»

Ռուս երգիչ եւ երգերի հեղինակ Ֆյոդոր Ինսարովը, որն ավելի հայտնի է որպես FEDUK, ինքնատիպ տեսահոլովակ է ներկայացրել իր «Останься» երգի հիման վրա։ Հոլովակը նկարահանել են հայտնի ռեժիսորներ Ռոմա Կիմը եւ Միշա Սեմիչեւը, իսկ գլխավոր դերում հանդես է եկել թատրոնի եւ կինոյի դերասան Յուրա Բորիսովը։ Կարճամետրաժ ֆիլմ հիշեցնող այս հոլովակի իրադարձությունները տեղի են ունենում կինոթատրունում, որտեղ հերոսն աշխատում է որպես հավաքարար։ Թե ինչ է տեղի ունենում բոլոր ցուցադրությունների ավարտից հետո, երբ կինոթատրոնը կարծես լքված մի շինություն լինի, ավելի լավ է՝ դիտեք ինքներդ: :)


Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին