Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը պատրաստվում է 161-րդ թատերաշրջանին: Սպասվող պրեմիերաների մասին Bravo.am-ին պատմել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը, ով նախօրերին Երեւանում բեմադրել է «Ռոմեո Ջուլիետ. Դեժավյու» ներկայացումը:
Նա նշել է, որ նախորդ տարվա հոբելյանական 160-րդ թատերաշրջանից հետո այս տարի էլ են պլանավորում մեծ ու տպավորիչ բեմադրություններով հանդես գալ:
Լյուդվիգ Հարությունյանը
«Նոր ներկայացումներից մեկը հրավիրված ռեժիսորի հետ համագործակցության արդյունքում է ստեղծվել: Մեզ հետ աշխատել է Մկրտչյանի անվան թատրոնի տնօրեն, դերասան եւ ռեժիսոր Տաթեւիկ Մելքոնյանը։ Նա մեր թատրոնում բեմադրություն անելու փորձ արդեն ունի. 2023-ին ներկայացրել էինք «Շարքային Թռչնակը»: Այս անգամ հանդիսատեսի դատին կհանձնենք Թենեսի Ուիլյամսի «Ապակե գազանանոց» հոգեբանական դրաման: Շատ հետաքրքիր ու նոր մեկնաբանությամբ ներկայացման առաջնախաղը սեպտեմբերի 18-19-ին է, որը կազդարարի նոր թատերաշրջանը»,- պատմել է Հարությունյանը:
Հաջորդ պրեմիերան նախատեսված է հոկտեմբերին. կներկայացվի Լյուդվիգ Հարությունյանի «Վատ տղաները» կատակերգությունը. «Վերջին շրջանում շատ ծանր ներկայացումներ եմ արել («Ինկած բերդի իշխանուհին», «Խավարի առաքյալները»), եւ թատրոնի գեղարվեստական խորhուրդը որոշեց, որ ավելի թեթեւ գործ բեմադրեմ: Կարծում եմ՝ հանդիսատեսը կսիրի մեր նոր ներկայացումները, մինչեւ որ եւս երկուսն էլ կբեմադրենք։ Առաջիկայում մեծ շուքով պատրաստվում ենք նաեւ մեր մանուկների համար ներկայացում անել»։
Այս տարվա մայիսին 81 տարեկանում կյանքից հեռացավ Հայաստանի ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը, որը երկար տարիներ աշխատել է Գյումրու թատրոնում: Այդ առումով աճեմյանցիների համար այս թատերաշրջանը մի քիչ տխուր է լինելու, բայց նրանք հավատարիմ կմնան Ծատուրյանի պատգամին՝ յուրահատուկ կերպով հարգելով նրա հիշատակը:
«161-րդ թատերաշրջանը կտարբերվի մյուսներից նրանով, որ թատրոնում մի կարեւոր նստատեղ ազատ կլինի: Հաջողությունների հետ մեկտեղ ունեցանք նաեւ կորուստներ, եւ, ցավոք, սա առաջին թատերաշրջանն է, երբ մեզ հետ չի լինի Նիկոլայ Ծատուրյանը: Նա վերջին 23-24 տարիներն ամեն ինչ արեց Վարդան Աճեմյանի անվան թատրոնի համար: Ամենակարեւորը՝ երիտասարդներին բերեց թատրոն, եւ բոլորիս ստիպեց սիրել թատրոնն ու նվիրվել նրան։ Եվ ես թե՛ իմ, թե՛ թատրոնի յուրաքանչյուր հաջողություն կապում եմ Նիկոլայ Ծատուրյանի անվան հետ։
Նիկոլայ Ծատուրյանը
Շատ եմ ցավում, որ այս թատերաշրջանում նրա նստատեղը դատարկ է լինելու, բայց նա միշտ ասում էր. «Երբեք իմ մասին անցյալով չխոսես, երբեք ինձ համար չսգաք»։ Չէր սիրում լաց լինել, եւ նրա հորդորն ու պատգամը պահպանելու եմ՝ իր մասին միշտ ուրախ եմ խոսելու, եւ նրան նվիրված ուրախ ներկայացումներ ենք խաղալու: Ծատուրյանի պատվին հուշ-երեկոներ չենք ունենալու, որովհետեւ նրա մասին երբեք անցյալով չենք խոսելու»,- նշել է Գյումրու թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
Սեպտեմբերից նոյեմբեր «Վարպետի ներկայացումները» խորագրով ծատուրյանական գործերի շարք կունենան: Կխաղան նրա երեք ներկայացումները՝ «Երեք անունով մի աղջիկ»-ը, «Երեք գեղեցկուհիներ»-ը եւ «Հրաշագործը», որն իրականացրել են Համազգայինի հետ համատեղ։ «Մեզ համար շատ կարեւոր սկզբունք է, որ Նիկոլայ Ծատուրյանի բոլոր ներկայացումները լինեն Գյումրու թատրոնի խաղացանկում ու երբեք չմոռացվեն»,- ավելացրել է Լյուդվիգ Հարությունյանը:
Պատրաստեց Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Գյումրու թատրոնի եւ Bravo.am-ի


×
96






