×


«Մինչեւ ե՞րբ լուռ սպասենք». «Nemra» ռոք-խմբի վոկալիստ

Համավարակի հետեւանքով ճգնաժամային իրավիճակում է մշակույթի ոլորտը, եւ խնդիրն այս անգամ բարձրաձայնել է «Nemra» ռոք-խմբի վոկալիստ եւ կիթառահար Վան Եղիազարյանը: Երաժիշտը մեջբերել է վերջին շրջանում ամենաարդիական «մենք պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ» արտահայտությունը՝ հարց հնչեցնելով՝ իսկ դա նշանակո՞ւմ է, որ պետք է նաեւ փորձենք լուծումներ գտնել մշակույթն էլ ապրեցնելու կորոնավիրուսի հետ.

«Թե՞ պետք է ջնջենք մշակույթը մեր կյանքից ու սովորենք ապրել առանց մշակույթի, առանց համերգների, ներկայացումների եւ այլն: Հասկանալի է, շատ բարդ իրավիճակ է, ամբողջ աշխարհում են մարդիկ այս խնդրի առաջ, բայց չէ՞ որ նախարարությունները հենց նրա համար են, որ այսպիսի իրավիճակներում ամեն մեկն իր ոլորտին տեր կանգնի: Եթե լուծում գտնվել է սրճարանները բացելու, տրանսպորտն աշխատեցնելու, առեւտրի կենտրոնները բացելու հարցում, ուրեմն հնարավոր է գոնե փորձել էս ոլորտում էլ լուծումներ գտնել: Իսկ եթե լուծում չի գտնվում, ուրեմն կառույցը թերի է աշխատում:

Տպավորություն է, որ կամ ոլորտը անտեսված ու արհամարհված է, կամ ուղղակի մարդիկ ալարում են աշխատել:

Հաշվի առնելով երկրի առաջ կանգնած բոլոր փորձությունները եւ դրանց զուգահեռ նախկինների խլվրտոցներն ու ամեն ինչից դիվիդենտներ հավաքելը՝ շատերս փորձում ենք ավելորդ խնդիրներ չստեղծել, համեստորեն ու լուռ սպասում ենք: Բայց մինչեւ ե՞րբ: Եթե համաճարակը տեւի, օրինակ, հինգ տարի, ուրեմն հինգ տարի մշակութային կյանք չի՞ լինելու: Պետք է ասել` լուծում չկա ու ձեռքերը ծալած նստե՞լ:

Եթե մեկի համար ապրելը խորոված ուտելն է, մյուսի համար ապրելը մշակութային կյանքն ու ակտիվությունն է: Ու խոսքը չի վերաբերում միայն մշակութային գործիչներին, խոսքը նաեւ մշակույթով ապրող հանդիսատեսի մասին է: Մենք աստիճանաբար ձեւավորում ենք հասարակություն, որին բացի քաղաքական «ռազբոռկաներից» այլ բան հետաքրքիր չէ, իսկ դա վտանգավոր է»:

Վանը միայն բողոքելը համարում է սխալ մոտեցում եւ խնդիրը լուծելու տարբերակներ է առաջարկել, որոնք, իր կարծիքով, հնարավոր է աշխատեն.

«Եթե բանկերի դիմաց հնարավոր է գծանմուշների օգնությամբ միմյանցից հեռավորություն պահել, նույն կերպ հնարավոր է քաղաքում ընտրել մի քանի վայր (ե՛ւ դրսում, ե՛ւ փակ տարածքում), ամբողջությամբ տրամադրել մշակույթին, բեմ տեղադրել, համերգներ, ներկայացում, կինոդիտում (եւ այլն) թույլ տալ անցկացնել` սահմանափակ թվով հանդիատեսով: Իսկ եթե մտավախություն կա, որ միջոցառման ընթացքում մարդիկ կխախտեն իրենց տարածքը, կարելի է ժապավեններով քառակուսիներ ստեղծել, ամեն մարդու համար տարածք հատկացնել։ Համերգի կազմակերիչներն էլ թող իրենց անվտանգության աշխատակիցների միջոցով հսկեն։ Իհարկե, շատ հանգիստ նույնը կարող են ոստիկաններն անել:

Կարելի է նաեւ տարածքը փակել ու ամեն ներս մտնողին սոցիալական հեռավորության համար նախատեսված օղակներ տրամադրել:
Կամ նույնը կարելի է անել բոլոր մեծ առեւտրի կենտրոններում: Ամեն օր հարյուրավոր մարդիկ մոլերի դիմաց ջերմաչափվում ու մուտք են գործում։ Այսպիսով, ավելի կառավարելի կլինի այնտեղ միջոցառում կազմակերպելը: Էլ չեմ խոսում, որ կարելի է ուղղակի իրարից հեռու սովորական աթոռներ տեղադրել դրսում. մարդիկ նստեն, ու ամեն համերգից հետո ախտահանել աթոռները, ինչպես արվում է տրանսպորտի եւ այլ դեպքերում:

Արդյունքում կունենանք մշակութային կյանք, որով կհպարտանանք ողջ աշխարհում, կունենանք հոգեբանական եւ ֆինանսական խնդիր չունեցող մշակութային գործիչներ եւ ամենակարեւորը՝ հոգեւոր սնունդ ստացող հասարակություն:

Մի խոսքով, տարբերակներ շատ կարելի է մտածել: Հնարավոր է` եւ ոչ մի տարբերակ չաշխատի, բայց առանց փորձելու ուղղակի աչք փակել ու ձեռքերը ծալած նստելն անընդունելի եմ համարում»,-եզրափակել է երաժիշտը:

BRAVO.am
Լուսանկարը՝ Վան Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW