Լիդուշիկն օրեր առաջ դարձել է 21 տարեկան: Տոնական օրը երգչուհին ընտանիքի հետ անցկացրել է Դիլիջանում: BRAVO.am-ի հետ զրույցում նա ասել է, որ երբեւէ հատուկ չի պատրաստվել տարեդարձին:
«Շատերն են նախապես հյուրերի ցուցակ գրում, հագուստ, տորթ ու այլ աքսեսուարներ ընտրում, ինձ հետ երբեք նման բան չի եղել. ամեն ինչ վերջին վայրկյանին եմ անում: Ավելի փոքր տարիքում ծնողներս մեծ միջոցառում էին կազմակերպում, շատ հյուրեր էին հրավիրում, իսկ վերջին մի քանի տարին իմ ցանկությամբ ընտանեկան միջավայրում եմ անցկացնում օրս»,- պատմել է երգչուհին:
Լիդուշիկը
Հիշարժան տարեդարձերի պակաս չի զգում.«Ծննդյանս օրը մենահամերգով եմ ներկայացել երկրպագուներիս, նոր ձայնասկավառակիս շնորհանդեսն է եղել: 20-ամյակս Ֆրանսիայում եմ նշել՝ այնտեղ ապրող մտերիմներիս հետ: Վերջին անգամ հատուկ խնջույք 17-ամյակիս առթիվ ենք կազմակերպել»:
Երազանքների մասին նախընտրում է լռել.«Նպատակներ եմ դարձնում ու նրանց հետեւից շարժվում: Չեմ ասի՝ այս շրջանում ինչի մասին եմ երազում. երբ իրականանա, բոլորը կիմանան»:
Լիդուշիկը
Վերջերս ոճային փոփոխության է ենթարկել մազերը՝ սեւահերից դառնալով շիկահեր. «Մինչեւ 20-ամյակս էի որոշել փոխել մազերիս գույնը, բայց չէր ստացվում: Ճիշտն ասած՝ բավական դժվար եմ տրամադրվում նման փոփոխությունների, մտածում էի՝ միգուցե ոգեւորված անեմ, բայց հետո փոշմանեմ: Երկար ժամանակ տրամադրվեցի, որոշեցի գույնն ու սկսեցի վարսահարդարի հետ քննարկել, նա էլ իրականացրեց ցանկությունս: Նմանատիպ հարցերում այնքան եմ ոգեւորվում, որ անհամբեր սպասում էի այդ օրվան. ներկելու ողջ ընթացքում հայլու մեջ էի նայում: Դեռ դրական կարծիքներ եմ լսել: Ասում են՝ մորաքրոջս ու մայրիկիս եմ նմանվել: Առաջին լուրջ փոփոխությունն անցած տարի արեցի՝ հրաժարվելով երկար վարսերից եւ ակնոցից, դժվար առաջիկայում էլի փոփոխություններ անեմ. տեսակով պահպանողական եմ»,- եզրափակել է երգչուհին:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Լիդուշիկի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: