«Եթե բոլորը...» հաղորդաշարը չի լինի Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանում. այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է նախագծի խմբագիր Սոսէ Բաղդասարյանը:
«Հրաժեշտը տխուր բան է: Եվ ես տխրել եմ։ Տխրում եմ, որովհետեւ այս հաղորդումը բոլորիս համար հնարավորություն էր բարի լինելու, կարեկցելու, ձեռք բռնելու, սիրելու: Եթե անկեղծ, ինձ համար, մեղմ ասած, միեւնույն է՝ այն ժամանակավրեպ էր համարվում, թե ժամանակակից, պրոֆեսիոնալները հավանում էին, թե՝ ոչ: Էականն այն է, որ այս չորս տարվա ընթացքում մենք այս հաղորդման շնորհիվ տեսել ենք՝ ինչպես է չքայլող երեխան քայլում, քաղցկեղով երեխան՝ բուժվում, չլսող երեխան՝ լսում ու խոսում, թեքված մեջքով /սկոլիոզ ունեցող/ երեխան՝ ուղիղ կանգնում, չտեսնող երեխան՝ տեսնում: Մենք աշխատել ենք ոչ թե վարկանիշ ունենալու, այլ մեր երեխաներին վիրահատելու, վերականգնողական բուժում ապահովելու եւ անհրաժեշտ դեղորայք ու սարքեր գնելու համար: Հավատացեք՝ ահռելի գումարների մասին է խոսքը»,- գրել է նա:
Սոսէն շնորհակալություն է հայտնել Առաջին ալիքի նախկին ղեկավարությանը՝ նախագծին սատարելու համար.«Օգնեցին, որպեսզի ստեղծվի ու երկար կյանք ունենա այս հաղորդումը: Ես շնորհակալ եմ, որ եղա այս հաղորդման առաջին լրագրողը, ապա՝ վերջին խմբագիրը... Շնորհակալ եմ մեր հաղորդման հերոսներին ու իրենց ընտանիքներին, որ թույլ տվեցին օգնել իրենց ու դրանով մեզ պիտանի ու լավը զգալ... Կփորձեմ հավատալ, որ մեր հաղորդման կարիքն իսկապես այլեւ չկա»:
«Եթե բոլորը» բարեգործական հիմնադրամի տնօրեն Լիլիթ Մուրադյանը, ով ամուսնու՝ Վահե Խանամիրյանի հետ վարում էր համանուն հաղորդաշարը, եւս հրաժեշտի խոսքեր է գրել:
«Ուրախ հրաժեշտ չի լինում, այո՝ ես հուզված եմ, ինձ միայն մնում է ասել՝ շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով գոնե մեկ անգամ ուղարկել է հաղորդագրություն 7000 համարին, շնորհակալ եմ այն հերոս մայրերին, ովքեր չեն վախեցել իրենց վիշտը կիսել մեզ հետ, շնորհակալ եմ, որ մեզ հնարավորություն ընձեռվեց բացահայտել մեկ այլ աշխարհ, որտեղ բախվում ենք զուգահեռ իրականությանը։ Ես սովորեցի ապրել այդ իրականության մեջ, որտեղ միակ երջանկությունն առողջությունն է...
Վստահ եմ, որ մեր առողջապահական համակարգն այնքան կզարգանա, որ մեր կարիքն այլեւս չի լինի, իսկ մինչ այդ հիշեք՝ մեր արարքները կաթիլ են, բայց ծովը բաղկացած է կաթիլներից»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է հաղորդավարուհին եւ նշել՝ ուրախ է, որ նախագիծը կարողացավ դառնալ կամուրջ օգնողի եւ օգնության կարիք ունեցողի միջեւ։
BRAVO.am
Լուսանկարը՝ Առաջին ալիքի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: