×


Յուրի Իգիթխանյանը՝ 18 կգ-ով նիհարելու, գործընկերների ակցիայի եւ իր խնայողությունների մասին

Յուրի Իգիթխանյանի ավագ որդին՝ Սերգեյը, դարձել է 6 տարեկան: Թե ինչ անակնկալ են մատուցել տղային, համավարակի հետեւանքով ինչ ծրագրեր են ստիպված եղել հետաձգել, արդյոք ֆինանասական դժվարություններ ունեցել են այս ամիսներին, դերասանը պատմել է BRAVO.am-ին:

«Իհարկե, մեծ խնջույքի պլաններ կային, որովհետեւ Սերգեյի վերջին տարին էր մանկապարտեզում. ընկերներին պետք է հրավիրեր: Մեծերով նույնպես պետք է հավաքվեինք ռեստորաններից մեկում եւ ուրախ նշեինք մեր առաջնեկի տարեդարձը: Այս ամենը պետք է ավարտվեր ընտանեկան հանգստով Եվրոպայում, բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ. սահմանները փակ են, շարունակվում է համաճարակի դեմ ծամոնի պես ձգվող պայքարը»,-պատմել է Յուրին։

Սերգեյը դարձել է 6 տարեկան


Այս ամենը, սակայն, չի խանգարել ծնողներին անակնկալ մատուցել երեխային. «Գիշերն Անուշի հետ սկսեցինք նախապատրաստական աշխատանքները: Քանի որ մեր տղան վերջին շրջանում շատ հետաքրքրված է ճանապարհային ոստիկանության աշխատանքով, գիտի ճանապարհային բոլոր նշանները, նաեւ հաճախում է մենթալ թվաբանության դասերի, լողի, վարժ կարդում է հայերեն եւ ռուսերեն, որոշեցինք քվեստ կազմակերպել նրա համար՝ «Խուզարկու ոստիկանը փնտրում է իր նվերները» թեմայով: Առավոտյան ժամը 07:45-ին նա արթնացավ եւ եղբոր՝ Միքայելի հետ սկսեց «որսը»: Հաղթահարեցին բոլոր փորձությունները եւ ստացան նվերները: Թեեւ Սերգեյի ծննդյան օրն էր, բայց փոքր եղբայրն անմասն չմնաց։)»:

Տոնական օրն անցկացրել են տանը, իսկ առաջիկայում հնգօրյա հանգիստ կվայելեն Սեւանում.«Մեր չեղարկված ծրագրերն իրականություն կդարձնենք, երբ բացվեն սահմանները»,-նշել է Յուրին:

Յուրի Իգիթխանյանը եւ Անուշ Սարգսյանը


Հարցին, թե ինչպես են անցկացրել կարանտինը, եւ արդյոք ունեցել են ֆինանսական դժվարություններ, դերասանը պատասխանել է.«Խիստ մեկուսացման ժամանակ կարդում էինք, խաղում, սպորտով զբաղվում: Բնակարանի 110 քառակուսին թույլ էր տալիս, օրինակ, նիհարել. ես նիհարել եմ 18 կգ-ով, եւ դա դեռ վերջը չէ: Փառք Աստծո, ես կարող եմ մի քանի ամիս չաշխատել, բայց ընտանիքս պահել նույն պահանջներով: Իհարկե, երբ չկա եկամուտ, խնայողությունները կվերջանան մի օր։ Կարծում եմ՝ եթե ստեղծել ենք ընտանիք, պարտավոր ենք պահել, եթե այդ հարցում բարձրացրել ենք նշաձողը, իրավունք չունենք իջեցնել։ Վերջին օրերին քննարկումների պատճառ դարձավ մեր ոլորտի ներկայացուցիչների ակցիան, խորհուրդներ տվեցին, սրտաճմլիկ ստատուսներ գրեցին, եւ իմ մեջ հարց առաջացավ՝ ինչն է զայրացրել այդ մարդկանց, իմ կոլեգաների ակցիա՞ն, թե՞ մեր հոնորարները»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Յուրի Իգիթխանյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին