×


Կամերայինը հանդիսատեսի հետ շփվելու նոր ուղի է գտել

Մի քանի ամիս է, ինչ համավարակը թատերասերներին զրկել է սիրելի դերասանների խաղը բեմից վայելելու հաճույքից, սակայն ամենաինտերակտիվ թատրոններից մեկը` Կամերայինը, գտել է ելքն ու իր հանդիսատեսին ներկայանում է նոր ձեւաչափով:

BRAVO.am-ի հետ զրույցում թատրոնի ռեժիսոր Լուսինե Երնջակյանը պատմեց, որ մինչ այս ձեւաչափը մշակելը, փորձել են նաեւ այլ տարբերակներ.

«Քանի որ հիմա հնարավորություն չունենք ներկայացումներ խաղալու, այս ընթացքում մշտապես փնտրել ենք հանդիսատեսի հետ շփվելու տարբեր ճանապարհներ. նույնիսկ ունեցանք առցանց ներկայացում, եւ դերասանները խաղացին հենց ուղիղ եթերում:

Էվա Խաչատրյանը եւ Սենիկ Բարսեղյանը


Այժմ ներկայանալու ենք մի ձեւաչափով, որը, կարծում եմ, շատերին ծանոթ կլինի. աուդիոներկայացում, երբ ունկնդիրը լսում է ներկայացումը, բայց մենք որոշեցինք գումարել նաեւ պատկերը՝ լուսանկարները, եւ դրա օգնությամբ պատկերավորել ներկայացման գործողություններն ու ստանալ ֆոտոներկայացում: Այդպիսով, լուսանկարները հնարավորություն կտան տեսնել դերասանների դիմային խաղը, հույզերը, իսկ ձայնը՝  լսելու եւ զգալու այդ ամենը»:

Այս ձեւաչափով առաջին ներկայացումը կբեմադրվի Արա Երնջակյանի «Սոնատ թավջութակի համար» պիեսի հիման վրա:

Էվա Խաչատրյանը


«Պիեսի բեմադրող ռեժիսորն Արշալույս Հարությունյանն է, խաղում են Սենիկ Բարսեղյանն ու Էվա Խաչատրյանը: Գործողությունները տեղի են ունենում պատկերասրահում, այդ իսկ պատճառով լուսանկարներն արվել են Կամերային թատրոնի պատկերասրահում. նույնիսկ աշխատանքի ընթացքում մեզ այնքան գրավեց այս միտքը, որ մտածեցինք՝ հետագայում, երբ հնարավոր կլինի, խաղալ ներկայացումը հենց պատկերասարհում, մանավանդ, որ այժմ աշխարհում այդպիսի միտում կա՝ ներկայացումները հանել բեմից եւ խաղալ այլ միջավայրում»-նշել է Լուսինեն:

Էվա Խաչատրյանը եւ Սենիկ Բարսեղյանը


«Սոնատ թավջութակի համար» աուդիոներկայացումը հասանելի կլինի շուտով՝ Կամերային թատրոնի յութուբյան ալիքում:

Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Kalashyan Photography

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport